ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՈՒ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը փաստացի արդեն ութ օր է, ինչ Հայաստանից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել: Ինչպես հայտնի է՝ նա օգոստոսի 10-ին մեկնեց Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով, իսկ այնտեղից էլ մեկնեց Բրազիլիա: Նախագահական կայքի եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի տարածած լուսանկարներից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը Ռիոյում լավ ժամանակ է անցկացնում, մարզիկների հետ լուսանկարվում է, նրանց ելույթներին անմիջական դահլիճից հետեւում եւ այսպես շարունակ: Մի խոսքով, կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը ակտիվ արձակուրդ է անցկացնում: Բայց ողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարն է եւ պարտավոր է հաշվետու լինել հասարակությանը: Սակայն այդպես էլ պաշտոնապես որեւէ տեղեկություն չի հաղորդվել Սերժ Սարգսյանի այցերի մասին:
Մինչդեռ լավ կլիներ, որ նա չզլանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքների մասին Հայաստանի հանրությանը որոշակի տեղեկություն տրամադրեր: Բայց նման բան չարվեց: Սերժ Սարգսյանը Ռիոյում վայելում էր հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի կողմից ոսկե մեդալի նվաճման բերկրանքը:

 

 
ՀՀ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, թե ինչպես է ստացվում, որ իրավապահների հաղորդագրություններում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ահաբեկիչ են որակում, բայց ահաբեկչություն իրականացնելու մեղադրանք նրանց չառաջադրվեց: Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց, որ նախ չի հետեւում իրադարձությունների զարգացմանը. «Չգիտեմ, չեմ կարող ասել, ուղղակի կարող եմ միայն ժպտալ»: ՀՔԾ նախկին պետը, սակայն, մասնագիտական մեկ այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց՝ մարդկանց տարիներով անհիմն մեղադրելու եւ կալանքի տակ պահելու երեւույթի: «Չի կարող միայն մեկ, երկու տարվա ընթացքում 200-ից ավելի արդարացման դատավճիռներ լինել, ես դա չեմ հասկանում: Այսինքն՝ 200 մարդ ապօրինի մեղադրվել ու արդարացվել է, ո՞վ է պատասխան տալու, ովքեր են հաստատել մեղադրական եզրակացությունը, ովքեր են նախաքննությունը իրականացրել, ոնց է եղել, մարդուն բերում, ապօրինի դատի են տալիս»,- ասաց Միրզոյանը:

 

 
Արդեն բավական երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն: Նախօրեին Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի կողմից օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո Գագիկ Ծառուկյանին վերադարձնելու մասին լուրերն էլ ավելի ակտիվացան: «Ժողովուրդ»-ը Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից փորձեց պարզել, թե ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձը քաղաքականություն որքանով է հավանական: «Առիթ ունեցել եմ նմանատիպ լուրերին ի պատասխան ասելու, որ Գագիկ Ծառուկյանը զբաղված է օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության կազմակերպման ու համակարգման աշխատանքներով եւ ուրիշ հարցերի մասին անգամ չի էլ մտածում: Այս պահին եւս մեկ անգամ վերահաստատում եմ արդեն իսկ ասվածը: Իսկ ենթադրյալ իրադարձություններ կամ կանխատեսվող գործողություններ սկզբունքորեն չեմ մեկնաբանում»:

 

 
Որքան ավելի է մոտենում Անկախության 25-րդ տարեդարձը, Հայաստանի դատապարտյալների շրջանում այնքան ավելի են ակտիվանում այն լուրերը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են համաներում հայտարարել: Նշենք, որ նման տարեդարձների առիթով սովորաբար համաներում հայտարարվում է, սակայն այդ հանգամանքը դեռեւս չի նշանակում, որ այս անգամ էլ անպայման այդպես կլինի: Մեր տեղեկություններով, սակայն, համաներման մասով նախագահականում, այնուամենայնիվ, քննարկումներ տեղի են ունեցել: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե որքանով իրատեսական են համաներման վերաբերյալ լուրերը: Ի պատասխան՝ ՀՀ ԱՆ-ից հայտնեցին, որ խնդիրն իրենց գերատեսչության իրավասության շրջանակում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ ԱԺ-ն հանրապետության նախագահի առաջարկությամբ: Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու հնարավորության վերաբերյալ փորձեցին ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն:

 

 
ՉՇԱՀԱՐԿԵԼՈՎ
«Հողերը հանձնելու» մասին հայտարարությունները, թերեւս, նույնքան հին են, որքան ինքնին ղարաբաղյան բանակցային գործընթացը: Այդ մասին քաղաքական ուժերը խոսել են եւ իշխանություններին «դավաճան» հայտարարել թե՛ 90-ականներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, թե՛ դրանից հետո՝ Ռոբերտ Քոչարանի պաշտոնավարման շրջանում: Ընդ որում, վերջինի դեպքում այդ մեղադրանքները հնչում էին նաեւ Հոկտեմբերի 27-ի համատեքստում՝ կապված Մեղրին հանձնելու «Գոբլի պլանի» իրագործման հետ: Ասվում էր, թե իբր Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել այդ ծրագրին, իսկ Քոչարյանը՝ կողմ, արդյունքում էլ կազմակերպվեց խորհրդարանական սպանդը, որպեսզի ծրագրի իրագործմանը խոչընդոտողները վերացվեն: Եւ ի՞նչ: Արդյո՞ք այդ պլանը իրագործվեց: Ո՛չ: Եւ հենց դա է նման պնդումների միակ հավատարժան եւ էական պատասխանը:
Վերջին 8 տարիներին՝ Ս. Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, «հողերը հանձնելու» շուրջ խոսակցությունների պակաս եւս չկա: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական կողմը կորցրեց 800 հա տարածք, երբ մեր զինված ուժերի գործողությունների հետ կապված տարբեր անհասկանալի պահեր եղան՝ չհարձակվելու, չկասեցնելու, այլ սպասելու ինչ-որ բանի… Եւ, որ ուշագրավ էր, Ս. Սարգսյանը խոստովանեց, որ 2011-ին պատրաստ է եղել ստորագրել Կազանյան հռչակագիրը, որի առաջին կետով 5 շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին:
Հուլիսին եղավ «Սասնա ծռերի» ընդվզումը, որը խորքում ունենալով հենց ազատագրված տարածքների խնդիրը, այնուհանդերձ, այդպես էլ այդ հարցը չդարձրեց իր առաջնային պահանջը, ինչը եւս խիստ ուշագրավ է: Օգոստոսի 1-ի իր ելույթում Ս. Սարգսյանը հայտարարեց, որ միակողմանի զիջումները բացառվում են, եւ որ ինքը պատրաստ է զոհել ցանկացած պաշտոն, անգամ կյանքը՝ հանուն ժողովրդի համար ընդունելի որոշման իրագործման:
Այս հայտարարությունը, սակայն, որեւէ կերպ չփոխեց այն քաղաքագետների եւ փորձագետների դիրքորոշումը, որոնք վստահ են՝ կարճ առաջիկայում Սերժ Սարգսյանը պատրաստվում է տարածքները հանձնել: Եվ հիմա, օրուգիշեր քաղաքագետների այդ խումբը ահազանգում է՝ տարածքները հանձնվելու են, եւ դա լինելու է ՀՀ-ի վերջը: Չկասկածելով այդ մարդկանց մտահոգությունների ազնվությանը, այնուհանդերձ, նկատենք, որ մի կողմից տագնապի զանգը հնչեցնելով, մյուս կողմից էլ նրանք, այնուհանդերձ, հանրության մեջ ավելացնում են դատապարտվածության զգացողությունը: Եթե, օրինակ, Ավետիք Իշխանյանն ասում է, որ հավաստի տեղեկություններ ունի, որ բոլոր ինստիտուտներին հրահանգվել է նախապատրաստել «հանձնման գործընթացը», նա ուղղակի պարտավոր է նշել, թե ով, երբ եւ ում է տվել նման հրահանգ,այլապես դա նման է «դավաճանության մասին իմանալ-չհայտնելուն», ինչն, ի դեպ, նույնպես քրեորեն պատժելի արարք է: Իսկ երբ հարգարժան իրավապաշտպանը լռում է, արդեն, ներողություն, այդ ամենից շահարկման հոտ է գալիս:




Լրահոս