Համամասնական ընտրակարգի գաղափարը արդարացված է. ԼՂՀ պատգամավորը`սահմանադրական փոփոխությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին հրապարակված Արցախի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է  ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանի հետ:

-Պարո՛ն Մելքումյան, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ԼՂՀ կիսանախագահական կառավարման համակարգից անցմանը նախագահական համակարգին:

-Ես հանգիստ եմ վերաբերվում այդ հանգամանքին եւ ամենեւին էլ զարմացած չեմ փաստից. պետական կառավարման համակարգն այն ոլորտներից է, որն անընդհատ կատարելագործման կարիք ունի: Իհարկե, իդեալական մոդել շատ դժվար է գտնել, բայց կարեւոր է, որ կառավարման համակարգի ընտրությունն անպայման հաշվի առնի տվյալ երկրի առանձնահատկությունները: Հաշվի առնելով Արցախի սահմանափակ ռեսուրսները՝ մեզ համար կառավարման համակարգի արդյունավետության ապահովումը կարեւոր նշանակություն ունի, ուստի ես կողմնակից եմ առաջարկվող մոդելին: Ինչպես ներկայացված է սահմանադրական բարեփոխումների հրապարակված հայեցակարգում, այն թույլ կտա խուսափել գործադիր իշխանության երկակի հսկողությունից ու գործառույթների կրկնությունից, ինչպես նաեւ նախագահ-խորհրդարան հարաբերություններում կգործեն հակակշիռների ավելի հստակ մեխանիզմներ, քան գործող համակարգն է երաշխավորում:

-Այժմ որքանո՞վ էր անհրաժեշտ հրապարակել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը:

-Կարելի է ասել, որ Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացի հենց սկզբից հանրային հետաքրքրությունը հիմնականում կապված էր ապագա կառավարման մոդելի եւ քաղաքական ուժերի դիրքորոշումների հետ: Մասնագիտական հանձնաժողովի կողմից թեեւ պարբերաբար հրապարակվում էին սահմանադրական գործընթացին առնչվող տեղեկություններ, անցկացվեցին նաեւ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումներ, սակայն, իմ կարծիքով, փաստաթղթի ամբողջական բովանդակությանը կարելի էր ծանոթանալ միայն այս եղանակով: Ուստի դրական եմ համարում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հրապարակելու մասնագիտական հանձնաժողովի որոշումը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ սահմանադրական փոփոխություններից հետո Բակո Սահակյանի պաշտոնավարությունը երկարաձգվելու է 3 տարով: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման հեռանկարը:

-Խիստ կասկածում եմ բերված տեղեկությունների հավաստիության վրա, բայց որ անցումային ինչ-որ ժամանակահատվածի կարիք կլինի, կարծում եմ՝ վիճարկելի չէ: Վստահ եմ` մասնագիտական հանձնաժողովը, որին հանձնարարված է աշխատել սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա, անցումային դրույթներում անպայման հաշվի կառնի սահմանադրական գործող կարգից նորին անցնելու խնդիրը, եւ հնարավոր կլինի խուսափել փակուղային կամ ցնցումային իրավիճակից:

-Ձեզ համար կա՞ն խնդրահարույց կետեր արդեն հրապարակված սահմանադրական հայեցակարգում:

-Քանի որ հայեցակարգը սահմանադրական բարեփոխումների տեսլականը ներկայացնող փաստաթուղթ է, դրանում ներառված հիմնադրույթներն ավելի լայն պարզաբանման կարիք ունեն: Երբ սահմանադրական բարեփոխումների նախագծում ավելի մանրամասն կշարադրվեն առաջարկվող փոփոխություններն ու դրանց իրականացման մեխանիզմները, այն ժամանակ ավելի հեշտ կլինի խոսել խնդրահարույց թեմաների մասին:

-Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, փաստորեն, փորձ է արվելու սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:

-Ինձ թվում է, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների համատեքստում, նկատի ունենալով խորհրդարանի դերի բարձրացումը, համամասնական ընտրակարգի գաղափարը արդարացված է: Համամասնական ընտրակարգը ենթադրում է նաեւ կուսակցությունների կայացվածության ու քաղաքական պատասխանատվության ավելի բարձր մակարդակ: Հուսով եմ, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունների ծրագրերն ու ընտրացուցակներն առավելագույնս կհամապատասխանեն պահանջվող չափորոշիչներին, եւ ժողովրդի ընտրությունը կկայանա լավի ու լավագույնի միջեւ:

զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս