ԱՎՏՈԲՈՒՍԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլի 25-ի ուշ երեկոյան Երեւանի Հալաբյան փողոցում հասարակական տրանսպորտի պայթյունը տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց՝ սկսած մասնագիտականից, վերջացրած քաղաքական վերլուծություններով: Սակայն մինչ օրս այդպես էլ հայտնի չդարձավ՝ ի վերջո, տեղի ունեցածը պատահականությո՞ւն է, թե՞ նախապես պլանավորված գործողություն:

2 զոհ, 8 վիրավոր
Նախ հիշեցնենք, որ նշված օրը 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունը ողբերգական հետեւանքներ թողեց. երկու ուղեւոր մահացավ, ութը, այդ թվում՝ վարորդը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքը կենցաղային հողի վրա տեղի ունեցած անախորժությունների հետեւանք էր:
Մահացածներից մեկի դին, որն անճանաչելի էր, պարզվեց՝ պայթյունի ենթադրյալ հեղինակինն է` Ռուբեն Բալյանինը: Իսկ ով է ահաբեկչի անուն ձեռք բերած Ռուբեն Բալյանը:
Վերջինս, ինչպես հայտնի է, գիտնական էր: Երկար տարիներ աշխատել է Երկրաբանության ինստիտուտում: Դեպքից հետո Բալյանի տարեց մայրը՝ Կլարա Ոսկանյանը, հայտնել էր, որ որդին հաճախ էր պայթուցիկներ պատրաստում: Սակայն այդ ինքնաշեն սարքերը երբեք գործի չի դրել:
Աֆրիկյանի պատճառո՞վ
Եւ, ահա, կատարվածից չորս ամիս անց որդեկորույս մայրը «Ժողովուրդ»-ին նոր հանգամանքներ ներկայացրեց: Կնոջ ներկայացրածի համաձայն՝ տարիներ առաջ, երբ որդին անազատության մեջ էր հայտնվել, քրեակատարողական հիմնարկում մտերիմ հարաբերություններ էր հաստատել այն ժամանակ «Նուբարաշեն» ՔԿՀ, այժմ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանի հետ:
Որոշ ժամանակ անց Ռուբեն Բալյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, եւ Արսեն Աֆրիկյանը նրան խոստացել է տասը հազար դոլարի դիմաց Գերմանիա տեղափոխել. «Ես այլեւս ոչ մի բանից չեմ վախենում, արդեն ամեն ինչ կորցրել եմ: Ու խնդիրը գումարները չեն, խնդիրը որդուս կյանքն է, որ խլեցին, նրան խելագարության հասցրին:
Աֆրիկյանը որդուս ասել էր, թե ես քո մեջքին կանգնած եմ, հանկարծ չմտածես: Ուղղակի դու պիտի կողքիս լինես, որ ես կարողանամ գործը արագ գլուխ բերել: Սկզբում տասը հազար դոլար ուզեց, հետո համաձայնեց մեկ երրորդով քիչ-քիչ մարելուն: Որդիս առաջին անգամ երեք հազար երեք հարյուրի փոխարեն երեք հազար չորս հարյուր դոլար տարավ, որովհետեւ նրան հարյուր դոլար շուտվանից պարտք էր: Աֆրիկյանն էլ զարմացած ասել էր՝ էն հարյուր դոլա՞րն էլ ես բերել: Տղաս պայմանական ազատ էր արձակվել, երկրից դուրս գալու իրավունք չուներ, բայց գնաց Ռուսաստան: Ու այնտեղ գտնվելու ողջ ընթացքում գումար էր ուղարկում, որ ես Աֆրիկյանի «նալոգները» տայի: Ու եթե հանկարծ մի կամ երկու օր ուշացնում էի, լացացնում էր ինձ, գալիս էր իմ տուն ու մնում այնքան, մինչեւ գտնեի, տայի էդ գումարը: Բոլոր չեկերը, թղթերը՝ որպես ապացույց, ունեմ:
Արսեն Աֆրիկյանը խոստացել էր մինչեւ 2015-ի հունվար լուծել որդուս՝ Գերմանիա գնալու հարցը, հետո ասաց, թե մինչեւ 2016-ի հունիս կկարգավորի, բայց… որդիս էլ չկա…»:
Քննիչները չեն լսում
Մեր զրուցակցի պատմելով՝ ինքը բազմիցս դիմել է պայթյունի գործով քննիչին ու հայտնել է Աֆրիկյանի հետ տեղի ունեցածի մասին՝ վստահեցնելով, թե որդուն իրականում ինքնասպանության են հասցրել կամ էլ, որ ավելի հավանական է, նրա թիրախը հենց Աֆրիկյանն է եղել: Սակայն վարույթն իրականացնող մարմինը սրան ընթացք չի տվել. «Ես հիմա պատրաստվում եմ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին դիմել, ի վերջո, երկար տարիներ նույն՝ ուսանողության շրջանում, նույն վայրում ենք սովորել: Ես կխնդրեմ նրան այս հանգամանքները գործում ներառել: Ի սկզբանե հայտարարեցին, թե որդիս իմ հետ ունեցած կենցաղային խնդիրների պատճառով պատրաստվում էր սպանել ինձ: Ինչպե՞ս էր նման վարկած առաջ քաշվում, եթե անգամ ինձ հետ չեն խոսել, որ հասկանան՝ ինչ հարաբերություններ ունեինք ես ու որդիս: Ես նրա կյանքի մասին ամեն բան իմացել եմ, նրա մտերիմ ընկերն եմ եղել: Ի՛նքն էր ինձ ասել, որ տունն իր անունով չգրանցեմ, որովհետեւ վստահ էր, որ ձեռքից կխլեն: Միեւնույն է՝ տունը վերջում իրենն էր լինելու: Ի՞նչ կենցաղային խնդիրներ են առաջ բերում, ես չեմ հասկանում: Նրանք ինձ առիթ են տալիս մտածելու, որ գործը ցանկանում են ծածկադմփոց անել»,- շարունակեց մեր զրուցակիցը:
4 ամիս տունը փակ է
Վերջինիս փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող իրենց առանձնատան դռները, որտեղ բնակվում էր որդին, երկար ժամանակ է՝ փակ են: Այնտեղ քննչական գործողություններ են կատարվում. «Արդեն չորս ամիս է՝ իմ տուն մտնել չեմ կարողանում: Շներ, կատուներ են մտել ներս, ավիրել են, ապակիները ջարդվել են: Չորս ամսում քննչական գործողությունները չավարտվեցի՞ն: Այդ գործողությունները Նոր Նորքի երկրորդ զանգվածի մեր նախկին տանը պետք է կատարեն: Այդ տունը վաճառելուց հետո այնտեղ շատ բան ենք թողել: Մեր պատշգամբում որդուս պատրաստած նյութերից շատ կան: Եթե իսկապես արդար քննություն է կատարվում, թող այնտեղ էլ կատարեն այդ գործողությունները: Մեր նախկին հարեւանուհի Ս-ն, ով 15 տարեկան երեխա ունի, որդուս կյանքը դժոխքի էր վերածել: Ես վստահ եմ, որ նրա ցուցմունքի հիման վրա են կենցաղային խնդիրները որպես պատճառ առաջ բերել: Հենց նա էր որդուցս բնակարանը փորձում ստանալ: Ի դեպ, նրա մոտ է որդուս հեռախոսը, որտեղ բազմաթիվ կարեւոր տվյալներ կան: Գիտեք՝ քանի անգամ եմ դիմել, որ այն վերադարձնի. քանի՞ անգամ եմ քննիչին ասել, որ անպայման հեռախոսազանգերի վերծանում անեն ու կհասկանան, թե որդիս որտեղ էր գնում՝ պայթուցիկը ձեռքին»,- վրդովված շարունակեց Կլարա Ոսկանյանը:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Ռուբեն Մկրտչյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ ընթացքում է գործը, եւ, ի վերջո, ինչ վարկած է այս պահին շրջանառվում՝ կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորյալ իրականացրած ահաբեկչություն:
Գործով քննիչը կարճ պատասխանեց, որ փորձաքննությունները ընթացքի մեջ են: Նախաքննությունը շարունակվում է: Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ մեր զրուցակիցը չհայտնեց:
Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Աֆրիկյանի հետ, քանի որ Կլարա Ոսկանյանը տեղի ունեցածում նրա մեղավորությունն է տեսնում:
Չի ճանաչում
Արսեն Աֆրիկյանը մեր հարցին ի պատասխան՝ նշեց. «Ես չեմ ճանաչում այդ մարդկանց՝ ո՛չ մորը, ո՛չ որդուն: Նրանց հետ որեւէ կապ չունեմ եւ չեմ ունեցել»:
Վերջում հարկ ենք համարում հիշեցնել, որ Արսեն Աֆրիկյանը նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնն է զբաղեցրել: 2010 թվականին հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ ՔԿՀ-ից փախուստի էին դիմել ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը:
Այս դեպքից հետո մեղադրանք էր առաջադրվել ՔԿՀ պետի տեղակալ, անվտանգության ապահովման գծով պատասխանատու, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանի եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Թամրազյանի նկատմամբ՝ պաշտոնական անփութություն դրսեւորելու հատկանիշներով:
Երկար ժամանակ համակարգում չաշխատելուց հետո՝ նախորդ տարվա դեկտեմբերին, Աֆրիկյանը կրկին վերադարձավ: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա վերադարձը կապված է իր որդու եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քրոջ ամուսնությամբ:
Հ.Գ. Ավտոբուսի պայթյունի նախաքննությունը դեռեւս շարունակվում է, թե ինչպիսին կլինեն արդյունքները, վաղ է ասել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԽԱՉԻԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Ինչպես գիտենք՝ 2014 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակել էր սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ շուրջ 11 անձի գործով դատավճիռը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս գործով գրեթե բոլոր դատապարտվածները ազատ են արձակվել, իսկ երկու հոգու ճակատագիրը դեռեւս անհայտ է:
Հիշեցնենք, որ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները մեղադրվում էին պաշտոնական դիրքը չարաշահելու եւ յուրացումներ կատարելու մեջ: Պետությանը հասցված վնասի չափը կազմում էր 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամ:
Վազգեն Խաչիկյանը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բացի այդ, բռնագրավվել էր նրա գույքը` մոտ 261 միլիոն դրամի չափով:
Մյուս ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գեւորգյանը, Վահագն Խաչատրյանը դատապարտվել էին 5,5-ական տարվա ազատազրկման՝ դարձյալ նույնքան գույքի բռնագրավմամբ:
Ամբաստանյալների մի մասն էլ դատապարտվել է 4-4,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշել էր նրանց նկատմամբ ազատազրկումը պայմանական չկիրառել՝ 1 տարի փորձաշրջան նշանակելով:
Եւ, ահա, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ այս գործով ազատազրկման դատապարտված անձանցից գրեթե մեծ մասը ազատության մեջ են, եւ այսօր միայն ազատազրկման մեջ են գտնվում սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը եւ եւս մեկ անձ: Նշենք, որ ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանի պատժի կրմանը մնացել է 8 տարի, իսկ գործով մյուս դատապարտյալներ Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին, Վիգեն Գեւորգյանին, Վահագն Խաչատրյանին պատժի կրմանը մնացել է 1 տարի, ուստի չի բացառվում, որ վերոնշյալ անձանց պայմանական վաղաժամկետ են ազատ արձակել:
Մեր այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական բաժնից, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ ընդամենը մեկ անձ է ազատ արձակվել, որի պատժի կրման ժամկետը լրացել էր, իսկ մյուս անձինք շարունակում են կրել իրենց պատիժը: Մինչդեռ մեր աղբյուրները պնդում են, որ բացի 2-ից՝ եւս երկու անձ ազատ է արձակվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽԱԽՏՎԵԼ Է 20 ԱՆԳԱՄ
Օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

 

 
ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏԱՑԵԼ է
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կհրապարակի «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի կալանքը փոփոխելու մասին որոշումը: Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողներին հայտնել է, որ Պավել Մանուկյանը դատարանում հայտարարել է, որ եթե անգամ իշխանությունները փորձեն արտաքսել իրեն, միեւնույն է` հետ կգա եւ կշարունակի պայքարը: Փաստաբանի փոխանցմամբ` նիստի ընթացքում Պավել Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան ցավազրկողներ ներարկելու համար ստիպված են եղել նիստը ընդհատել:




Լրահոս