2008Թ-ԻՆ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԸ ՎԱԽԻՑ ՓԱԽԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դիվանագիտական արխիվը բացահայտած «Վիկիլիքսի» շնորհիվ այսօր հնարավորություն ունենք ծանոթանալու Հայաստանում 2008թ. Մարտի 1-ից հետո իշխանությունների գործողություններին ամերիկացիների տված ծածուկ գնահատականներին: Սույն զեկուցագրով՝ հեղինակված այնժամ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի կողմից, պարզվում է, որ ԵԱՀԿ դիտորդները աննախադեպ ճնշումների են ենթարկվել իշխանությունների կողմից: Ամերիկյան դիվանագետներն էլ հստակորեն արձանագրել են, որ ՀՀ իշխանությունների, մասնավորապես` Սերժ Սարգսյանի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանել:

Փենինգտոնը հայտնում է, որ Հայաստանի իշխանությունները կանգ չեն առել նույնիսկ ԵԱՀԿ դիտորդների նկատմամբ ոտնձգությունների առաջ: Բրիտանական դեսպանատունը ծանուցել է ամերիկացիներին, որ դիտորդական առաքելության փոխնախագահ, բրիտանացի Փոլ Օ՚Գրեյդին անչափ վախեցած է եղել ԵԱՀԿ դիտորդների զեկույցի պատճառով իրենց հետ հնարավոր հաշվեհարդարից: Դիտորդն այնքան սարսափած է եղել, որ խնդրել է բրիտանական դեսպանությանն իրեն ժամանակից շուտ հեռացնել Հայաստանից, ինչն էլ իրականացվել է, եւ Օ՚Գրեյդին մեքենայով շտապ կարգով հասցրել են Վրաստանի բրիտանական դեսպանատուն: Օ՚Գրեյդին տեղեկացրել է, որ ինքը տասնամյակներով զբաղվել է ընտրությունների դիտորդությամբ, նույնիսկ եղել Անգոլայում ու նմանօրինակ այլ երկրներում, սակայն երբեւէ այդքան սաստիկ ճնշումներ չի զգացել, ինչպես Հայաստանում 2008թ.: Փենինգտոնը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեկ այլ ներկայացուցիչ իրենց հայտնել է, որ ՀՀ իշխանություններից մեկը մտերմաբար խորհուրդ է տվել միջանկյալ զեկույցը կազմել ավելի դրական լույսի ներքո: Ամերիկացի դիվանագետը ԵԱՀԿ դիտորդների դեմ ճնշումներից մեկն էլ համարում է նրանց` քրեական գործերում որպես վկա ներգրավվելու որոշումները, ինչը ԵԱՀԿ դիտորդական առաքելության չեզոքության կոպիտ խախտում է: Նույնիսկ պատվիրակության նախագահ Գերտ Արենսը ստիպված է եղել դիմել նախագահական` Վիգեն Սարգսյանին խնդրելով լուծել հարցը: Հատկանշական է, որ Փենինգտոնը տարբեր այլ դիտորդների է վկայակոչում, որոնց վրա իշխանությունները անուղղակի ճնշումներ են բանեցրել: Փաստորեն, 2008թ. փետրվարի 19-ից հետո Հայաստանում դիտորդներից մեկը այնքան է վախեցած եղել, որ կարելի է ասել՝ ճողոպրել է Հայաստանից` դառնալով «արդար ու ազնիվ» ընտրությունների զոհը:
Այդ օրերին ԱՄՆ դեսպանատունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ իրադարձությունների զարգացման մեջ չներգրավված տարբեր քաղաքացիներ են բերման ենթարկվել ԱԱԾ-ի կողմից` պարզելու համար հայտնի մի շարք ընդդիմադիրների գտնվելու տեղը: Այդպիսի օրինակներից է հեղինակը համարում անհայտ անձանց կողմից ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի օգնականի տուն ներխուժման եւ վերջինիս գաղտնի մի տեղ տանելու ու ժամերով հարցաքննելու պատմությունը: Դիվանագետը նկատում է, որ դժվար իրավիճակ է սպասվում նաեւ նրանց համար, ովքեր Մարտի 1-ին ականատես են եղել բաների, որոնք չպետք է տեսնեին: Փենինգտոնը հավելում է, որ դեսպանատունը քաղաքական ապաստանի բազմաթիվ դիմումներ է ստացել մարդկանցից, որոնք ենթարկվել են իրավապահների կողմից տարաբնույթ ճնշումների: Այդ շարքում ձերբակալված քաղաքական գործիչների հարազատներն են, Արցախյան պատերազմի վետերաններ եւ պարզապես հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներ:
ԱՄՆ դիվանագետը նաեւ անդրադառնում է քաղաքական սահմանափակումներին` շեշտելով, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրահավաքներ անելու ընդդիմության բոլոր դիմումները կոպտորեն մերժվել են: Փենինգտոնը հիշատակել է Քոչարյանի պնդումները, թե իբր արտակարգ դրության օրերին հանրահավաքներ չի կարելի թույլ տալ, քանզի միանգամից կմեկտեղվեն անկարգությունների բոլոր կազմակերպիչները եւ անպատկերացնելի է, թե ինչ զարգացումներ կհաջորդեն դրան: Հակադրվելով Քոչարյանի խոսքերի անկեղծությանը` դիվանագետը պատմում է, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրահավաքների համար դիմած ընդդիմադիրներին անձնապես սպառնացել են, այդ թվում Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին, նրա կնոջը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին եւ այլոց:
Ջոզեֆ Փենինգտոնը նաեւ հարկ է համարում ուշադրություն դարձնել իշխանությունների հակասական հայտարարություններին` կապված Լեւոն Տեր-Պետրոսյանի այնժամ հավանական թվացող ձերբակալության հետ: Հղում անելով այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու արդարադատության նախարար Գեւորդ Դանիելյանին` զեկուցագրի հեղինակը հավանական է համարում դեպքերի նման զարգացումը` միաժամանակ մեջբերելով Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Տեր-Պետրոսյանը չի ձերբակալվելու: Ամերիկացի դիվանագետը հակասական մեսիջներ է ստացել այս մեկնաբանություններից ու մտավախությունը փոխանցել ԱՄՆ կառավարությանը: Ավելին` Փենինգտոնը հատուկ կարեւորություն է տվել նաեւ պետական պահպանության ծառայության մասին օրենքում կատարված փոփոխություններին, որով պետության կողմից հատկացվող թիկնազորի գործունեության մեջ սահմանափակումներ էին մտցվելու: Դիվանագետը համոզված նշում է, որ փոփոխությունն ուղղված է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Նույնիսկ արդարադատության նախարարն է ամերիկացիների հետ մասնավոր զրույցում խոստովանել, որ օրենքում կատարված փոփոխություններն անմիջական կապ ունեն հետընտրական իրավիճակի հետ:
Զեկուցագիրն ավարտելով հատուկ մեկնաբանությամբ` ամերիկացի դիվանագետը փաստում է, որ արտակարգ դրության օրերին իշխանությունների ագրեսիվ հետապնդումները Տեր-Պետրոսյանի աջակիցների նկատմամբ ուղղակիորեն սասանում են Սերժ Սարգսյանի` համերաշխության մասին հրապարակային հայտարարությունները: Ըստ նրա` ինչպես դեպքերն են ապացուցում, ընդդիմադիրների ու նրանց մտերիմների նկատմամբ իշխանությունների համատարած հետապնդումներն ավելի են ուժգնանում. «Մինչ մենք հրապարակավ եւ մասնավորաբար խրախուսում ենք վստահության կառուցման միջոցառումները, արդեն այժմ սկսել ենք կասկածի ենթարկել իշխանությունների խոսքի ու գործի ակնհայտ անհամապատասխանությունը»:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
88-ի աղետալի երկրաշարժից հետո Վանաձորում մինչ այս պահը առկա է 84 3-րդ կարգի վթարային շենք, որոնց վթարայնության այդ աստիճանը տրվել է դեռեւս 2004թ-ին: 12 տարվա ընթացքում սեյսմակայությունը փաստող որեւէ նոր ուսումնասիրություն չի կատարվել: 12 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը չի էլ փորձում անգամ նոր ուսումնասիրություն իրականացնել, քանի որ միանշանակ է՝ շենքերի գոնե կեսը կճանաչվեն 4-րդ կարգի վթարային շինություններ, այսինքն՝ քանդման ենթակա:
Տեղեկացնենք, որ վթարային շենքերում այսօր բնակվում է 2080 բնակիչ՝ 8193 քաղաքացի: Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ համայնքն ու ավագանին ամեն տարի ուղերձով դիմում են կառավարություն՝ շենքերը նորոգելու համար. «Կառավարությունից պատասխանում են, որ առաջիկա ծրագրերում նշված հարցը ընդգրկված չէ»: Ըստ Պապանյանի՝ համայնքի բյուջեով անգամ մեկ շենք հնարավոր չէ ամրացնել, ինչ մնաց թե մի քանիսը:
Վթարային շենքերում ապրող բնակիչները ահուսարսափով են իրենց օրն անցկացնում տներում: Գոյություն չունեցող տանիք, կիսաքանդ սանդուղքներ, որն էլ պատճառ է դառնում, որ ամեն օր մի քար ցած ընկնի: Երկրաշարժի անգամ թեթեւ ցնցման ժամանակ շենքերի բնակիչներն անմիջապես դուրս են փախչում տներից:
Թե երբ կլուծվի բազմաբնակարան շենքերի ամրացման խնդիրը, ո՛չ քաղաքապետարանում գիտեն, ո՛չ մարզպետարանում, բոլորը միայն փաստն են արձանագրում՝ շենքերի վիճակը գնալով վատանում է, ու այնտեղ բնակվելը դառնում է ճակատագրական:
Սակայն ՀՀ գործադիր մարմինը չի շտապում ոչ միայն նորոգման համար քայլեր ձեռնարկել, այլեւ գոնե սեյսմակայունության նոր աստիճանով գնահատել:
Բնակիչներից շատերը վստահ են, որ նոր ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ կգան շենքեր, որոնք միանշանակ կճանաչվեն քանդման ենթակա, իսկ պետությանը անելու ոչինչ չի մնա, քան քանդել շենքերն ու բնակիչներին ապահովել բնակտարածքով, իսկ բնակտարածքն այս դեպքում ընդամենը հանրակացարանային սենյակներն են, որտեղ սակայն շենքերի բնակիչները միանշանակ համաձայն չեն տեղափոխվել:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ աղետի հետեւանքները Հայաստանի երրորդ քաղաքում այսքանով չեն ավարտվում: Վանաձորում եւս, ինչպես Շիրակի մարզի շատ բնակավայրերում, դեռեւս կան տնակներում բնակվողներ, ժամանակավոր փայտաշեն կացարան ունեցողներ, որոնց լիարժեք բնակարան ունենալու երազանքը դեռ մնում է անհասանելի:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Տավուշ գետի ձախ ափին գտնվող Այգեպար գյուղը հիմնվել է 1930-ականների վերջին՝ ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի բազայի վրա: Գյուղը բնակեցվել է շրջակա գյուղերի բնակիչների տեղափոխմամբ ու մշտական հաստատմամբ: 1960-ականներից, երբ կառուցվում են գինու եւ պահածոների գործարանները, բնակչությունը սկսել է ավելանալ: Այս պահին Այգեպարի ընդհանուր բնակչությունը կազմում է 653 մարդ:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Այգեպարի ղեկավար Անդրանիկ Այդինյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է բնակչության թվի պակասի պատճառը եւ ի՞նչ հիմնարար խնդիրներ են նպաստել դրան:
-Պարո՛ն Այդինյան, ո՞րն է այսօր Ձեր գյուղի հիմնական ու առաջնային խնդիրը:
-Խաղաղությունը:
-Անձամբ Դուք ի՞նչ եք անում գյուղում առկա խնդիրների լուծման համար: Այնպիսի տպավորություն է, որ համայնքի ղեկավարները հարմարվել են իրավիճակին ու առաջընթացի համար ոչինչ չեն պահանջում գործադիր մարմնից
-Դիմել եմ տարբեր կազմակերպությունների, հանրապետության նախագահին: Խնդրել եմ դպրոցի վերանորոգում, մի ամիս հետո կազմակերպել են:
-Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Ձեր համայնք վերջին անգամ ե՞րբ է եկել եւ ի՞նչ հարցով:
-Ինքը համարյա միշտ էլ գալիս է՝ իմանալու համար՝ ինչ կա, ոնց են ժողովուրդը:
-Ձեր համայնքի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարինե Մարաբյանը ե՞րբ է վերջին անգամ համայնք եկել եւ ի՞նչ հարցով:
-Չեմ հիշում՝ երբ է եկել, բայց ինչ հարցով որ դիմել ենք, ոչ մի խնդիր չի եղել:
-Կառավարությունից՝ վարչապետ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ո՞վ է երբեւէ գյուղ այցելել, ի՞նչ հարց է լուծել:
-Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է եկել: Խոստացել էր հրշեջ մեքենա տրամադրել գյուղին, ուղարկել է: Համարյա ինչ խոստացել, արել են:
-Գյուղում իշխանություններին ո՞նց են վերաբերվում մարդիկ: Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ո՞ր ուժը կհաղթի գյուղում Ձեր կարծիքով եւ ինչո՞ւ:
-Ճիշտն ասած, գյուղում էնքան աշխատում, չարչարվում են, մութն ընկնում է, հանգիստ քնում են ժողովուրդը: Իրենց համար լավ լինի, նորմալ լինի: Ճիշտն ասած՝ իշխանությունն այնքան էլ հետաքրքիր չի:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս