«ՈՉ ՈՔԻ ՉԵՄ ԹՈՂՆՈՒՄ ԻՄ ՈՏՔԻ ՏԱԿԸ ՓՈՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մենք միասին կբացահայտենք արդեն ճանաչված անձանց բնավորության ինքնատիպ գծերը, կծանոթանանք նրանց կյանքի` քչերին հայտնի դրվագներին, նրանց վախերին, սպասումներին ու երազանքներին: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան, հումորիստ, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն է:

-Գրիգո՛ր, ամենալավ հումորը ծնվում է, երբ…
-Երբ լուրջ գործ ես անում, այսինքն` երբ լուրջ ես վերաբերվում դրան: Առհասարակ, մեր մասնագիտությունը պահանջում է մաքսիմալ աշխատասիրություն:
-Հաջողված է այն հումորը, որը…
-Որը կարողանում է ծիծաղ հարուցել տարիքային տարբեր խմբերի անձանց շրջանում, այսինքն` այն հումորը, որը կընկալվի ե՛ւ երեխայի, ե՛ւ նրա պապիկի կողմից:
-Ձեր ասպարեզի ամենամտահոգիչ խնդիրը:
-Սցենարիստների պակասը: Հատկապես լավ, հետաքրքիր, ժամանակին համընթաց հումորներ մատուցող սցենարիստների սակավություն է նկատվում:
-Եղե՞լ են պահեր, երբ մտածել եք ոլորտը թողնելու մասին:
-Իհարկե, լինում են նման դեպրեսիոն պահեր, երբ ուզում ես ամեն ինչից կտրվել ու թողնել ամեն բան: Բայց հիմա տրամադրվածությունս այսպիսին է` փորձում եմ լավ աշխատել ու շատ աշխատել:
-Ձեր ամենասիրելի մուլտֆիլմը:
-Մուլտֆիլմեր շատ եմ դիտել մանուկ հասակում ու մինչեւ հիմա էլ շարունակում եմ դիտել, արդեն որդուս հետ: Կարծում եմ, որ դրանք զարգացնում են մարդու երեւակայությունը, եւ, մասնավորապես, իմ աշխատանքի պարագայում մուլտֆիլմերը կարող են բավական օգտակար լինել: Սիրում եմ, օրինակ, Դիսնեյի բոլոր մուլտերը, ինչպես նաեւ ժամանակակից մուլտֆիլմեր:
-Անգամ ծերության տարիներին չեք պատրաստվում հրաժարվել…
-Մուլտֆիլմ դիտելուց (ծիծաղում է):
-Մարդկանց բացահայտելու Ձեր լավագույն տարբերակը:
-Ես միշտ հիմնվում եմ մարդկանց կատարած գործի վրա: Դրանից պարզ է դառնում ամեն բան:
-Ձեր քայլերը, երբ Ձեզ վրա անտեղի զայրանում են:
-Իմ վերաբերմունքն այդ պարագայում տարբեր ձեւերով կարող է արտահայտվել: Ամեն բան կախված է նրանից, թե ով է զայրացողը: Եթե վերջինս ինձ հարազատ մարդ է, լռում եմ, եթե ոչ, պոռթկում եմ ունենում:
-Հոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը:
-Միանշանակ, ընտանիքի գրկում ժամանակ անցկացնելը, թեկուզ` միասին հանգստի մեկնելը: Վերջին անգամ մենք եղանք, օրինակ, Սյունիքի մարզում, այցելեցինք Տաթեւի վանք:
-Երբեք ժամանակ ու գումար չեք վատնի…
-Սա մի քիչ հարաբերական հարց է: Օրինակ` խաղատներ այցելելու համար այդ ռեսուրսները չեմ ծախսի: Բայց եթե, ասենք, հաջողվի լինել Լաս Վեգասի խաղատներից մեկում, հաճույքով կծախսեմ, եթե նույնիսկ որոշակի գումար տանուլ տամ, չեմ ափսոսա: Այնպես որ, այս դեպքում թելադրողն իրավիճակն է:
-Ձեր քայլերը, երբ հայտնվում եք անելանելի վիճակում:
-Ելք եմ փնտրում` միեւնույն ժամանակ դիմելով Աստծուն: Ես հավատում եմ, որ վերերկրյա ուժերը կարող են ինձ օգնության հասնել, բայց միայն այն դեպքում, երբ ինքս կգործեմ:
-Երբ փորձում են Ձեր դեմ դավեր նյութել…
-Ես ոչ ոքի չեմ թողնում, այսպես ասած, իմ ոտքի տակը փորել. ոտքերիս տակի հողը բավական ամուր է, փորելու բան էլ չկա: Բացի այդ` կարծում եմ` վատ մարդկանց «տակն են փորում», իսկ ես էությամբ այնպիսի մարդ եմ, որ փորձում եմ բոլորի հետ լավ հարաբերություններ հաստատել, եթե հնարավոր է` ինչ-որ կերպ օգտակար լինել:
-Դարի ամենամեծ խնդիրը:
-Տարատեսակ հիվանդությունների գլուխ բարձրացնելը: Վերջին հարյուրամյակում մարդիկ այնքան մեծ վնաս են հասցրել բնությանը, որ հաճախ զգում են նրա ապտակը` նաեւ հիվանդությունների տեսքով:
-Ձեր թուլությունը:
-Թուլություն ունեմ աղջիկ երեխաների նկատմամբ: Երազում եմ դուստր ունենալ: Այդ ժամանակ թուլությունս, իսկապես, ակնհայտ կդառնա (ծիծաղում է):
-Կյանքի այս փուլում առաջ եկած Ձեր վախերն ինչի՞ հետ են կապված:
-Հարազատ մարդկանց կորցնելու:
-Ե՞րբ եք երկրորդ անգամ ծնվել:
-Երբ ընտանիք եմ կազմել: Իմ ամուսնության օրը:
-Ընտանիքը կայուն է, երբ…
-Երբ սեր կա: Ընդ որում, միշտ պետք է կողակցին ասել դրա մասին, քանի որ խոսքը յուրահատուկ ուժ ունի: Բնականաբար, այդ սերը պետք է դրսեւորվի նաեւ ամուսինների գործերում:

 

 

 

 
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԸ` ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏԻՆ

Օրերս հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կամարների ներքո առեւտրի եւ սպասարկման կետի` կրպակի բացման առնչությամբ: Ի պատասխան դժգոհությունների` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունից տեղեկացրին, որ նշված տարածքը պատկանում է Հայաստանի ազգային պատկերասրահին, եւ տվյալ առեւտրային գործունեությունը իրականացվում է վերջիններիս թույլտվությամբ:

Այս պատճառաբանությունը քաղաքացիների մի ստվար զանգվածի ոչ մի կերպ չբավարարեց: «Ժողովուրդ»-ին, սակայն, հետաքրքրեց մեկ այլ հանգամանք եւս: Նույն թանգարանի պատին` առեւտրային կետի հարեւանությամբ, կարելի է տեսնել «Ռոսգոսստրախ»-ի գովազդային հսկա վահանակը: Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք` արդյոք այս պարագայում չի խախտվել Երեւան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչներից մեկը, ըստ որի՝ գովազդ տեղադրել չի թույլատրվում թանգարաններում, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա եւ դրանց տարածքում:
Մեր հարցմանն ի պատասխան` աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունից տեղեկացրին, որ Հայաստանի պատմության թանգարանի ձախակողմյան ճակատային մասում գտնվող խորշերի մեջ նախատեսված է տեղադրել միայն Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի պատմության թանգարանի կողմից իրականացվող ցուցահանդեսների մասին հանրությանը իրազեկող տեղեկատվություն:
Նշվում է նաեւ, որ Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները արտերկրյա ցուցասրահներում ներկայացնելու համար ֆինանսական աջակցություն է իրականացնում «Ռոսգոսստրախ» կազմակերպությունը: «Կազմակերպության հովանավորչական աջակցության մասին հանրությանը իրազեկելու նպատակով նախատեսված էր փոքր չափերի մեջ տրամադրել տեղեկատվություն եւ չպետք է հանդիսանար դոմինանտ կից տեղեկատվություններին: Ընդունելի չափերի արտառոց խախտման պատճառով տեղեկացվել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրինությանը տեղադրված «Ռոսգոսստրախ» գովազդային վահանակը ապամոնտաժելու անհրաժեշտության մասին»,-ասված է պատասխանում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Նախօրեին կյանքից հեռացավ տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը: Վերջին տարիներին նա բուժում էր ստանում Միացյալ Նահանգներում` պայքարելով արյան սուր լեյկոզի դեմ:
Վարդանը երիտասարդ տարիքում հասցրել է մեծ ներդրում ունենալ Հայաստանի մեդիա ոլորտում, հաջողություններ է գրանցել նաեւ ռուսական կինոարտադրությունում:
Օգոստոսի 26-ին նա կդառնար 34 տարեկան: «Ժողովուրդ»-ը ցավակցում է Վարդանի հարազատներին եւ ընկերներին:

 

 

ՆՎԻՐՎՈՒՄ Է 90-ԱՄՅԱԿԻՆ
Օգոստոսի 22-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Գույն, ձեւ, ճարտարապետություն» խորագրով ցուցահանդեսը` նվիրված նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրի 90-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 30-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին, Բաքվում: Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում եւ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1991 թվականին իր ստեղծագործական ժառանգությունը` ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։ Հեղինակն է Մատենադարանի խճանկարի եւ որմնանկարների:
Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ Վանիկ Խաչատրյանը 2011 թվականին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:
 

 

ԿԲԱՑՎԻ «ՇԱՐԱԿԱՆ»-Ը
Սեպտեմբերի 14-ից 16-ը առաջին անգամ Տաթեւի վանական համալիրում կանցկացվի հայ հոգեւոր երաժշտությանը նվիրված «Շարական» փառատոնը։
«Music of Armenia»-ի տեղեկացմամբ՝ փառատոնի նպատակն է պահպանել եւ խթանել հայ հոգեւոր երաժշտության ժառանգությունը:
Նշենք, որ «Շարական»-ն ամենամյա փառատոն է, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնել հայ հոգեւոր երաժշտության կարեւորության գաղափարը եւ ազդեցությունն ընդհանրապես:
Փառատոնը հայ երաժիշտներին եւ հանդիսատեսին տրամադրելու է հարթակ՝ հոգեւոր հարուստ եւ բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին խորապես ծանոթանալու համար:




Լրահոս