Շուտով մեկնարկելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որտեղ կարեւորը, սակայն, Գյումրու ու Վանաձորի ավագանու ընտրություններն են: Այս երկու քաղաքները Հայաստանի ամենամեծ քաղաքներն են Երեւանից հետո, բացի այդ էլ՝ հենց դրանք են հիմնականում աչքի ընկնում հակաիշխանական տրամադրություններով, եւ ընտրությունների ժամանակ իշխանությունը հենց այս երկու քաղաքում է պարտություն կրում: Հիշենք թեկուզ վերջինը՝ սահմանադրական հանրաքվեն, որտեղ «այո»-ն պարտություն կրեց՝ չնայած, որ ներդրվեցին բոլոր ռեսուրսներն ու ջանքերը:
Ինչեւէ, Գյումրին ու Վանաձորը, որոնք, ինչպես նշեցինք, բավական խոշոր համայնքներ են, լավ հնարավորություն են ընդդիմության համար քաղաքական իշխանության նվաճման կամ բաշխման (ըստ ճաշակի) տեսանկյունից եւ կարող են բավական լուրջ հակազդեցություն ստեղծել կենտրոնական իշխանությանը: Այստեղ ընդդիմության հաղթանակը կնշանակի, այսպես կոչված, «համակարգի ծայրամասային բեւեռ», որն ինքնըստինքյան կարող է ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա:
Հավանաբար այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ իշխող ՀՀԿ-ն գնաց ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխության, որով Գյումրու եւ Վանաձորի քաղաքապետի ուղղակի ընտրության ինստիտուտը փոխարինվեց համամասնական ընտրական համակարգով, ըստ որի՝ նախ պետք է ընտրվեն ավագանու անդամներ, ովքեր էլ իրենց միջից ընտրելու են քաղաքապետ: Թեեւ կառուցվածքային այս փոփոխությունը հանրապետականների համար կարող է ինչ-որ գործիք հանդիսանալ մրցակցությունն իրենց օգտին ուղղորդելու առումով, սակայն սա այն հիմնական գործոնը չէ, որն ունակ է երաշխավորելու վերջնական հաղթանակ: Ամենաէականն այն է, որ ընդդիմությունն այստեղ չմիավորվի, ինչն էլ հնարավորություն կտա ավելի մեծացնելու իշխանության հաղթանակի շանսերը: Ու թեեւ ընտրություններին դեռ մի փոքր ժամանակ կա, սակայն այս պահի դրությամբ, ընդդիմությունը դեռեւս չի միավորվում, եւ հնարավոր է՝ այդ դաշտի սուբյեկտները հանդես գան առանձին-առանձին:
Օրինակ՝ Գյումրիում մասնակցելու են ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» ՀԱԿ, «Համախմբում», «Բարգավաճ Հայաստան» եւ նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունները: Չնայած ԳԱԼԱ-ն դեռեւս քննարկումներ է անցկացնում «Լուսավոր Հայաստանի» ու էլի մի քանի ուժերի հետ, սակայն արդեն պարզ է, որ մեկ միասնական ճակատ չի ձեւավորվելու: Եթե նույնիսկ ինչ-որ դաշինքներ էլ լինեն, միեւնույն է, ընդդիմության երկփեղկումն արդեն իսկ նշանակում է ընդդիմադիր էլեկտորատի մասնատում եւ ձայների փոշիացում: Այս պայմաններում ուժեղ վարչական, ֆինանսական ռեսուրսների տիրապետող ՀՀԿ-ի հետ մրցակցությունը դժվարանալու է, եւ նա կարող է հեշտությամբ պարտության մատնել ընդդիմությանը եւ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ունենալ դիրքավորման գերազանց հնարավորություն: Փաստորեն, ընդդիմությունն իր ամբիցիոզ կեցվածքով ու ոչ ստրատեգիական մոտեցմամբ կարող է տանուլ տալ այս պայքարը եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չկարողանալ ռեսուրսներով իրեն մեծապես գերազանցող իշխանությանը ուժեղ մրցակցություն հակադրել: Բացի այդ՝ եթե ընդդիմությունը վերջնականապես չհամախմբվի այստեղ, ապա տեղի կունենա ընդդիմադիր դաշտի ատոմիզացիա՝ փոշիացում, ընդ որում՝ հիշյալ դաշտի նկատմամբ հանրության վստահության փոշիացման զուգորդմամբ: Կրկին քաղաքական այդ ուժերը կկանգնեն մարգինալացման վտանգի տակ եւ չեն կարողանա արդյունավետ պայքար մղել իշխանության դեմ եւ հավակնել «այլընտրանքային իշխանության» կարգավիճակին:
Առանց այն էլ իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընդդիմության սուբյեկտներին բաժանելու, միմյանց հակադրելու եւ դեպի մարգինալ դաշտ տեղափոխելու համար: Ուրեմն, այս հանգամանքը հաշվի առնելով, նրանք պետք է կարողանան հստակ ու կենսունակ քաղաքական կուրս որդեգրել, այլապես նոր ստեղծված կուսակցություններն էլ, շատ չանցած, արժանանալու են ստաժավոր հների բախտին ու վերածվելու են «քաղաքական դինոզավրերի», որոնք երբեմն իրենց մասին հիշեցնել են տալիս այն ժամանակ, երբ դաշտում իրական խաղացողներ չեն լինում:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԵՆ
Օգոստոսի 4-ի առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել էր իր հորը՝ 1955թ.ծնված Արտաշես Սարիբեկի Աբգարյանին: Արտաշես Աբգարյանի աղջիկներից մեկը 32 տարեկան է, հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ Սարո Աբգարյանը մի քանի տարի առաջ հոգեկան առողջության հետազոտության է ենթարկվել: Սպանության հոդվածով հարուցված քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը: Տեղեկացանք, որ Սարո Աբգարյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ նա մեղսունա՞կ է, թե՞ ոչ: Փորձաքննությունը ստացիոնար է, Սարո Աբգարյանը տեղափոխվել է «Նորք» հոգեբուժական կենտրոն: Սովորաբար ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունը տեւում է մեկ ամսից մինչեւ մեկուկես ամիս: Սակայն ամառային արձակուրդների պատճառով փորձաքննության հանձնաժողովը կարող է ուշացումով նիստ ունենալ, հավանական է, որ փորձաքննության արդյունքներն ավելի ուշ ստացվեն: Նույն՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում հուլիսի 19-ից ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը, ով 2016թ. հունիսի 24-ին դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էր 17-ամյա Աստղիկ Հանիսյանին: Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից մինչեւ ապրիլի 10-ը եղել է Ադրբեջանի տարածքում, գերության մեջ:
ՈՉ ՄԻ ՀԵՏՔ ԱՆՀԵՏԱՑԱԾՆԵՐԻՑ
Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանն ասաց, որ Խ. Կարապետյանի մասին ոչ մի լուր չկա: Նրա որոնումներով այլեւս ոչ ոք չի զբաղվում, քանի որ տասնյակ օրեր ծեր մարդուն որոնել են, սակայն ապարդյուն: Օգոստոսի 8-ի երեկոյան Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղում բնակվում էր իր տղայի ընտանիքի հետ: Ս. Զաքարյանը գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող Տլուտ սարամասում պահում էր ընտանիքի անասունները: Գանձաքար համայնքի ղեկավար Շահեն Շահինյանն ասաց, որ օգոստոսի 25-ին գյուղապետարանը ավտոտրանսպորտ է տրամադրել, որով 30 գանձաքարցիներ մեկնել են Սեդա Զաքարյանին որոնելու: Գյուղապետի խոսքերով՝ կնոջ անհետանալուց հետո սկզբում 50 հոգով էին որոնում նրան, ապա գյուղապետն է 30 համագյուղացու հետ փնտրել: Կնոջ անհետացման հաջորդ օրը աղբյուրի մոտ գտնվել է նրա գոգնոցը, որի մեջ նրա քաղած ուրցն ու ավելուկն է եղել: Մինչ օրս, սակայն, Սեդա Զաքարյանի հետ կապված այլ հետք գտնել չի հաջողվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
«ԶԻԳԶԱԳ»-Ը ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է
Հայաստանում գործող էլեկտրոնիկայի խանութների սեփականատերերի համար սովորական է դարձել սպառողներին խաբելն ու մոլորեցնելը: Մասնավորապես՝ կենցաղային իրերի եւ էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող «Զիգզագ»-ի անպատասխանատու գործելաոճի հետեւանքով կարող է տուժել քաղաքացիների եւ կազմակերպությունների աշխատանքը: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ «Ժողովուրդ» օրաթերթի եւ Armlur.am-ի դեպքում:
Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր»-ի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած զարգացումների հետեւանքով հուլիսի 20-ին Երեւանի Խորենացի փողոցում բախում տեղի ունեցավ ավելի քան հարյուր ցուցարարների եւ ՊՊԾ գունդ տանող տարածքը արգելափակած ոստիկանության ուժերի միջեւ: Ոստիկանությունը արցունքաբեր գազի, վահանների եւ մահակների կիրառմամբ ցրում էր հավաքվածներին: Այդ ամենի արդյունքում տուժեցին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Armlur.am լրատվականը: Հենց այդ բախման եւ քաշքշուկի արդյունքում ոստիկանական վահանը Armlur.am-ի օպերատորի ձեռքի տեսախցիկին էր դիպչել, վնասել օպերատորի թեւն ու տեսախցիկի (մոդելը՝ Sony) էկրանը: Եւ քանի որ երկար տարիներ «Զիգզագ» ընկերությունը հանդիսանում է Sony-ի պաշտոնական ներկայացուցիչը եւ ունի լիազորված սերվիս կենտրոն, որոշվեց, որ կոտրված տեսախցիկի շլիֆը պատվիրի հենց «Զիգզագը»: Խանութի աշխատակիցները հանձն առան դա անել եւ հուլիսի 21-ին պատվիրեցին այն՝ գանձելով 43 հազար դրամ: Նկատենք, որ այդ պահեստամասն այլ ուղով պատվիրելու դեպքում պահանջվում էր քառակի պակաս գումար, սակայն նախընտրելով գործ ունենալ պաշտոնական ներկայացուցչի հետ՝ ակնկալվում էր համարժեք արդյունք: Սակայն պարզվեց՝ իզուր. պատվիրելուց երկու շաբաթ անց խանութից զանգահարեցին եւ տեղեկացրին, որ պատվիրել են տեսախցիկի մասը, սակայն տեղի է ունեցել սխալ, ինչի պատճառով պետք է նոր պատվեր կատարվի: Սակայն սա դեռ ամենը չէ. եւս երկու շաբաթ անց կրկին զանգահարեցին, սակայն այս անգամ արդեն ոչ թե սխալ պահեստամասի, այլ, առհասարակ, դրա բացակայության մասին հայտնեցին՝ ասելով, թե կարող ենք գնալ եւ տեսախցիկը ետ բերել, քանի որ իրենց մոտ չի ստացվել այն վերանորոգել: Իհարկե, պահեստամասի համար 4 անգամ ավել թանկ վճարված գումարը խանութը հետ է վերադարձրել, բայց, այնուամենայնիվ, խմբագրության աշխատանքը շուրջ 1 ամիս տուժել է:
Ս. Հ.