Այս տարվա յոթ ամիսների արդյունքներով պետական բյուջեն թերակատարվել է: Այս փաստը պարզվում է ՀՀ ֆինանսների նախարարության՝ նախօրեին հրապարակած հաշվետվությունից, որում, սակայն, պետական բյուջեի թերակատարման փաստը հմտորեն փորձել են քողարկել:
Այսպես՝ յոթ ամիսների կտրվածքով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 633 միլիարդ 400 միլիոն դրամ, ինչը 2 միլիարդ 200 միլիոն դրամով պակաս է, քան անցած տարվա հունվար-հուլիսի նույն ցուցանիշը: Սա այն դեպքում, երբ յոթ ամիսների կտրվածքով պետական բյուջեի ծախսերը, անցած տարվա համեմատ, աճել են 18 միլիարդ 700 մլն դրամով եւ կազմել են 717 միլիարդ 200 մլն դրամ: Եթե որեւէ ընտանիքում նման երեւույթ նկատվեր, ապա ընտանիքի գլուխը միջոցներ կձեռնարկեր՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, քանի որ վաստակածից ավել ծախսելը հանգեցնում է սնանկացման:
Պետության տարբերությունը կայանում է նրանում, որ այն կարող է իրեն բյուջեի պակասուրդ թույլ տալ, բայց պարտադիր նախապայմաններից մեկն այն է, որ եկամուտներն անցած շրջանի համեմատ անպայման պետք է աճեն` ապահովելով տնտեսության վերելքը: Հենց այս վերջին` պարտադիր պայմանը, որ Հայաստանում սկսել է պարբերաբար խախտվել:
Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության համեմատ եկամուտների անկումը պայմանավորված է «այլ եկամուտների եւ պաշտոնական դրամաշնորհների նվազմամբ»: Իրականում, սակայն, հարկեր եւ տուրքերը եւս նվազել են, ինչը հմտորեն փորձ է արվում թաքցնել:
Բանն այն է, որ անցած տարվա հուլիսի արդյունքներով Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել 91 միլիարդ 549 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Այս տարի նույն ամսին պետական բյուջեի եկամուտները հարկեր եւ տուրքերի գծով կազմել են 90 միլիարդ 106 միլիոն դրամ: Այսինքն՝ հարկեր եւ տուրքերը անցած տարվա հուլիսի համեմատ այս տարի 1 միլիարդ 440 միլիոն դրամով նվազել են:
Բայց քանի որ անցած տարվա հետ համեմատած յոթ ամիսների ընդհանուր հարկեր եւ տուրքերը, այնուամենայնիվ, 9,7 միլիարդով ավել են, պաշտոնական վիճակագիրները նշել են, թե իբր հարկեր եւ տուրքերի գծով եկամուտների աճ է արձանագրվել:
Այս տարվա յոթ ամիսների արդյունքներով հարկեր եւ տուրքերից ավելացված արժեքի հարկը կազմել է 210.2 մլրդ դրամ: Այս ցուցանիշը անցած տարվա ցուցանիշից պակաս է 8.5%-ով կամ 19.5 մլրդ դրամով: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ հուլիսի ընթացքում ԱԱՀ-ի գծով ստացվող եկամուտների նվազման դինամիկան շարունակվել է: Բանն այն է, որ նախորդ հաշվետու ժամանակահատվածում, հունիսի արդյունքներով, անցած տարվա հետ համեմատած ԱԱՀ-ի թերակատարումը կազմում էր 15,2 միլիարդ: Ի դեպ, հատկապես նվազել է մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ն` 18.5% ով կամ 20.4 մլրդ դրամով:
Սա նշանակում է, որ ներկրմամբ զբաղվող գործարարները իրենց հարկերը նավազեցնելու կոնկրետ տարբերակներ են սկսել կիրառել: Ըստ լուրերի՝ հայ գործարարները սկսել են իրենց ապրանքները եվրասիական տնտեսական միության տարածքով բերել Հայաստան, ինչի արդյունքում նրանք կարողանում են ավելի քիչ հարկ վճարել:
Շահութահարկի գծով պետական բյուջեի եկամուտները չնայած յոթ ամիսների կտրվածքով անցած տարվա համեմատ 11 միլիարդով ավել են եղել, սակայն մեկ ամսվա կտրվածքով շահութահարկի աճի դինամիկան նվազել է: Վեց ամիսների արդյունքներով շահութահարկի աճը անցած տարվա համեմատ եղել է 19,1 տոկոս, յոթ ամիսների արդյունքներով այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 16.6 տոկոսով:
Հարկերից անցած տարվա համեմատ կտրուկ նվազել են նաեւ մաքսատուրքերը: Այս տարվա յոթ ամիսներին պետական բյուջե մուտք եղած մաքսատուրքերը կազմել են 30.1 մլրդ դրամ, ինչը անցած տարվաից 6.1 մլրդ դրամով կամ 16,8 տոկոսով պակաս է:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ այն կանխատեսումները, թե այս տարվա հուլիսը Հայաստանի տնտեսության համար անբարենպաստ ամիս է եղել, հաստատվում է նույնիսկ պաշտոնական թվերով: Ստեղծված իրավիճակում, սակայն, առավել կարեւոր է, թե առաջիկա ամիսները տնտեսության համար ինչպիսին են լինելու: Գործարարները մասնավոր զրույցներում փաստում են, որ չկա որեւէ գործոն, որի շնորհիվ իրենք ապագայի հետ կապված կարող են դրական ակնկալիքներ ունենալ: Մասնավորապես, նրանք փաստում են, որ ներդրումները` հատկապես օտարերկրյա, այդպես էլ շարունակում են զրոյական մնալ:
Տեղացի գործարարները եւս շատ զգուշավոր են դարձել նոր ներդրումներ կատարելու հարցում` իրենց գումարները չվտանգելու մտայնությամբ: Ուստի նման պայմաններում բոլորը համոզված են, որ Հայաստանի տնտեսությունը չի կարողանա առաջընթաց ապահովել եւ ՀՀ գործող կառավարությունը լավագույն դեպքում կկարողանա ներկա վիճակը պահպանել` սրընթաց ավելացնելով Հայաստանի պետական պարտքը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ