ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՐՏՔԸ ՄԱՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Լայֆ» կայքի՝ երեկ հրապարակած նյութի համաձայն՝ «Երեւանի ՋԷԿ»-ը «Գազպրոմին» պարտք է 52,3 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ «Երեւան ՋԷԿ»-ի սեփականատերը ՀՀ կառավարությունն է: Ու եթե այդ ընկերությունը ռուսական «Գազպրոմին» պարտք է, նշանակում է, որ Հայաստանն է պարտք: Հիշեցնենք, որ 2013 թվականի աշնանից սկսած ՀՀ կառավարությունը մեկը մյուսի ետեւից հարյուրավոր միլիոն դոլարներ եւ համարժեք գույք հատկացրեց՝ իբր «Գազպրոմի» հանդեպ ունեցած 300 մլն դոլարի պարտքը մարելու համար: Հենց այդ պարտքը մարելու անվան տակ ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ իրեն պատկանող 20 տոկոսը տվեց ռուսական կողմին: Արդյունքում «Հայռուսգազարդը» անվանափոխվեց եւ դարձավ «Գազպրոմ-Արմենիա»: «Երեւան ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմին» պարտք լինելու մասին լուրը ուշագրավ է, որովհետեւ Հայաստանի հատկապես էներգետիկ ձեռնարկությունները Ռուսաստանին վաճառելու նախորդ գործարքները համանման ինչ-որ պարտքեր մարելու անվան տակ են իրականացվել: Արդյոք Հայաստանի իշխանություններն այս անգամ էլ հող են նախապատրաստում «Երեւան ՋԷԿ»-ը վաճառելու համար, ցույց կտա ժամանակը: «Ժողովուրդ»-ը «Գազպրոմ-Արմենիայից» փորձեց պարզել, թե ինչ պարտքի մասին է խոսքը, եւ ինչպես է այն գոյացել: Մեր հարցին ի պատասխան՝ «Գազպրոմ-Արմենիայի» հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Սարդարյանը պատասխանեց. «Հարցը առնչվում է երկու տնտեսավարող սուբյեկտների միջեւ կնքված պայմանագրից ծագած պարտավորությունների կատարմանը: «Երեւանի ՋԷԿ»-ը իր պարտավորությունների զգալի մասը կատարել է: Վճարային պարտավորությունների մնացած մասի մարման եղանակների շուրջ, իմ տեղեկություններով, ընթանում են համապատասխան քննարկումներ»:
Ամեն դեպքում այս իրավիճակը մեր երկրի համար տնտեսական իմաստով դրական տեղաշարժի մասին չի խոսում:

 

 

 
ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա հունիսի 24-ին հայտարարել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել: Հայաստան վերադառնալուց հետո մասնավոր զրույցներում եւ հատկապես ներկուսակցական շփումների ժամանակ նրա մտերիմները տեղի ունեցածին քաղաքական աստառ էին տալիս: Նրանք համոզված պնդում էին, որ հարձակումը Հայաստանից է պատվիրված եղել, ու որպես առաջին կասկածյալ նշվում էր Գագիկ Ծառուկյանի անունը, որին Աշոտյանը մականունով էր դիմում հարցազրույցների ժամանակ: Այլ կերպ ասած՝ Արմեն Աշոտյանը փորձում էր կուսակիցների շրջանում իբրեւ «քաղհալածյալ» ներկայանալ: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել եւ ցանկացել են նախկին նախարարին թալանել:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մեկ ամիս առաջ կանխատեսել էր, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են՝ ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները կյանքի չկոչելու եւ ընտրական ցուցակների կազմման նոր համակարգի ներդրումը թույլ չտալու համար: Ինչպես հայտնի է՝ ԸՕ փոփոխությամբ նախատեսվում էր ընտրական ցուցակներում ընդգրկել միայն նույնականացման քարտ ստացած ընտրողներին: Սակայն այս համակարգը պետք է գործեր, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը կլուծվեր անհրաժեշտ գումարի հայթայթման եւ սարքավորումներ ձեռք բերելու խնդիրը: Ի վերջո, գումարը գտնվեց, սակայն հետագայում ՀՀ իշխանությունները խնդիրը տապալելու այլ տարբերակ գտան` հայտարարելով, որ անհրաժեշտ համակարգը չորս ամսից շուտ հնարավոր չի լինի գործարկել, եւ իբր այդ ժամկետն էլ արդեն շատ ուշ կլինի: ՀՀ ԿԸՀ-ն երեկ ընդունված որոշմամբ պաշտոնապես արձանագրեց, որ նոր համակարգը չի ներդրվի` վկայակոչելով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գրությունը` տեխնիկական պատճառների մասին:

 

 

 
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացիկ տարվա յոթ ամիսների արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 633 միլիարդ 400 միլիոն դրամ, իսկ ծախսերը` 717 միլիարդ 200 մլն դրամ: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2 միլիարդ 200 միլիոն դրամի չափով, կամ նույնն է, թե 0.3 տոկոսով: Սա այն դեպքում, երբ Հայաստանի՝ այս տարվա պետական բյուջեի ծախսերն առանց այդ էլ անցած տարվանից զգալի ավել են: Ինչը նշանակում է, որ եթե այսպես շարունակվի, եւ պետական բյուջեի եկամուտները շարունակեն նվազել, ապա ի վերջո այնպես է ստացվելու, որ պակասուրդը նախատեսվածից ավելի մեծ է լինելու: Հիշեցնենք, որ պետական բյուջեի պակասուրդը ողջ տարվա կտրվածքով կազմելու է 193 միլիարդ 243 միլիոն դրամ:

 

 

 
«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՍԹԱՅԼ»
Գյումրիի առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է 10 կուսակցություն եւ 1 դաշինք՝ ընդհանուր թվով 422 թեկնածու: Մրցակցությունը ծավալվելու է հետեւյալ ուժերի միջեւ. ԳԱԼԱ՝ Վահան Խաչատրյանի, «Քաղաքացիական պայմանագիր»՝ Արթուր Համբարձումյանի, ԲՀԿ՝ Վարդեւան Գրիգորյանի, ՀՅԴ՝ Աշոտ Կուրղինյանի, «Ալյանս»՝ Արմեն Բադալյանի գլխավորությամբ, «Գյումրեցու ոգին»՝ Արմեն Ներսիսյանի, «Հայկական վերածնունդ»՝ Հովհաննես Մարգարյանի, ՀԱԿ՝ Եպրաքսիա Սիմոնյանի գլխավորությամբ, «Գործարար» կուսակցություն՝ Գեղամ Բաղդասարյանի եւ «Համախմբում»՝ Հովհաննես Ասոյանի գլխավորությամբ:
Գյումրու առաջկա ՏԻՄ ընտրությունների ամենաուշագրավ առաջադրումը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին սատարող ՀՀԿ-ՔԴՄ դաշինքինն է եւ ամենեւին ոչ այն պատճառով, որ այս դաշինքը ներկայացրել է սահմանված առավելագույն թվով՝ 99 հոգանոց ցուցակ: Ուշագրավն այստեղ այն է, որ իշխող Հանրապետական կուսակցության եւ ենթահանրապետական Խոսրով Հարությունյանի մարդ-կուսակցության՝ ՔԴՄ-ի միավորումը ներկայանում է «Բալասանյան» դաշինքի ներքո:
Սա իսկապես արտառոց, կարելի է ասել՝ ինքնախոստովանական քայլ է, որով Հանրապետականը հրապարակավ ընդունում է, որ «Հանրապետական» քաղաքական բրենդի ներքո հնարավոր չէ հաղթել: Իհարկե, Գումրիի դեպքում սա ամենեւին էլ նորություն չէր. այստեղ դեռ 2013-ին գյումրեցիներն իրենց քվեարկությամբ մատների համապատասխան կոմբինացիա ցույց տվեցին՝ Սերժ Սարգսյանի՝ «ինչքան ասես՝ խփենք»-ին ի պատասխան, ինչը կրկնվեց նաեւ անցած դեկտեմբերին՝ սահմանադրական հանրաքվեի ընթացքում: Եւ հիմա, փաստորեն, ՀՀԿ-ում վերջնականապես հասկացել են, որ Հանրապետական լինելը, առնվազն Գյումրիում, ոչ թե «հպարտություն է», ինչպես հայտարարում էր Սերժ Սարգսյանը, այլ լրջագույն խոչընդոտ հաղթանակի ճանապարհին: Բայց, դե, մի տեսակ անհարմար կստացվեր, եթե ՀՀԿ-ն իր կուսակցական ցուցակը կոչեր Բալասանյանի անունով, որն անգամ ՀՀԿ անդամ էլ չէ: /Ի դեպ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու էր ժամանակին մերժվել Բալասանյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումը/: Ահա, հենց այստեղ էլ պետք է եկել Խոսրով Հարությունյանի ՔԴՄ-ն, որն այդ անհարմարությունը մի տեսակ տարրալուծում է:
Մյուս կողմից էլ, իհարկե, Բալասանյանի համար էր խիստ անհարմար լինելու հանդես գալ այս անգամ էլ ՀՀԿ-ի անվան ներքո: Ի վերջո, այդ մարդու ճակատը հո գրատախտակ չէ, որ անընդհատ նոր անուններ գրվեն ու ջնջվեն: ՕԵԿ-ից հետո ԲՀԿ գրվեց նրա ճակատին, հիմա էլ ՀՀԿ-ՔԴՄ պիտի գրվեր… եւ Բալասանյան դաշինքը, թվում է, գտնված գաղափար է: Սակայն այդպես միայն թվում է: Ի վերջո, Գյումրիում բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են՝ սկսած իրական անուն-ազգանունից, ավարտած քաղաքականով: Եւ նման պարզունակ հնարքներով, ինչպես անվանափոխությունն է, ոչնչի հասնել հնարավոր չէ: Նախկին ՕԵԿ-ը՝ դրա լավագույն ապացույց:




Լրահոս