ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենաբարձր (18մ բարձրություն) ջրվեժի` գեղատեսիլ Շաքիի խնդիրը երկար տարիներ է, ինչ չի լուծվում: Բանն այն է, որ վերջին տարիներին ջրառեսուրսի մեջ հնարավոր էկոլոգիական թողքը չի ապահովում ջրվեժին անհրաժեշտ ջրի քանակությունը, եւ այն որպես այդպիսին չի գործում:
Ըստ բնապահպանների՝ ջրաղբյուրի ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ջրվեժն այսօր, կարելի է ասել, չկա: Նշենք, որ Շաքիի ջրերը օգտագործվում են թե՛ հիդրոէներգետիկ, թե՛ գյուղատնտեսական, թե՛ կենցաղային եւ այլ նպատակներով: Բացի դրանից, ջրվեժի տարածքը, որը նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ամբողջովին ցանկապատված է, ինչը բնապահպանների պնդմամբ՝ խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ջրվեժի ճակատագիրը տնօրինում է «Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ»-ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: «Շաքի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Շաքի գյուղի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Շաքի գետի վրա, դրա շահագործման ընթացքում Շաքիի ջրվեժը ցամաքում է. այս ՓՀԷԿ-ի ջրառը ազդում է ջրվեժի ջրատվության վրա: Տեղեկացնենք, որ Շաքիի ջրվեժը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն ՀՀ կառավարության 2008թ-ի օգոստոսի 14-ի 967-Ն որոշման:
Շաքիի ջրվեժի խնդրով մտահոգված է նաեւ «Civil Voice» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, որը ահազանգում է, որ բնապահպանության նախարարության անգործության հետեւանքով ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ջրվեժը չի պահպանվում: Ըստ կազմակերպության՝ «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շաքիի» ՓՀԵԿ-ի շահագործման հետեւանքով «Շաքի» ջրվեժ բնության հուշարձանն ուղղակի անհետանում է, իսկ Շաքի գետը` Շաքիի ջրվեժից մինչեւ գետաբերան վերածվել է ռիսկային ջրային մարմնի՝ ջրի էկոլոգիական հոսքը չպահպանվելու պատճառով, որն ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված հարավային գետավազանային կառավարման պլանում:
«Առնվազն տարօրինակ եւ անհասկանալի է այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը սկզբում թույլատրում է «Շաքի» ՓՀԷԿ-ի աշխատանքը՝ հաշվի չառնելով հետեւանքները, այնուհետեւ 2016 թվականին նախատեսում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում, ներառյալ՝ ջրառի ծավալ եւ ռեժիմ, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին: Առավել տարօրինակ է, որ միայն 2017 թվականին է նախատեսում ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիների (հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ) սահմանում»,-բարձրաձայնում է «Civil Voice»-ը՝ կոչ-պահանջ ուղղելով բնապահպանության նախարարությանը` օր առաջ ապահովել ջրվեժի բնականոն գոյությունը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ: Վերջինս «Civil Voice»-ի կողմից տարածված հաղորդագրությունը համարեց հերյուրանք: «Սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է: Քաղաքական պատվեր է, որն էլ անում են: Այժմ նախըտրական շրջան է, եւ ես պետք է նորից առաջադրվեմ որպես քաղաքապետի թեկնածու, եւ հիմա այդ հարցը բարձրացվում է անբարո կերպով, որպեսզի ինձ խոչընդոտեն: Ես այդ ՓՀԷԿ-ը երկար տարիներ առաջ գնել եմ պետությունից եւ դրա համար լուրջ գումարներ եմ վճարել: Բավականին լուրջ ներդրումներ ենք իրականացրել. կանաչապատել եմ, բարեկարգել: ՓՀԷԿ-ին բնապահպանության նախարարության կողմից տրված է որոշակի քանակության ջրի թողքի թույլտվություն: Ինչով էլ առաջնորդվում եմ: Ոչ մի օրենք չի խախտվում»,- պարզաբանեց Սիսիանի քաղաքապետ, «Շաքի» ՓՀԷԿ-ի սեփականատեր Աղասի Հակոբջանյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է «Civil Voice»-ի կողմից բարձրացված խնդիրը: Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը իր լիազորությունների սահմանում ուսումնասիրություններ է սկսել ընկերության ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման ուղղությամբ եւ գործող կարգին համապատասխան դիմել է ՀՀ կառավարություն` ստուգում իրականացնելու թույլտվության համար: Խախտումներ հայտնաբերելու եւ դրանք չշտկելու դեպքում ԲՆ-ն կկիրառի օրենքով սահմանված միջոցները` ընդհուպ մինչեւ ընկերության ջրօգտագործման թույլտվության հետ կանչելը եւ կդիմի լիազոր մարմնին` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիայից զրկելու առաջարկությամբ: Իսկ «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին ԲՆ-ի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը երկարացվել է 2015 թվականին` համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի, որով սահմանվում է, որ ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է՝ էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիայի ժամանակահատվածին համաձայն: Ջրօգտագործման երկարացման թույլտվությամբ հստակ սահմանված է էկոլոգիական թողքի չափը:
Գաղտնիք չէ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր տեսչությունների հետ բնապահպանական լուրջ խնդիրների ու խախտումների վերաբերյալ հիմնականում տեղեկանում է բնապահպանական կազմակերպությունների կամ նախաձեռնությունների կողմից բարձրաձայնելու, ինչպես նաեւ մամուլի հրապարակումների արդյունքում: Սա նշանակում է, որ բնապահպանության նախարարը՝ իր աշխատակազմով հանդերձ չի կատարում օրենքով իր վրա դրված գործառույթներն ու պարտավորությունները եւ լիարժեք չի տիրապետում իրավիճակին: Արդյունքում վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
12 ՕՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը նշեց, որ վարորդներին տալիս են 12 օր ժամանակ, որպեսզի մեքենայի դիմապակին համապատասխանեցնեն սահմանված չափանիշներին: «Բոլոր այն դիմապակիները, որոնք գունամշակված են, գործարանային չեն: Սեպտեմբերի 10-ից մենք սկսելու ենք արձանագրել նաեւ դա: Առաջին փուլով մենք վարչարարություն սկսեցինք թաղանթապատված դիմապակիներով մեքենաների վարորդների նկատմամբ: Երկրորդ փուլով վարչարարություն ենք սկսում գունամշակված դիմապակիներով տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ…»,-ամփոփեց Նորիկ Սարգսյանը: