Այսօր սկսվում է նոր ուսումնական տարին, սակայն ՀՀ որոշ գյուղերում դպրոցական զանգը չի հնչի դպրոց եւ առաջին դասարանի աշակերտ չունենալու պատճառով:
Ինչպես հայտնի է՝ դպրոցների հաճախելիության հարցում առաջատարը մնում են խոշոր քաղաքաներն ու մայրաքաղաք Երեւանը: Մինչդեռ տարեցտարի ավելանում է այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են:
«Ժողովուրդ»-ը փորձեց որոշ գյուղապետերից ճշտել, թե ինչպիսի պատկեր է ստեղծվել իրենց գյուղում, եւ այս տարի առաջին դասարանի քանի աշակերտ են ունենալու:
Պարզվեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Փոռ համայնքի դպրոցը փակվել է առաջին դասարանի աշակերտ չունենալու պատճառով: Իսկ ավելի բարձր տարիքի փոռեցի աշակերտները հաճախելու են հարեւան գյուղի դպրոց: Սյունիքի մարզի Շրվենանց համայնքում եւս այսօր դպրոցը փակված է, մինչդեռ տարիներ առաջ այն ունեցել է 400 աշակերտ: Արմավիրի մարզի Կողբավան համայնքն էլ մի քանի տարի է, ինչ դպրոց չունի: Նույն վիճակում է նաեւ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքը: Իսկ, ահա, Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է՝ ո՛չ աշակերտ ունի, ո՛չ էլ դպրոց:
ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղն այս տարի առաջին դասարանի 2 աշակերտ է ունենալու: Փոքր Սարիարի գյուղապետ Արայիկ Արշակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աշակերտների թվի նվազումը պայմանավորեց արտագաղթի աճով: «Դուք ինձանից լավ գիտեք պատճառը: Բնակիչ չունենք. 62 ընտանիքից այսօր գյուղում ապրում է 41-ը: Աշխատանք չկա, մարդիկ ստիպված են լինում հեռանալ գյուղից ու մեկնել Ռուսաստան կամ Երեւան, որտեղ էլ իրենց երեխաներին ուղարկում են ուսման»,- ցավով նշեց Արշակյանը:
Նույն մարզի Աղվորիկ գյուղը անցած տարի առաջին դասարանի աշակերտ չի ունեցել, իսկ այս տարի նրանք երկուսն են: «Մեր գյուղը դպրոց չունի, իսկ աշակերտների ընդհանուր թիվը 9 է: Ունենք 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 8-րդ դասարան: Այս տարի առաջին դասարանի աշակերտ ունենալու ենք, բայց շրջանավարտ՝ ոչ»,- տեղեկացրեց Աղվորիկի գյուղապետ Նար Ղարիբջանյանը: Վերջինիս խոսքերով, գյուղի բնակիչները հնարավորություն չունեն իրենց երեխաներին ուղարկել հարեւան գյուղերի դպրոցներ, քանի որ դա ծախսերի հետ է կապված: «Դրա համար ստիպված համայնքապետարանում մի սենյակ ենք անվարձահատույց հատկացրել՝ դասապրոցեսը չխախտելու համար»,- լրացրեց գյուղապետը: Նա նույնպես աշակերտների թվի նվազումը կապեց արտագաղթի աճի եւ երիտասարդ ընտանիքների՝ գյուղից քաղաք հեռանալու հետ:
Շիրակի մարզի 159 բնակիչ ունեցող Լեռնուտ գյուղում այս տարի առաջին դասարանի 1 աշակերտ է լինելու: Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց գյուղի դպրոցն ունի ընդամենը 5 աշակերտ: Սակայն լեռնուտցի աշակերտները, դպրոցը փակվելու դեպքում չեն կարող հաճախել հարեւան գյուղի դպրոց, քանի որ հեռու են. «Մեր գյուղը կտրված է մյուսներից, իսկ ձմռան ամիսներին ուղղակի անհնար կլինի աշակերտներին տեղափոխել այլ դպրոց»:
Սյունիքի մարզի Տավրուս գյուղում այս տարի առաջին դասարանի մեկ աշակերտ կլինի: Ընդհանուր թվով՝ դպրոցն ունի 6 աշակերտ: Սակայն գյուղում ակտիվորեն քննարկվում է դպրոցը փակելու հարցը: «Բայց քանի որ աշակերտներին հարեւան գյուղի դպրոց տեղափոխելու խնդիր կա, առայժմ դպրոցը չի փակվի: Եթե փակվի, ապա աշակերտներին հարմար կլինի դասի գնալ Վերին Խոտանան գյուղի դպրոց»,- «Ժողովուրդ»-ին փոխանցեց Տավրուսի գյուղապետ Սլավիկ Կարապետյանը:
Նկատենք, որ եթե արտագաղթը նման տեմպերով շարունակվի, ապա հաջորդ սեպտեմբերին կավելանա այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ