«Ժողովուրդ»-ը զրուցել է դերասան, բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, ամիսներ շարունակ գործազուրկի կարգավիճակում եք: Որեւէ պետական կառույցում չեք աշխատո՞ւմ:
-Ո՛չ, Օպերային թատրոնից դուրս գալուց հետո ոչ մի առաջարկ չեմ ստացել: Միայն պայմանագրային կարգով մի ներկայացում եմ բեմադրել Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այսքան բան:
-Գուցե պետական կառույցներից ինքներդ արդեն խուսափո՞ւմ եք` վախենալով թաթախվել այնպիսի գործընթացների մեջ, որոնք արվեստագետին հարիր չեն:
-Այդպիսի բան ինձ չի սպառնում, լինի պետական կառույցում, թե ոչ: Ամենաթանկ բանը, որ մինչ օրս վաստակել եմ, իմ բարի, ազնիվ անունն է: Ես անկախ եմ, ազատ եւ գիտեմ, որ կան չափանիշներ, որոնք երբեք չեմ խախտի: Մինչեւ հիմա որտեղ աշխատել եմ, դրանք եղել են պետական կառույցներ, բայց ես չեմ «աղտոտվել»: Ամեն բան կախված է մարդուց:
-Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ տեւական ժամանակ գործազուրկ եք: Ի՞նչն է պատճառը:
-Ես չեմ կարծում, որ այդ հարցն ինձ է պետք ուղղել: Ճիշտն ասած` վերջերս նույնիսկ սկսել եմ մտածել, որ գուցե շատ բարձր կարծիք ունեմ իմ մասին: Ո՞վ ասաց, որ այս կամ այն թատրոնը պետք է անպայման ինձանով հետաքրքրվի: Բացի Հակոբ Ղազանչյանից` ով թատրոնի դռները միշտ բաց է պահում իմ առաջ, ուրիշ կողմերից իմ անձի հանդեպ հետաքրքրություն բնավ չկա: Փոխարենը առաջարկներ ունեմ կինոյից, բայց 5-6 հրավեր մերժել եմ. այն հայերենը, որով գրված էին ֆիլմերի սցենարները, ինձ ծանոթ չէր, սյուժետային գծերը, որոնք ներկայացված էին, ուղղակի իմը չէին: Ուստի այդ նախագծերում ընդգրկվելու իմաստ չտեսա: Ունեմ առաջարկներ սերիալներից: Դրանց շրջանակում աշխատելը հեշտ է, քանի որ հեռուստաընկերությունների աշխատակիցներն ինձ հարգում են, իմ խոսքը լսում են: Եվ, ի վերջո, սերիալներում հանդես գալը գումար վաստակելու միջոց է:
-Պարո՛ն Ստեփանյան, Դուք այսօր թատրոններ այցելո՞ւմ եք:
-Հիմա սկսել եմ չայցելել:
-Ինչո՞ւ:
-Ընդհանուր մի հիասթափություն եմ զգում: Եթե ես սկսել եմ ինքս ինձ չհավատալ, էլ ինչո՞ւ, կոպիտ ասած, ուրիշին հավատամ: Նույնիսկ մտածում եմ հայ թատրոնին ընդմիշտ հրաժեշտ տալու մասին: Չեմ թաքցնում հիասթափությունս:
-Իսկ Ձեր այդ հիասթափությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Գիտեք, դժվար է մի գործի նվիրել 40 տարի, իսկ հետո գործատուից «լսել», որ դու պետք չես իրեն: Ես այսօր հայ թատրոնին պետք չեմ, ես զգում եմ… Ինձ դա չեն ասել, բայց ինձնով չեն էլ հետաքրքրվում: Ու դժվար թե որեւէ մեկը կողքիս կանգնի, չեմ էլ ուզում, որ կանգնի: Բա Վիգենի համար արժե՞ փոխհարաբերություններ փչացնել. իհարկե ոչ:
-Խորհրդային տարիներին հայ թատրոնը նախեւառաջ կառավարության կողմից արժանանում էր բարձր գնահատականի եւ ըստ արժանվույն ֆինանսավորվում էր: Հիմա, կարծես, թատրոնը` որպես կառույց, մեզ մոտ մի փոքր արժեզրկվել է…
-Մի փոքր չէ, լրջորեն է արժեզրկվել: Անգամ երկրի նախագահն է մտահոգություն հայտնել այն առնչությամբ, որ տարիներ շարունակ չեն բեմադրվում ներկայացումներ, որոնք կարժանանան պետական մրցանակի: Եվ նա իրավացի է: Գուցե իրո՞ք չկան նման ներկայացումներ:
-Իսկ արդյո՞ք բարձր արվեստը մեր երկրում պետական մակարդակով խրախուսվում է:
-Գիտեք, ինձ թվում է` համապատասխան մարդկանց համար հասանելի չէ` դու բարձր արվեստ ես ներկայացնում, միջին, թե ցածր: Այն պարզապես անտեսվում է: Թատրոն է, էլի, կամ ֆիլմ է, էլի…
-Դուք ամիսներ առաջ մեր հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնեցիք, որ Երեւանի Խորեոգրաֆիկ թատրոնի տնօրենը ավանտյուրիստ է, որ Դուք ավելի վաղ այդ թատրոնում բեմադրություն եք արել, սակայն մինչ օրս դրա դիմաց Ձեր վարձատրությունը չեք ստացել: Ավելին` թատրոնի տնօրենը պաշտոնական նամակ է ուղարկել փաստաբանական գրասենյակ` պարտավորվելով մինչեւ մարտը փակել այդ ծախսերը, սակայն չի կատարել իր պարտավորությունը: Հետաքրքիր է` Ձեր այս հայտարարությունից հետո թատրոնի տնօրենի կամ մշակույթի նախարարության կողմից որեւէ արձագանք եղե՞լ է:
-Բացարձակապես ոչ, միակ արձագանքողը Դուք եք, եւ դա ինձ պարզապես զարմացնում է: Իմ խոսքերի ճշմարտացիությունն ապացուցող բոլոր փաստաթղթերը ձեռքումս են, բայց, այսպես ասած, «քցոցի» է գնում: Թատրոնի տնօրենի պարտքը կազմում է 200 հազար դրամ: Հարցն այստեղ գումարը չէ. սկզբունքի հարց է… Ես չեմ վախենում դիմել դատարան, բայց խուսափում եմ հանրության եւ լրագրողների անառողջ հետաքրքրությունից եւ դատական երկար գործընթացներից: Հիմա ես կանգնեմ Հասմիկ Պողոսյանի դեմ խոսե՞մ, հետո էլ` «աբիժնիկի» տպավորություն թողնե՞մ, չէ: Հասմիկ Պողոսյանի մասին պետք է խոսեն իր արած կամ չարած գործերը:
-Պարո՛ն Ստեփանյան, մեր զրույցի ավարտին կցանկանայի նշեք` հայ թատրոնի, հայ կինոյի խոստումնալից ապագայի հույսը ո՞ւմ կամ ինչի՞ հետ եք կապում:
-Որեւէ ոլորտի ապագա պետք է կապել երիտասարդության հետ: Առանց նոր մտքերի, ավյունի դժվար է առաջ գնալ: Իսկ ես գիտեմ, որ կան այնպիսի երիտասարդներ, որոնք ուզում են բարելավել ստեղծված իրավիճակը, եւ որոնք կարող են դա անել:
ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀՈՒՇԵՐԸ
Այսօր սեպտեմբերի 1-ն է` ուսումնական տարվա առաջին օրը: Ոմանք հենց առաջին անգամ են շտապում դպրոց, ոմանք էլ վաղուց արդեն հրաժեշտ են տվել դրան` իրենց հուշերում՝ սակայն պահելով դպրոցական տարիների վառ ու թեժ դրվագները, հետաքրքիր պատմությունները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր հուշերով կիսվեց դերասան Արթուր Հակոբյանը, ով դպրոցն ավարտել է գրեթե 40 տարի առաջ եւ ով, ի դեպ, բավական չարաճճի աշակերտ է եղել:
«Դպրոցում ինչ արտառոց դեպք լիներ, ես մասնակից էի: Իմ սիրելի առարկաներն էին հայոց լեզուն եւ գրականությունը: Ես գիտեի` ինչ առարկաներ են ինձ հարկավոր ընդունելության քննությունների համար, դրանք լավ սովորում էի, իսկ մյուս առարկաներին մոտ չէի գնում: Քիմիայիս գիրքն, օրինակ, թարմ էր մնում ողջ տարվա ընթացքում»,-խոստովանեց նա:
Դերասանը հիշեց զվարճալի դեպքեր` կապված դպրոցական տարիների հետ:
«Դիմացս նստում էր մի աղջիկ, որի հյուսքն ինձ խանգարում էր, նա դիտմամբ այն խփում էր երեսիս: Մի օր ասացի` մկրատը բերելու եմ, հյուսքդ կտրեմ: Մյուս օրն այդպես էլ արեցի ու հիշում եմ, որ դրանից հետո շատ խառը պատմությունների մեջ ընկա»,-ծիծաղելով նշեց նա:
Ա.Հակոբյանի խոսքով, երբ ինքն ավելի մեծ էր` 10-րդ դասարանում էր սովորում, սովորաբար դիտավորյալ ուշանում էր դասից. «Հենց դասարանի դուռը բացում էի, ուսուցչիս եւ իմ միջեւ շատ զվարճալի դիալոգ էր սկսվում, որին սպասում էր ողջ դասարանը.
-Իյա՜, բարեւ Ձեզ, պարո՛ն Հակոբյան:
-Բարեւ Ձե՜զ, բարեւ Ձե՜զ:
-Համեցե՜ք, նստե՜ք:
Եվ այդպես` ամեն օր: Մի անգամ էլ երբ հերթական անգամ ուշացած մտա դասարան, ուսուցիչս ոչինչ չասաց, ես էլ հարցրի, ասացի. «Բա ինչո՞ւ չեք ասում` իյա՜, բարեւ Ձեզ, պարոն Հակոբյան»: Որ չպատասխանեց, ներս նայեցի, տեսա, որ տնօրենը եկել էր դասալսման, կապտեցի: Հենց վերջինս իմ դեմքը տեսավ, ասաց. «Իյա՜, բարեւ Ձեզ, պարո՛ն Հակոբյան»: Էդպես տնօրենս պահանջեց օրագիրս, բայց օրագիր չկար պայուսակիս մեջ, ստիպված ասացի, որ մայրս մոռացել է դնել: Ասաց. «Ա՛յ տղա, 10-րդ դասրան ես, մա՞յրդ է պայուսակդ դասավորում (իհարկե, դա այդպես չէր)»: Հետո պահանջեց, որ գրքերս ցույց տամ, գիրք էլ չէի տարել: Պայուսակս թափ տվեց, միջից պիեսներ ընկան, վերցրեց, դրեց տեղն ու ասաց. «Դե ռա՛դ եղի դպրոցից»: Իհարկե, ինձ չհանեցին: Անցան տարիներ, դպրոցը վաղուց արդեն ավարտել էի, 1988-ի երկրաշարժից հետո մեր տուն այցելեց տնօրենը, ասաց, որ դպրոցի նոր շենք են կառուցել, ուզում են, որ ես` որպես պատվավոր հյուր, ներկա լինեմ դրա բացմանը: Էդ ժամանակ ես ինձ չկորցրի, ասացի. «Բա տարիներ առաջ, երբ ինձ դպրոցից դուրս էիք անում, հեչ մտքներովդ չէր անցնո՞ւմ, որ ես մի օր Ձեր պատվավոր հյուրն եմ լինելու: Բոլորս ծիծաղեցինք»,- վերհիշեց դերասանը` հավելելով, որ դպրոցական տարիների հետ կապված ամեն մի դրվագ յուրահատուկ տեղ ունի իր կյանքում եւ երբեք չի մոռացվում:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՌԵԿՈՐԴԸ
Հայ նշանավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը մեկ ամսում 150.000 այցելու է ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից եւ 6 մասնավոր հավաքածուից, բացվել էր Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, հուլիսի 29-ին: Ցուցահանդեսի այցելուների միջին թիվը 3000-5000 է: Այն բաց է մինչեւ նոյեմբերի 20-ը:
ԿՆՎԻՐՎԻ ԲՈՒԼԳԱԿՈՎԻՆ
Google ընկերությունն ու «Մոսֆիլմ» կինոստուդիան հանդես կգան նոր` «Վարպետը եւ Մարգարիտան: Ես այնտեղ եմ եղել» նախագծով: Gazeta.ru-ն գրում է, որ նոյեմբերի 11-ին ու 12-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ Թել Ավիվում տեղի կունենան առցանց ընթերցումներ:
Նախագիծը նվիրված է Միխայիլ Բուլգակովի ծննդյան 125-ամյակին ու «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի առաջին հրատարակության 50-ամյակին:
Համակարգն օգտատերերին կառաջարկի տեքստից հատված, որը պետք է ընթերցել տեսախցիկի առջեւ: Նախագծին մասնակցության հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է:
Ընթերցողների ընտրությամբ կզբաղվի «Ոսկե դիմակ» մրցանակին արժանացած ռեժիսոր Նատալիա Անաստասեւայի թիմը:
ԲՐԱՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ամերիկացի հայտնի երգիչ Քրիս Բրաունը օգոստոսի 30-ին Լոս Անջելեսում ձերբակալվել է` մոդել Բեյլի Քյուրանի ահազանգի հիման վրա: BBC-ի փոխանցմամբ` մոդելը, որը եղել է Քրիսի կազմակերպած խնջույքի հյուրերից մեկը, ոստիկանությանը հայտնել է, որ երգիչը սկսել է զենքով սպառնալ այն բանից հետո, երբ նկատել է, որ ինքը հիանում է Քրիսի ընկերներից մեկի ոսկյա զարդով։ Բեյլին մանրամասնել է, որ երգիչն այդ պահին անսպասելի կերպով բռնկվել է, ձայնը բարձրացրել ու պահանջել, որ մոդելը հեռու մնա նրա ընկերոջից։ Բայց Քրիսը դրանով էլ չի բավարարվել, եւ բանը հասել է նրան, որ նա զենքը դրել է գեղեցկուհու ճակատին: Վերջինս ոստիկանություն է կանչել եւ հեռացել խնջույքից: Երեկոյի հյուրերից մի քանիսը եւս ձերբակալվել են։