Երեկվա և այսօրվա դրությամբ Հայաստանը, փաստացի, կառավարություն չունի: Հովիկ Աբրահամյանի` կանխատեսված հրաժարականից ժամեր անց` ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում, Սերժ Սարգսյանն անժամանակ հայտարարությամբ հանդես եկավ. «Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Կարեն Վիլենի Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին»:
Այս հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը երկար-բարակ ներկայացնում է Կարեն Կարապետյանի` իր տեսանկյունից մարդկային և մասնագիտական դրական կողմերը, և փոխանցում, որ սույն անձի հետ տևական քննարկումներից հետո ինքը հասկացել է, որ նրա մեջ վստահություն և իրականանալի նպատակների նկատմամբ հավատ կա:
Ինչևէ, այս լավատեսությունից հետո իշխող կուսակցության ղեկավարը կտրուկ անցում է կատարում շնորհավորանքների դաշտ. «Ես շնորհավորում եմ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկը ստանձնելու կապակցությամբ: Վճռորոշ փուլ ենք մտնում, մեծ է պատասխանատվությունն ու էական են ակնկալիքները: Վստահ եմ, որ բոլորս անվերապահորեն սատարելու ենք նրա նախաձեռնությունները: Շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս»:
Դե ինչ. եկա, տեսա, հաղթեցի… ընդամենը հաշված րոպեների ընթացքում հայտարարվում է նոր թեկնածուի անունը, ապա նրա նշանակման լուրը:
Ըստ երևույթին` կարճատև խորհրդակցությունից հետո ՀՀԿ մեծամասնությունը միաձայն տվել է իր «համաձայնությունը»:
Սակայն հարկ է նկատել, որ պաշտոնապես Կարեն Կարապետյանը դեռևս չի նշանակվել, սակայն երկրի առաջին դեպքի մակարդակով շնորհավորանքներ է ստացել:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ խնդիրն այստեղ ոչ թե սահմանադրական նորմերի խախտման մասին է, այլ` տենդենցների: Ըստ իրավապաշտպանի` մեզանում պետական ինստիտուտների կարևորման փոխարեն, առաջնային տեղ է հատկացվել կուսակցական մարմիններին. «Քանի որ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, հետևաբար վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրվել քաղաքական մեծամասնությունով: Սակայն սա խոսում է այն մասին, որ կուսակցությունում չկա ժողովրդավարություն, և որոշումները կայացվում են մեկ անձի կողմից, իսկ մնացածը փաստին հավանություն տվողներ են»:
ArmLur.am-ի զրուցակցի գնահատմամբ` պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը քննվում են ՀՀԿ-ի «գերագույն բաժնում», և դա ցույց է տալիս, որ կուսակցական մարմինների դերն այնքան է սերտաճած ՝ հատկապես ՀՀԿ-ինը, որ ժողովրդավարության տեսանկյունից իր մեջ ռիսկեր է պարունակում:
Հ.Գ. Իշխող կուսակցությունում տիրող շտապողականությունը մտահոգվելու տեղիք է տալիս:
Տաթև Հարությունյան