Օգնությո՞ւն թե՞ գործարարին ավելի արագ կործանելու միջոց. գործարարներին օգնելու միակ միջոցը ցածր տոկոսադրույքով գումար տրամադրե՞լն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Արարատի մարզի սահմանամերձ Երասխավան գյուղի Երասխի գինու գործարանը սկսել է խաղող մթերել: Նշենք, որ գործարանը տարեկան մթերում է 1700-1800 տ խաղող Երասխ, Սուրենավան, Արմաշ եւ Սեւակավան գյուղերից:
Երասխի գինու գործարանը գտնվում է ուղիղ սահմանագծին, որից 10 մ այն կողմ հայկական խրամատն է, ուղիղ գծով եւս 20-25 մետրից՝ ադրբեջանականը: Այս գինու գործարանը Հայաստանի եւ Արցախի տարածքում սահմանին ամենամոտ ձեռնարկությունն է: Եւ չնայած սրան՝ գործարանը հարկային արտոնություններից չի օգտվում:

Բանն այն է, որ գործարանը ակցիզային հարկով հարկվող ձեռնարկություն է, ինչպես բոլոր ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ արտադրողները, որոնց հարկային արտոնություն չի տրվել: Նշենք, որ սահմանամերձ գյուղերում նման 2 ձեռնարկություն կա, որից մեկը Արարատի մարզի Երասխավանում է, մյուսը՝ Տավուշի մարզի Այգեպարում: Եւ չնայած սրան՝ կառավարությունը Երասխի գինու գործարանից գումարներ գանձում է դատարկ շշեր ու խցաններ ներմուծելու համար: Սակայն ըստ օրենքի՝ վերամշակվելու եւ արտահանվելու նպատակով ներմուծվող ապրանքը ազատված է մաքսային վճարներից:

Սա կոչվում է «ժամանակավոր ներմուծում»: Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանի պատմելով՝ իրենք մրգային օղիներ արտահանելու պայմանագիր են կնքել ամերիկյան «Marani Spirits Inc»-ի հետ, ում պատվերով եւ ապակյա տարաներ են ներմուծում Ֆրանսիայից, խցաններ՝ Իտալիայից: Գործարանի արտադրած օղիներն արտահանվում են ԱՄՆ: Նախորդ մի քանի տարիներին շշերի եւ խցանների դիմաց գործարանից գումար չի գանձվել, միայն 2014-ից սկսած է ֆինանսների նախարարությունը որոշել գանձել:
Ի դեպ, ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտահանումից հետո վճարված ԱԱՀ-ի գումարը որպես գերավճար ՖՆ-ն պարտավոր է վերադարձնել գործարարին: Սակայն մի քանի անգամ արտահանումից հետո ֆինանսների նախարարությունը Երասխի գինու գործարանի մասով այն հետ չի վերադարձրել, ինչի արդյունքում գործարանի նկատմամբ կուտակել է 12 մլն դրամ պարտք: Եւ նախորդ տարվա ապրիլի 3-ին գործարանը ֆինանսների նախարարության դեմ հայց է ներկայացրել:
«Ժողովուրդ»-ը Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանից տեղեկացավ, որ վերջերս ՀՀ կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են մթերող գործարանների տնօրենները: Թեւոնյանի պատմելով՝ այդ հանդիպմանը կառավարության ներկայացուցիչները խոստումներ են տվել գործարարներին: «Կարծես թե այդ խոստումները փորձում են իրականացնել: Հիմնականում խոստացել են օգնել վարկ ստանալ ցածր տոկոսադրույքով»,- նշեց Թեւոնյանը:

Որպես սահմանագոտում գործող գործարանի տնօրեն կառավարությունում Թեւոնյանը հարց է բարձրացրել հարկային արտոնություններից օգտվելու մասով: Սակայն այս պահի դրությամբ դեռ առարկայական օգնություն չի տեսել կառավարությունից: «Մեր գործարանը շշերը ներմուծում է Եվրոպայից, ինչի համար ընդհանուր վճարը կազմում է 32 տոկոս, որի մեջ մտնում է ե՛ւ մաքսատուրքը, ե՛ւ ԱԱՀ-ն: Ես այդ բոլոր հարցերը բարձրացրել եմ կառավարությունում, բոլորը նստած էին, այդ թվում նաեւ էկոնոմիկայի նախարարը, վարչապետը: Իրենք խոստացել են վարկ վերցնելու դեպքում միայն օգնել»,- լրացրեց Թեւոնյանը:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին բազմաթիվ ընկերություններ վարկային պարտավորությունները չմարելու հետեւանքով փակվում են կամ սնանկանում: «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք ընկերությունը կկարողանա արտադրանքը խելամիտ գնով վաճառել եւ միաժամանակ նոր վարկային պարտավորություններ ստանձնել, Թեւոնյանն արձագանքեց. «Բա ուրիշ ինչ անենք, ասա՛»:
Ինչպես հայտնի է՝ նախորդ տարի, երբ վերամշակող գործարանները խաղողագործներից խաղող չէին մթերում, կառավարությունը վերամշակողներին հորդորեց, իսկ իրականում ստիպեց մթերել՝ սոցիալական լարումից խուսափելու համար: Արդյունքում ընկերությունները գյուղացիների նկատմամբ հսկայական պարտքեր կուտակեցին, իսկ այս տարի արդեն հայտնվեցին ծայրահեղ ծանր իրավիճակում: Օրինակ՝ «Վեդի Ալկո» ընկերությունը այս օրերին փակվել է, չի աշխատում, քանի որ գյուղացիներին պարտք է 145 մլն դրամ եւ չի կարողանում վճարել: Հիմա էլ հերթը Երասխի գինու գործարանինն է. 3 ամիս չաշխատելուց հետո մեկ շաբաթ կլինի, որ գործարանը սկսել է խաղող մթերել: Այն էլ վարչապետի հետ հանդիպումից հետո, երբ վերջինս գործարարին խոստացել է, որ կօգնի վարկ ստանալու հարցում:

Ստացվում է, որ հայրենի կառավարությունը այլ տարբերակ չունի դժվարին կացության մեջ հայտնված գործարարներին օգնելու հարցում: Միայն կարող է օգնել ցածր տոկոսադրույքով վարկ վերցնել: Այստեղ հարց է առաջանում՝ սա օգնությո՞ւն է, թե՞ գործարարին ավելի արագ կործանելու միջոց:




Լրահոս