ԱՄՆ-ում սեպտեմբերի առաջին երկուշաբթին տոնվում է որպես «Աշխատանքի օր», որը խորհրդանշում է ամերիկյան աշխատավորների շարժումն ու դրա միջոցով երկրի բարեկեցության ու բարգավաճման հիմքերի կերտումը: Այդ տոնով էլ մեկնարկում է ԱՄՆ նախագահական ընտրությունների բուն շրջափուլը, որին սկսում են հետեւել նաեւ քաղաքականությունից հեռու մարդիկ: Իսկ այս տարի իրավիճակն ուղղակի աննախադեպ է, երբ ընտրությունը պետք է կատարվի երկու չարյաց փոքրագույնի միջեւ գրեթե այնպես, ինչպես հիմնականում Հայաստանում է լինում:
Նոյեմբերի 8-ին սպասվող քվեարկությանն ընդառաջ առայժմ առաջատարը շարունակում է մնալ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը: Ի տարբերություն հանրապետականների թեկնածուի` Քլինթոնի թիկունքում կանգնած են կուսակցական ամուր շարքերը:
Եթե Թրամփին սեփական կուսակիցների մեծ մասը այդպես էլ պաշտոնապես չսատարեց, ապա Քլինթոնը կարողացավ նվաճել իր հիմնական մրցակից Բեռնի Սանդերսի աջակցությունը: Ֆինանսական շրջանակների հակվածությունը դեպի Քլինթոնը մեկ այլ հավելյալ ֆորա է խոստանում նախկին առաջին տիկնոջը: Քլինթոնը, սակայն, բավականին մանվածապատ հարաբերություններ ունի ընտրողների համեմատաբար երիտասարդ շրջանակների հետ, որոնք կասկածի տակ են դնում նախկին պետքարտուղարի ազնվությունն ու վստահելիությունը` գերազանցապես պայմանավորված նրա էլեկտրոնային նամակների աղմկալից պատմությամբ: Քլինթոնն այդպես էլ հիմնավորապես չի կարողանում ժխտել, որ չի օգտագործել մասնավոր էլփոստը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու համար: Միեւնույն ժամանակ նա ազնվություն էլ չի ցուցաբերում եւ չի հաստատում այդ փաստի իսկությունը` ամերիկացիների առաջ զղջալու ու նրանց ներողամտությունը հայցելու ճանապարհով: Չի բացառվում, որ Քլինթոնը մինչեւ նոյեմբերի 8-ը, այնուամենայնիվ, հայտարարի այդ մասին, եթե, իհարկե, վստահ լինի, որ ՀԴԲ-ի կողմից քրեական պատասխանատվության չի ենթարկվի:
Հանրապետական կուսակցության միասնական թեկնածու հռչակված գործարար Դոնալդ Թրամփն էլ շարունակում է հին գործիքներով տարվող ընտրարշավը: Թվում էր` ԱՄՆ երկու խոշորագույն կուսակցություններից մեկի ընտրյալը դառնալուց եւ ներկուսակցական պայքարի խառանաշփոթից դուրս գալուց հետո Թրամփը կվերանայի իր մոտեցումներն ու լրջագույն փոփոխությունների կդիմի: Սակայն ընտրական շտաբի ղեկավարի բազմակի փոփոխություններից հետո Թրամփի հեղհեղուկ քարոզչությունը պահպանեց իր նախկին տեսքը: Մրցակիցներին հասցեագրված անվայել պիտակավորումների շքերթը Թրամփը շարունակեց նաեւ Հանրապետականի մեծ համաժողովից հետո: Քլինթոնը, ինչպես նաեւ նրան սատարող հայտնի գործիչները եւ պարզապես չեզոք մարդիկ, որոնք իրենց մտահոգությունն էին արտահայտում Թրամփի «ոչ-նախագահական» կեցվածքի կապակցությամբ, ամեն անգամ արժանանում էին թեկնածուի վիրավորանքներին: Այսպիսի մեթոդներով հաղթելով հանրապետական հակառակորդներին` Թրամփը հույս ունի նույնպիսի արդյունք արձանագրել նաեւ Քլինթոնի դեմ պայքարում:
Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ ընտրողների վերաբերմունքն է թեկնածուների նկատմամբ: Սոցիոլոգիական հարցումներով զարմանալի պատկեր է ի հայտ եկել: Պարզվում է, որ Քլինթոնին ու Թրամփին ավելի շատ մերժում են, քան ընդունում: ԱՄՆ նախագահական նախորդ ընտրություններում թեկնածուներից առնվազն մեկը շատ ավելի դրական համարում է ունեցել, իսկ այժմ երկուսն էլ հավասարապես բացասական ընկալումներ ունեն հասարակության մեջ: Եթե Քլինթոնի պարագայում դա ծագում է նրա անազնվության ու ֆինանսական շրջանակների հետ մութ գործարքների մասին սպրդող տեղեկություններից, ապա Թրամփի հանդեպ համատարած վախ կա: Եվ այդ վախը պայմանավորված է թեկնածուի անկայուն բնույթով, վաղվա օրվա նկատմամբ վստահություն չունենալու հանգամանքով: Ըստ տարբեր հարցումների` դեմոկրատներին հարող ընտրողները բնազդային վախ ունեն Թրամփի նախագահությունից, իսկ հանրապետականներն էլ մեծապես հիասթափված են Քլինթոնի կեղծավորությունից: Ցայսօր հրապարակված միայն մեկ հարցմամբ է Թրամփը 1 տոկոս առավելություն ունեցել Քլինթոնի հանդեպ, մինչդեռ այլ տվյալներով նա զիջում է դեմոկրատ մրցակցին առնվազն 2-6 տոկոսով: Թեկնածուների միջեւ հարաբերակցության նոր փոփոխություն է խոստանում մատուցել ամերիկյան քաղաքականությանը հետեւողների համար կարեւորագույն իրադարձություններից մեկը` սեպտեմբերի 26-ին կայանալիք նախագահական առաջին բանավեճը: Հատկանշական է, որ մինչ այս Թրամփը բանավեճերում անթաքույց հաջողություններ է արձանագրել, եւ անվիճելի է, որ իր մրցակիցներին հաղթել է գերազանցապես բանավեճերում իր ցուցադրած արտիստիզմի շնորհիվ: Ենթադրելի է, որ Քլինթոնին դժվար երեկո է սպասվելու` հաշվի առնելով Թրամփի սանձարձակությունն ու վիրավորանքների նկատմամբ խտրություն չդնելու բնավորությունը:
Հայաստանյան նախագահական ընտրություններում, բացի 1991 եւ 1998թթ. փորձերից, հասարակության մոտ մշտապես գործել է չարյաց փորքագույնի տրամաբանությունը: 1996թ. Վազգեն Մանուկյանն էր համարվում Լեւոն Տեր-Պետրոսյանից ավելի լավ թեկնածու, 2003-ին Ստեփան Դեմիրճյանը` Քոչարյանից, 2008-ին Տեր-Պետրոսյանը` Սերժ Սարգսյանից, իսկ 2013թ.-ին Րաֆֆի Հովհաննիսյանը` կրկին Սերժ Սարգսյանից: Օրինակ` 2008թ. բազմաթիվ ընտրողներ չկամեցան ընտրել ո՛չ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին, ո՛չ էլ վարչապետ Սերժ Սարգսյանին եւ քվեարկեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ու ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի օգտին: Ընտրություններից հաշված օրեր անց վերջին երկուսն էլ նախընտրեցին համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, թեեւ նրանց ընտրողները քվեարկել էին նույն Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած իշխանության հանդեպ հնչեցրած քննադատության օգտին: ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի նույնօրինակ քայլը ուղղակի բացասական ազդեցություն ունեցավ այդ կուսակցությունների վարկանիշի վրա: Նույնիսկ այն աստիճան, որ Արթուր Բաղդասարյանը ստիպված եղավ փոխել կուսակցության անվանումը: Անշուշտ, ԱՄՆ-ում ոչ ոք չի գնա նման ճարահատյալ քայլի, սակայն դրական այլընտրանքի բացակայությունը հուշում է, որ հաղթող կողմը պարտավոր է քաղաքական համակարգի կազդուրման բաղադրատոմս առաջարկել, ինչի բացակայությունը լրջագույն հետեւանքներ կարող է ունենալ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր տերության համար:
Ն. Հովսեփյան