«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում համաներման շուրջ ներքին անհամաձայնություն կա: Բանն այն է, որ հստակ որոշված չէ, թե որ օրը համաներում կհայտարարվի: Ըստ էության, համաներման ձգձգումը պայմանավորված է քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներով: Չնայած Ազգային ժողովում չեն բացառում, որ միգուցե սեպտեմբերի 21-ին՝ անկախության 25-րդ տարեդարձին, հայտարարվի համաներում իրականացնելու մտադրության մասին, իսկ, ահա, համաներման մասին օրենսդրական նախագիծը Ազգային ժողով ուղարկվի սեպտեմբերի 26-ին, քանի որ այդ օրը Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի: Թե ինչ կորոշվի, հայտնի կդառնա առաջիկայում:
Իսկ առայժմ մեզ տեղեկություններ հասան, որ այս օրերին ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին հանձնարարել են, որ ներկայացնի տվյալներ, թե ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քանի դատապարտյալ եւ կալանավոր կա:
«Ժողովուրդ»-ը սպասվող համաներման շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ:
-Պարո՛ն Թովմասյան, որպես արդարադատության նախկին նախարար, կխնդրեմ ներկայացնել Ձեր գնահատականը. ինչպիսի՞ դրական եւ բացասական ազդեցութուն կարող է ունենալ առաջիկայում սպասվելիք համաներումը:
-Քաղաքական առումով դա հումանիզիմի դրսեւորում է հանրային իշխանությունների կողմից, այդքան բան:
-Իսկ իրավական տեսանկյունի՞ց:
-Իրավական տեսանկյունից որոշ մարդիկ ազատություն են ստանում:
-Ի դեպ, որոշակի անհանգստություն կա կապված այն հարցի հետ, թե արդյոք ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին համաներմամբ ազատ արձակելը չի կարող սպառնալիք դառնալ հասարակության անվտանգության համար:
-Դրա համար էլ պետք է համաներումը այնպես անել, որ դուրս գան այն մարդիկ, որոնք հիմնականում հանրության համար վտանգ չեն ներկայացնում: Դա է պատճառը, որ համաներումները, որպես կանոն, ծանր հանցագործությունների վրա չեն տարածվում, եթե անգամ դրանց վրա տարածվեն էլ, ոչ թե այդ հանցագործների ազատ արձակման, այլ պատժի ժամկետի կրճատման մասով կլինի: Այսինքն՝ նախորդ համաներումը՝ 2013 թվականին, հենց այդպես է եղել, մինչեւ 3 տարի դատապարտվածները դուրս են գալիս համաներումով, վերջին երկու-երեք համաներումը հենց այդպես է եղել, իսկ ծանրերի դեպքում որոշակի չափով պատիժը կրճատվեց:
-Դուք նշեցիք, որ պետք է համաներումը այնպես անել, որ դուրս գան այն մարդիկ, որոնք հիմնականում հանրության համար վտանգ չեն ներկայացնում: Բայց ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, ի վերջո, ի՞նչ ասել է հիմնականում, իսկ այդ հիմնականից դուրս մա՞սը: Առավել եւս, որ ոստիկանության ներկայացրած տվյալներով բավականին մտահոգիչ պատկեր ունենք: 2016թ. հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 8.108 հանցագործություն, ինչը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1375-ով ավել է:
-Երբ ես վերջին համաներումը ներկայացրել եմ, կարող է՝ հիշողությունս դավաճանի, բայց կարծեմ դուրս եկած մոտ 4-5 հարյուրից կրկնահանցագործություն էին կատարել մոտ 21-ը, դա բոլոր միջազգային չափորոշիչներով համարվում է, որ բավականին լավ արդյունք է:
-Իսկ ինչո՞ւ որոշվեց հենց այս տարի համաներում հայտարարել, այստեղ միայն անկախության 25-ամյակի գործո՞նն էր, թե՞ նաեւ նախընտրական տարի լինելու հանգամանքը, ինչից ելնելով էլ փորձ է արվում որոշակի դիվիդենտներ շահել ազատ արձակվողների եւ նրանց հարազատների շրջանում:
-Ես տեղեկություն չունեմ՝ համաներում արվելու է, թե ոչ:
-Իսկապե՞ս: Անգամ տեղեկություններ կան, որ այս տարի համաներումն ավելի ընդգրկուն է լինելու, եւ ավելին՝ Սերժ Սարգսյանը որոշ ցմահ դատապարտվածների ներում է շնորհելու:
-Եթե տեղեկություն չունեմ՝ լինելու է, թե չի լինելու, ոնց կարող եմ տեղեկություն ունենալ՝ ընդգրկուն է լինելու, թե ոչ:
-Դուք Աժ աշխատակազմի ղեկավարն եք եւ պետք է որ գոնե հետեւյալ հարցի մասին տեղեկություն ունենաք. ԱԺ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ հավանական է, որ սեպտեմբերի 21-ին՝ անկախության 25-ամյակին, հայտարարվի համաներում իրականացնելու մտադրության մասին, իսկ, ահա, օրենսդրական նախագիծը ներկայացվի սեպտեմբերի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստում: Ձեզ այս մասին որեւէ բան չեն ասե՞լ:
-Ես չգիտեմ:
զրուցեց Քնար Մանուկյանը