ՀՀԿ-ական գյուղապետերի մի մասը չի վերընտրվել. ՏԻՄ ընտրությունների կարևոր նշանակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած կիրակի՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանի 5 մարզի 317 համայնքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 220 գյուղական համայնքում ընտրել են գյուղապետ, իսկ 17 քաղաքային համայնքում՝ քաղաքապետ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի տվյալներով՝ 32 գյուղի գործող գյուղապետեր այս ընտրություններում պարտվել են: Կան նաեւ գյուղեր, որտեղ գործող գյուղապետերը մրցակից չեն ունեցել: Օրինակ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ակունքի գյուղապետի ընտրությունները բավականին թեժ են անցել: Այստեղ հիմնական պայքարը ընթացել է երկու ՀՀԿ-ականների՝ Արտաշես Հովհաննիսյանի եւ Լյովա Մանուկյանի միջեւ: Արդյունքում ընտրվել է ինքնառաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Լյովա Մանուկյանը, որը Թալինի «Որսորդ միություն» ՀԿ-ի նախագահն է: Վերջինս հավաքել է 165 ձայն, իսկ Ակունքի գործող ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված գյուղապետ Հենրիկ Կնյազյանը պարտվել է՝ հավաքելով 35 ձայն: Աղձքը նույնպես պատկանում է այն գյուղերի շարքին, որտեղ գործող ՀՀԿ-ական գյուղապետը պարտվել է: Փոխարենը ընտրվել է «Նամենամեդս» ընկերության տնօրեն Արթուր Ավետիսյանը:

Աշտարակում նույնպես ընտրապայքարը թեժ է անցել: Նշենք, որ Աշտարակի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին 4 թեկնածու: Իսկ հիմնական պայքարը ընթացել է երեք թեկնածուների՝ ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանի, Ռազմիկ Տերտերյանի եւ Թովմաս Շահվերդյանի միջեւ: Արդյունքում 27-ամյա Շահվերդյանը, հավաքելով 4428 ձայն, ընտրվել է Աշտարակի քաղաքապետ: Նշենք, որ վերջինս «Ավգոռ» ընկերության տնօրենն է եւ «Աշտարակի ձոր» հանգստյան գոտու տիրոջ որդին: Իսկ, ահա, թեկնածուներից՝ Աշոտ Ղալաչյանը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սանիկն է: Սակայն Ղալաչյանի լուրջ մրցակիցներն էին գործարարներ Թովմաս Շահվերդյանն (Թոմի, այդպես են նրան Աշտարակում անվանում) ու Ռազմիկ Տերտերյանը: Ըստ աշտարակցիների՝ նրանք երկուսն էլ բավականին հայտնի են քաղաքում: Տեղեկացնենք, որ Տերտերյանը նախկինում էլ է քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել, սակայն պարտվել է: Աշտարակի քաղաքապետի ընտրություններին, ուշագրավ է, որ ԲՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական Արշալույս Մեժլումյանը հավաքել է ընդամենը 608 ձայն եւ զբաղեցրել ամենավերջին՝ 4-րդ տեղը:

Ոչ պակաս ակտիվ են անցել ընտրությունները նաեւ Ապարանում. քաղաքապետի աթոռի համար այստեղ պայքարում էին երկու թեկնածու՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, որը հավաքել է 2408 ձայն, եւ «Ապարան գրուպ» ընկերության տնօրեն Էդգար Փարվանյանը՝ 1112 ձայն: Հիշեցնենք, որ Գոռ Աբրահամյանը երկար տարիներ է, ինչ վայելում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը:
Գեղաձորում գործող ՀՀԿ-ական գյուղապետ Յուրա Մարգարյանը պարտվել է, ընտրվել է անկուսակցական Սմբատ Պետրոսյանը: Այս գյուղում նույնպես ընտրությունները թեժ են անցել: Տեղեկացնենք, որ Սմբատ Պետրոսյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է եղել: Գեղաձորցիների պատմելով՝ մինչ ընտրությունները Սմբատ Պետրոսյանի թիմակիցները իշխանական օղակների մոտ ակտիվ բարձրաձայնում էին այն մասին, թե իբր գործող գյուղապետ Յուրա Մարգարյանը յուրացումներ է արել:
Արգածատոնի մարզի Եղնիկի գյուղապետի ընտրությունները հետաքրքիր ավարտ են ունեցել. այստեղ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու, որոնք երկուսն էլ համապատասխանաբար հավաքել են 107 ձայն: «Ժողովուրդ»-ը Աշոտ Առաքելյանից տեղեկացավ, որ վիճակահանություն են անելու, եւ ըստ այդմ կորոշվի, թե ով է նստելու գյուղապետի աթոռին:

Լուսակնի գյուղապետի պաշտոնում ընտրվել է նույն գյուղի դպրոցի պահակը՝ անկուսակցական Ռուդիկ Հակոբյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Տարոն Պողոսյանը հավաքել է 53 ձայն, իսկ Ռուդիկ Հակոբյանը՝ 54: Ծաղկահովիտում առաջադրված թեկնածուներից Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, հավաքել է 257 ձայն, գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը՝ 311 ձայն, իսկ երրորդ թեկնածուն՝ Նորաին Հակոբյանը՝ 364 ձայն, որն էլ գյուղապետ է ընտրվել:
Արարատի մարզի Ազատավան գյուղում ընտրվել է «Մարինե եւ Զարինե» ընկերության տնօրեն, ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանը: Իսկ նրա հետ առաջադրված մյուս թեկնածուները՝ Արուս Հովհաննիսյանը հավաքել է 65 ձայն, գործող գյուղապետ Սարգիս Խաչատրյանը՝ 539 ձայն: Նույն մարզի Հովտաշեն գյուղի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը նույնպես պարտվել է, ընտրվել է ՀՀԿ-ական մյուս թեկնածուն՝ Արթուր Մկրտչյանը: Մասիս գյուղում նույնպես գործող գյուղապետը չի անցել:

Իսկ, ահա, Մասիսի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն՝ Դավիթ Համբարձումյանը, որը հայտնի է որպես «թույների» Մհերի որդի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի սանիկ: Վերջինս հավաքել է 7520 ձայն:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայրում՝ Մխչյանում, վերընտրվել է Խաչիկ Պողոսյանը: Ի դեպ, նա Հովիկ Աբրահամյանի բարեկամն է: Նոր Կյանքի գյուղապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը: Վերջինս հավաքել է 467 ձայն, իսկ գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանը պարտվել է՝ հավաքելով 400 ձայն:

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի՝ Արաքսի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել էին 5 թեկնածու, ընտրվել է անկուսակցական Վարդան Գրիգորյանը, իսկ գործող գյուղապետ Ավագ Միքայելյանը 193 ձայնով պարտվել է: Արգավանդում նույնպես գործող գյուղապետը պարտվել է: Դողսում գյուղապետ է ընտրվել անհատ ձեռնարկատեր Գրիշա Հարությունյանը, իսկ գործողը պարտվել է:
Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում առաջադրվել է, ինքն իր դեմ պայքարել ու ընտրվել է գործող գյուղապետ Գեւորգ Ներսիսյանը: Վերջինս Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրն է: Ջրառատի գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները 4-ն էին, այստեղ վերընտրվել է գործող գյուղապետ Սամվել Գալստյանը, որը փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի քրոջ որդին է:
ՀՀ հոգեւոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց Կարեն Գրիգորյանը, որը հավաքել է 10587 ձայն: Նրա մրցակիցներից անկուսակցական Արթուր Թումանյանը հավաքել է 3651 ձայն: Իսկ մյուս թեկնածուն՝ Արթուր Խաչատրյանը, որը Էջմիածնի քաղաքապետարանի սպասարկման բաժնի պետն է, հավաքել է 504 ձայն:
Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը, Մեղրիում՝ Մխիթար Զաքարյանը: Սերժ Սարգսյանի ծննդավայրում՝ Տեղ գյուղում, ընտրվել է ՀՀԿ-ական Ներսես Շադունցը, որը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետն է: Նա մրցակից չի ունեցել: Քաջարանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է Մանվել Փարամազյանը, որը Քաջարանի քաղաքապետարանի իրավաբանն է եղել: Նա նույնպես մրցակից չի ունեցել:

Հ.Գ. Ըստ ԿԸՀ-ի՝ տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Ընտրական հանձնաժողովներում դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացվել են նաեւ ընտրություններին առնչվող 142 այլ դիմումներ: Իսկ, ահա, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը բարձրաձայնում է՝ ընտրատեղամասերում ամենաշատ հանդիպող խնդիրներից մեկը ուրիշի փոխարեն քվեարկելն էր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս