Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում. որ նախարարությունները վերանվանվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կազմում տեղի են ունենալու մի շարք կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, կառավարության կազմում այլևս չի լինելու Քաղաքաշինության նախարարություն:

Նախագիծը ներկայացնելով գործադիրի նիստին` կառավարության աշխատակազմի ղեկավար­նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխությունները տեղի են ունենում կառավարության օպտիմալացման շրջանակում, ըստ այդմ` մի շարք նախարարություններ կրեցին փոփոխություններ և վերանվանվեցին:

Քաղաքաշինության նախարարության փոխարեն այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվեց՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց՝ Ներդրումների և ձեռնարկատիրությունների աջակցության նախարարություն: Տրանսպորտի և կապի նախարարությունը վերանվանվեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների շրջանակում Տուրիզմի վարչությունը դուրս կգա Էկոնոմիկայի նախարարության կազմից և կստեղծվի համապատասխան կոմիտե: Ջրային տնտեսության պետական կոմիտեն Գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից կանցնի Էներգետկայի նախարարությանը, իսկ Քաղավիացիայի վարչությունը միացվեց Տրանսպորտի և կապի նախարարությանը:

Սահմանվել է հետևյալ կառուցվածքը`

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար.

2) առողջապահության նախարար.

3) արդարադատության նախարար.

4) արտաքին գործերի նախարար.

5) արտակարգ իրավիճակների նախարար.

6) բնապահպանության նախարար.

7) գյուղատնտեսության նախարար.

8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարար.

9) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար.

10) կրթության եւ գիտության նախարար.

11) մշակույթի նախարար.

12) պաշտպանության նախարար.

13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար.

14) սփյուռքի նախարար.

15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարար.

16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.

17) ֆինանսների նախարար.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.

19) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար:

Վերոնշյալ նախարարությունների անվանափոխումները բացատրվում են նրանով, որ նոր լիազորություններով: Բացի այս՝ չի լինի նաև քաղաքաշինության նախարարությունը, այն կվերափոխվի պետական կոմիտեի: Այս նախաձեռնության վերաբերյալ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իր համար ցանկալի չէ նախարարության անվանումից էկոնոմիկա բառը հանելը:

Սրա վերաբերյալ Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ բառը չի հանվում, այլ ընդամնեը ակցենտը փոխվում է, որպեսզի ներդրողը հասկանա, որ այս երկրում ներդրում անելիս հասցեատեր ունի: Հարց եղավ նաև, որ այս կոմիտեները շուտով չեն լինելու՝ կապված կառավարման կարգի փոփոխության հետ:

Կարեն Կարապետյանը ասաց, որ եթե այս կոմիտեները մեկուկես տարի էլ աշխատեն, դա դրական է: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս առարկություն հայտնեց, որ այս փոփոխությունները կարող են վնասել հուշարձանների պահպանությանը: Վարչապետն ասաց, որ այս ուղղությամբ կհարցվի:

Նշենք, որ գործադիրում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունն առաջարկեց սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Օրակարգում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է, ինչպես նաև Հարկային օրենսգիրքը:




Լրահոս