Երբ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն, ռուսաստանաբնակ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, շատերի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ հենց նա. արդյո՞ք Հայաստանում չկար այնպիսի քաղաքական գործիչ, ով կարող էր ստանձնել վարչապետի պաշտոնը: Արդյո՞ք Ռուսաստանից հրավիրված Կարապետյանը իր գործունեությունը չի իրականացնի բացառապես Ռուսաստանի թելադրանքով ու ի նպաստ վերջինիսի շահերի:
Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Հակոբ Հակոբյանի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյան
-Պարո՛ն Գեղամյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, եւ արդյո՞ք Կարեն Կարապետյանին տեսնում եք վարչապետի պաշտոնում:
-Ամենակարեւորը, որ նրան այդ պաշտոնում տեսնում է մեր երկրի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Ինչու եմ ես դրանով սկսում խոսքս, որովհետեւ այն ինֆորմացիան, որին տիրապետում է երկրի նախագահը, մենք, ոչ ոք նման ծավալով չենք տիրապետում` լինի դա ներքաղաքական, ներտնտեսական եւ արտաքին քաղաքական: Ուստի եթե այդ ամենը համադրելով՝ նպատակահարմար է գտել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակել, եւ ավելին՝ նրա հետ հույսեր են կապում, ապա, բնականաբար, մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Կարեն Կարապետյանն իր կողմից ձեւավորող կառավարությունը հասցնի մեծ հաջողությունների, եւ, ինչպես ասաց, Սերժ Ազատիչը, որ նա դրական, զարգացման փոփոխությունների խորհրդանիշ դառնա:
-Ձեր կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունում կամ Հայաստանի Հանրապետությունում չկա՞ր այնպիսի քաղաքական գործիչ, ով կարող էր ստանձնել վարչապետի պաշտոնը:
-Բարեբախտաբար, այսօր Հանրապետական կուսակցությունը իր դաշնակից կուսակցությունների հետ ունի այնպիսի կադրային ներուժ, որն իզորու է, այո՛, մեր երկրի վիճակը զարգացման հուն տեղափոխելու համար, ուրույն, գործնական հզոր քայլեր անել, բայց մենք ունենք վարչապետի մեկ պաշտոն. այդ պաշտոնը նպատակահարմար գտանք վստահել Կարեն Կարապետյանին: Այստեղ խնդիրներն են կարեւոր, որոնք դրվել եւ ձեւակերպվել են նոր կառավարության առաջ: Եթե երկիրդ սիրում ես, ուրեմն առաջին դերակատարին, որը ստանձնում է այս բեռն ու պատասխանատվությունը, դու պարտավոր ես սատարել:
-Պարո՛ն Գեղամյան, Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվեց՝ Ռուսաստանում ավելի բարձր վարձատրվող աշխատանքի գնալու համար: Մտավախություններ չունե՞ք, որ այս անգամ եւս նա կարող է հեշտորեն լքել վարչապետի պաշտոնն ու հեռանալ, եթե լինի համապատասխան առաջարկ կամ հրահանգ:
-Այդ հարցերը կարելի է ուղղել Կարեն կարապետյանին, եւ դա, իմ կարծիքով, կլինի ավելի կոռեկտ վերաբերմունք նոր նշանակված վարչապետի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ գնահատականին, ապա ասեմ, որ այն դեռեւս լիարժեք չի կարող լինել, որովհետեւ ես ծանոթ չեմ այն ծրագրերին, ըստ որում, ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ ռազմավարական, որով հանդես կգա Կարեն Կարապետյանը: Երբ նա հանդես կգա, ես կփորձեմ մասնագիտական առումով անշահախնդիր վերլուծության ենթարկել դրանք, եթե կան լծակներ, որոնք հաշվի չեն առնված, ապա հուշել դրանք… Թերեւս շատ հետաքրքիր եւ տեղին խնդիր ձեւակերպեց հարգարժան Հովիկ Արգամի Աբրահամյանը, երբ ասաց, որ իր վարչապետության օրոք, ավաղ, չի հաջողվել բեւեռացվածության աստիճանը մեղմել, այ, դա խնդիրների խնդիրն է, որովհետեւ ցանկացած երկրում կայունությունը մեծապես պայմանավորված է միջին դասի զորեղ եւ ուժեղ լինելով: Միայն այդ պարագայում է երկրում լինում ներքին խաղաղություն, եւ զարգացման լավ նախադրյալներ են ստեղծվում: Ես հավատում եմ, որ այն աշխատանքը, որը սկսել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էլ ավելի զարգացում կապրի եւ նոր թափով կիրականացվի առաջիկայում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյան
-Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում Հովիկ Աբրահամյանի հրաժարականին եւ ինչպե՞ս եք գնահատում նոր թեկնածուի՝ Կարեն Կարապետյանի հնարավորությունները, արդյոք նա կկարողանա երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից:
-Ընդհանուր առմամբ գրագետ փորձառու մարդ է, կարծում եմ, որ նա այդ պաշտոնին լավ կաշխատի եւ արժանի թեկնածու է: Իհարկե, նախկին վարչապետն էլ շատ նորմալ աշխատել է:
-Ձեր կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունում կամ Հայաստանի Հանրապետությունում, բացի Կարապետյանից՝ այլ քաղաքական գործիչ չկա՞ր, ում կարող էիք վստահել վարչապետի պաշտոնը
-Ում էլ առաջադրեին, նույն հարցը տալու էիք…
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՅԴ-Ի ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏՈ՞ՒՄ Է
Սեպտեմբերի 7-ին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից մեկ օր առաջ, Աժ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցազրույցներից մեկում նշել էր, թե առանց ՀՅԴ-ի իմացության կառավարության կազմում որեւէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ:
«Չեմ կարծում, որ առանց մեր հետ խոսելու, այդ հարցը քննարկելու այդպիսի բան կատարվի, որովհետեւ վարչապետի փոփոխություն նշանակում է կառավարության վերանայում: Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որ կոալիցիոն գործընկերները պետք է նախապես միմյանց տեղեկացնեն»,-ասել էր նա:
Ուշագրավ է, որ այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հակառակ տեսակետն արտահայտեց` ասելով, որ երկրում տեղի ունեցող փոփոխությունների մասին Դաշնակցությունը տեղյակ է եղել: «Մենք ականատես էինք ու ինչ-որ չափով տեղյակ էինք, անհրաժեշտ է լինելու գնալ նաեւ արմատական կադրային փոփոխությունների, ու, կարծես, այդ ժամանակը հասունացել է: Այո՛, նոր մոտեցումներ ու որակ անհրաժեշտ է»,-ասել էր Վարդանյանը:
Թե ինչով էին պայմանավորված դաշնակցական պատգամավորների նման հակասական հայտարարությունները, դժվար է միանշանակ ասել: Սակայն կա մի հանգամանք, որը կարող էր այս հարցում նշանակալի լինել: Բանն այն է, որ Աղվան Վարդանյանը, ի տարբերություն Արմեն Ռուստամյանի, իշխանության հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ է գտնվում: Վարդանյանը Դաշնակցության կազմում, այսպես ասած, իշխանության թեւն է ներկայացնում: Ավելորդ չէ նշել, ոչ Աղվան Վարդանյանը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր քավորն է: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը եւս Սամվել Կարապետյանի հետ քավոր-սանիկային հարաբերությունների մեջ է, ապա պատկերն ավելի հետաքրքիր կդառնա:
Ինչեւէ: Պարզելու համար, թե որն է դաշնակցական երկու պատգամավորիների՝ հակասական հայտարարությունների պատճառը՝ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ:
Վերջինս, սակայն, նշեց, որ տեղյակ չէ Արմեն Ռուստամյանի հայտարարությունից: Իսկ ինչ վերաբերում է արդեն Աղվան Վարդանյանի պնդմանը, թե ՀՅԴ-ն տեղյակ էր կառավարությունում կատարվող փոփոխությունների մասին եւ մեր ճշտող հարցին՝ արդյոք ՀՅԴ հետ իշխանությունը հաշվի նստել է, թե ոչ, Սեյրանյանը կտրուկ ասաց. «Տեղյակ ենք եղել»:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին եւ Կարեն Կարապետյանի առաջիկա նշանակմանը՝ Սեյրանյանը նշեց. «Ցանկացած փոփոխություն Հայաստանի ներքաղաքական իրավիճակում տեղի է ունենում այն ժամանակ, երբ այդ փոփոխությունը կատարելու համար կան համապատասխան հիմքերը, եւ այդ փոփոխությունը անհրաժեշտություն է` խնդիրներն իրականացնելու համար»:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՊԵԿ-Ն ԸՆԴԴԵՄ ԿՐԾՈՂՆԵՐԻ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն օգոստոսի 8-ին պայմանագիր է կնքել «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ի հետ: Բանն այն է, որ նշված ընկերությունը, ըստ պայմանագրի, պետք է ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման ծառայություններ իրականացնի: Իսկ ծառայությունները իրականացնելու համար պետական միջոցներից հատկացվել է 1 մլն 394 հազար դրամ: Ի դեպ, վերոնշյալ ընկերությունը ՊԵԿ-ի բոլոր հարկային տեսչություններում պետք է պայքարի կենցաղային միջատների, կարիճների, նաեւ կրծողների դեմ՝ թակարդով եւ թունաքիմիկատներով:
ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԼԱՎ ՉԷ
Գյումրու ավագանու ընտրություններում իշխանական թեկնածու Սամվել Բալասանյանն այս օրերին տարբեր հանդիպումների ժամանակ իշխանության թեւերին խնդրում է օգնել իրեն` ասելով, որ դժվար իրավիճակ է ձեւավորվել, որտեղ իր հաղթելու շանսերը բավականին թույլ են: Նա ասել է, որ «Գալա»-ն լուրջ խնդիրներ է ստեղծում իր համար: Թե ինչ նոր ծրագիր կմշակեն ՀՀԿ-ում, դեռ վաղ է ասել:
ՀԵՐԹԱԿԱՆ ԹՎԵՐԸ
Ընթացիկ տարվա պետական բյուջեով սոցիալական պաշտպանության համար նախատեսված է 401 միլիարդ 457 միլիոն դրամ, որից արդեն իսկ 283 միլիարդ 924 միլիոն դրամն արդեն իսկ ծախսվել է: Ընդհանուր միջոցներից ծերության թոշակի համար նախատեսվել է 292 միլիարդ 285 միլիոն դրամ, որից 212 միլիարդ 877 միլիոն դրամն արդեն ծախսվել է: Վատառողջության եւ անաշխատունակության համար նպաստներ վճարելու նպատակով նախատեսվել է 1 մլրդ, որից 778 մլն դրամն արդեն ծախսվել է: Երեխաների, այսպես կոչված, նպաստների համար պետական բյուջեում նախատեսվել է 63 մլրդ 898 մլն դրամ, որից ներկա դրությամբ արդեն ծախսվել 42 մլրդ 286 մլն դրամը: Իսկ գործազրկության հետ կապված ծրագրերը ֆինանսավորելու համար տարվա կտրվածքով նախատեսվել է 2 մլրդ 174 մլն, որից 1 մլրդ 139 մլնը ծախսվել է:
«ՖԼԵՇ»-ԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ
Գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն շարունակում է դատական հայցերի միջոցով իր գումարները ետ պահանջելու գործընթացը: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2016 թվականի մայիսին «Ֆլեշ» ՍՊԸ-ն դիմել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հօգուտ իրենց ընկերության բռնագանձել կես միլիոն դրամը: Մեկ այլ հայց էլ «Ֆլեշ» ընկերությունը ներկայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, այս անգամ էլ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի դեմ` պահանջելով այդ ընկերությունից հօգուտ իրենց բռնագանձել 2 միլիոն դրամը: Իհարկե, Հայաստանի կյանքում պարտքերը դատական կարգով ետ վերադարձնելը սովորական երեւույթ է, սակայն տարօրինակն այն է, որ Հայաստանում գտնվում են մարդիկ, որոնք համարձակվում են Սերժ Սարգսյանի սանիկի գումարները «քցել»: Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերժ Սարգսյանը պատանեկության ընկերներ են, ու վերջինս օլիգարխի որդիների հարսանիքի քավորն է: