ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստան ներկրված բնական գազի ծավալները նվազել են ավելի քան 12 տոկոսով, որը ծավալային արտահայտությամբ կազմել է 138 միլիոն 400 հազար խորանարդ մետր: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ բնական գազի սպառումը Հայաստանում տարեցտարի նվազում է, ինչը տնտեսության վիճակի վատթարացման մասին վկայող ամենաանմիջական ցուցիչն է:

Պաշտոնական հաշվետվություններից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 6 մլն խորանարդ մետր գազ: Սա այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներկրվել 1 միլիարդ 144 միլիոն 400 հազար խորանարդ մետր գազ: Հատկանշական է այն փաստը, որ հատկապես նվազել է Ռուսաստանից ներկրվող գազի ծավալը: 2015 թվականին Ռուսաստանից ներկրվել է 960 մլն 500 հազար խ/մ բնական գազ: Իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 818 մլն 300 հազար խ/մ: Փաստորեն Ռուսաստանից բնական գազի ներկրումն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով նվազել է 142 միլիոն 200 հազար խ/մ-ով: Փոխարենը Իրանից ներկրված բնական գազի ծավալները մի փոքր ավելացել են: 2015 թվականի առաջին կիսամյակում Իրանից ներկրվել է 183 մլն 900 հազար խ/մ բնական գազ, իսկ այս տարի՝ 187 մլն 700 հազար խ/մ: Հիշեցնենք, որ Իրանից բնական գազը ներկրվում է «Երեւան ՋԷԿ»-ի օգտագործման համար: Այդ ՋԷԿ-ը իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրական էներգիայով՝ մեկ խ/մ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլէներգիա հարաբերակցությամբ:
Ինչ վերաբերում է փոխադրման եւ բաշխման համակարգերում բնական գազի կորուստի ծավալներին, այդ ցուցանիշը ծավալով նվազել է, բայց տոկոսային արտահայտությամբ աճել: Այս տարի փոխադրման եւ բաշխման համակարգերում բնական գազի կորուստը կազմել է 67 մլն 500 հազար խ/մ, որը ընդհանուր ներկրված գազի 6,7 տոկոսն է: Անցած տարի այդ ցուցանիշը եղել է 68 մլն 300 հազար խ/մ, որն ընդհանուր ներկրված գազի 5,9 տոկոսն է կազմել:
Բավական ուշագրավ է սպառված բնական գազի դիմաց վճարումների պատկերը: Բանն այն է, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով սպառված բնական գազի դիմաց վճարումները 10 տոկոսով ավել են եղել: Այս հանգամանքը պայմանավորված է այն փաստով, որ էներգետիկ ոլորտի սպառած գազի դիմաց վճարումները գազի գնի համեմատ կրկնակի ավել են եղել: Այս փաստն իր հերթին պայմանավորված է նրանով, որ ՋԷԿ-երը նախորդ տարիներին սպառած գազի դիմաց պարտքեր են կուտակած եղել, եւ այս տարի այդ գումարները սկսել են վճարել: Ի դեպ, այդ պարտքերը ՋԷԿ-երն կուտակել էին, քանի որ անցած տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հերթին ՋԷԿ-երի հանդեպ էր պարտքեր կուտակել: Եվ երբ այս տարի ՀԷՑ-ը սկսել է իր պարտքերը մարել, արդյունքում ՋԷԿ-երն էլ սկսել են «Գազպրոմ Արմենիայի» գումարները վճարել: Այս գործում դերակատարություն է ունեցել նաեւ այն իրողությունը, որ էներգետիկայի ոլորտի գազի սպառումը կտրուկ նվազել է: Անցած տարի էներգետիկայի ոլորտը սպառել է 120 մլն 800 հազար խ/մ, իսկ այս տարի՝ 77 մլն խ/մ: Այսինքն՝ ՋԷԿ-երի սպառած գազի ծավալների անկումը կազմել է 43 մլն 800 հազար խ/մ կամ նույնն է, թե 36,3 տոկոս: Հիշեցնենք, որ էներգետիկայի ոլորտի սպառած գազի տվյալներում «Երեւան ՋԷԿ»-ի օգտագործած բնական գազը չի ներառվում, այն պատճառով, որ ինչպես արդեն նշեցինք, այն առանձին ներկրվում է Իրանից եւ դրա դիմաց վճարվում է էլէներգիայով:
Արդյունաբերության սպառած գազը անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ 2 մլն խ/մ-ով նվազել է եւ այս տարի կազմել է 93 միլիոն 300 հազար խ/մ: Այս փաստը պայմանավորված է այն հանգամանքով, որ բնական գազի խոշոր սպառողներից մեկի՝ «Արարատցեմենտի» արտադրության ծավալներն այս տարվա առաջին կեսին կտրուկ նվազել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ցեմենտի արտադրությունն անցած տարվա առաջին կեսի համեմատ այս տարի 33,6 տոկոսով նվազել է:
Այս տարի նվազել է նաեւ գազալցակայանների կողմից բնական գազի սպառման ծավալները: Սա վերջին տարիների կտրվածքով աննախադեպ երեւույթ է, քանի որ գազալցակայանների սպառած գազի ծավալները նախորդ տարիներին միայն աճելու միտում ունեին: Աս տարի գազալցակայանները սպառել են 214 մլն 300 հազար խ/մ, այն դեպքում, երբ անցած տարի այդ թիվը եղել է 223 մլն 800 հազար խ/մ: Այս փաստն ինքնին երկու պատճառով կարող է պայմանավորված լինել՝ արտագաղթ եւ սոցիալական վիճակի վատթարացում: Այսինքն՝ մի կողմից գազալցակայաններից օգտվող սպառողների թիվն է պակասել, մյուս կողմից էլ Հայաստանում ապրողներն են ձգտում հնարավորինս քիչ գումար ծախսել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԻՐԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 2.4 տոկոսով աճել է: Այսինքն՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 501 հազար 118 զբոսաշրջիկ: Իսկ նույն ժամանակահատվածում ՀՀ-ից զբոսաշրջության նպատակով մեկնել է 470 հազար 693 մարդ: Այս դեպքում նույնպես հանրապետությունից մեկնողների թիվը այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է՝ 1.2 տոկոսով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանրապետություն ժամանող զբոսաշրջիկներից 73 հազար 976-ը տեղավորվել են հայաստանյան հյուրանոցներում, իսկ, ահա, 427 հազար 142-ը բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանից զբոսաշրջության նպատակով 470 հազար 693 մեկնողներից 4 հազար 249-ը իր ուղեւորությունը կազմակերպել է զբոսաշրջային գործակալությունների կողմից: Իսկ 466 հազար 444 զբոսաշրջիկ հանրապետությունից մեկնել է ինքնուրույն:
Այս տարվա վեց ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.3 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23.4 տոկոսը` ԵՄ երկրներին, իսկ 50.3 տոկոսը` այլ երկրներին: Նշենք, որ ԱՊՀ երկրներից Հայաստան ժամանողների թիվը այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 13.2 տոկոսով նվազել է: Այսինքն՝ այս տարվա վեց ամիսներին ՀՀ ԱՊՀ երկրներից ՀՀ ժամանել է 26 հազար 300 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 31 հազար 200: Հիմնականում նվազել է Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը. այս տարվա 6 ամիսներին ՌԴ-ից ՀՀ ժամանել է 22 հազար 300 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 26 հազար: Ուկրաինայից դեպի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նույնպես նվազել է՝ 17.4 տոկոսով:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ նաեւ, որ 2016 թվականի վեց ամիսների ընթացքում ԵՄ երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է 4.7 տոկոսով: Սակայն նշված ժամանակահատվածում Գերմանիայից դեպի ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը, հակառակը, ավելացել է 30.7 տոկոսով: Փոխարենը՝ Ֆրանսիայից (19.4 տոկոսով է նվազել) եւ Իտալիայից (21.9 տոկոսով է նվազել) ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է:
Եւ չնայած սրան՝ զգալի աճել է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Այսպես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը այս տարվա հունվար-հունիսին 50.2 տոկոսով աճել է: Նշենք, որ 43.4 տոկոսով աճել է նաեւ Թուրքիայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը: Կանադայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը նույնպես աճել է՝ 49.1 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
6 ՎԻՐԱՎՈՐՈՎ ԱՎՏՈՎԹԱՐ
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում, Լուսաձոր գյուղի տարածքում գտնվող ավտոգազալցավորման ճնշման կայանի մերձակա ոլորանի մոտ ավտոտրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Իրար են բախվել Երեւան քաղաքի բնակչին պատկանող «ՍԱՊ» եւ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի բնակչին պատկանող «Աուդի» մակնիշի ավտոմեքենաները: Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանից տեղեկացանք, որ ավտովթարի հետեւանքով «ՍԱՊ»-ի վարորդը եւ 3 ուղեւորները, ինչպես նաեւ «Աուդիի» 2 ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, մեկ ուղեւոր բուժման նպատակով Երեւան է տեղափոխվել: Նույն աղբյուրից տեղեկացանք, որ Իջեւանի բժշկական կենտրոնում «Աուդիի» վարորդի բժշկական հետազոտության ժամանակ նրա արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել: Մեր տեղեկություններով՝ այդ վարորդը Ենոքավանում մասնակցել է նույն օրը կայացած Խաչվերաց՝ Սբխեչի արարողությանը, որից հետո իր բարեկամներին Ենոքավանից տեղափոխում էր Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղ: Որքան էլ խոսվում է ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելու անթույլատրելիության եւ դրա վտանգավոր հետեւանքների մասին, Տավուշի մարզում վարորդներ կան, որոնք այդ վատ սովորույթին վերջ չեն տալիս:

 

 

ՆՇԱՆԱԿԵԻՆ, ՊՐԾՆԵԻՆՔ
Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի, Իջեւանի տարածաշրջանների համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Մրցակցությունը թեժ է հատկապես խոշորացված Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքներում: Համայնքի ղեկավարի թեկնածուները նախընտրական հանդիպումներ են ունենում, նրանց նախընտրական շտաբներում կազմվում են թեկնածուի հավանական ընտրողների ցուցակներ: Համայնքի ղեկավարի տարբեր թեկնածուների ցուցակներում նույն անձանց անունները կրկնվում են, ընտրողները չցանկանալով մերժել որեւէ թեկնածուի՝ բոլորին խոստանում են նրանց ընտրել, քանի որ մերժելու դեպքում խնդիրներ են ծագում: ՏԻՄ ընտրությունները Ադրբեջանին սահմանամերձ բնակավայրերում որոշակի լարվածություն են ստեղծել: Սահմանագոտու շատ բնակիչներ «Ժողովրդին» ասել են, որ նախընտրական այդ լարվածությունը, թշնամությունը ընտրություններից հետո դեռ մի քանի ամիս շարունակվելու է: «Մեկին վերեւից համայնքապետ նշանակեին, պրծնեինք, ինչո՞ւ են մարդկանց իրար հետ թշնամացնում»,- անկեղծանում են ընտրողները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս