Երկու բուհերի միավորման նախագիծը ներկայացվեց կառավարությանը. ինչ է մտածում նորանշանակ վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օգոստոսի 24-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ առաջիկայում ՀՀ կրթությանև գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը կառավարության նիստին է ներկայացնելու Շիրակի մարզի Գյումրի քաղաքի երկու բուհերի միավորման մասին որոշման նախագիծ: Ըստ այդմ, նախատեսվում է ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը միացնել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտին և ստեղծել Շիրակի պետական համալսարան:

Նշված բուհերի միավորման մասին որոշման նախագիծը Լ. Մկրտչյանը ներկայացրեց այսօրվա կառավարության նիստին: Նշենք, որ նախարարությունը բուհերի միավորումը պատճառաբանում է ուսանողների թվի նվազմամբ: Բուհերի միավորումից հետո տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին պատկանող շենքի մի մասը կմիացվի մանկավարժական ինստիտուտին, իսկ համալսարանին ամրակցված որոշ շենք, շինություններ կհանձնվեն պետական գույքի կառավարման վարչությանը: Սակայն նշված բուհերի միավորման մասին տեղեկությունը խիստ մտահոգել է տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմին: Նրանք համոզված են, որ պետական գույքի կառավարման վարչությունը հող է նախապատրաստում իրեն հանձնվող համալսարանական գույքը հետագայում վաճառքի հանելու կամ վարձակալության տրամադրելու համար: Եվ չի բացառվում, որ հետագայում համալսարանական ներկայիս շինությունները դառնան հյուրանոց կամ սուպերմարկետ:

Ավելին՝ այս միավորումից հետո ԿԳՆ-ն, ըստ նախագծի, որոշել է նորաստեղծ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սահակ Մինասյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Նա պատրաստվում էր առաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններում, սակայն գործող իշխանությունը նրան դա թույլ չտվեց: ՏԻՄ ընտրություններում Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունն առաջադրելուց հետո ՀՀԿ-ն որոշեց ինչ-որ չափով շահել նաեւ Մինասյանի սիրտը: Եվ կարճ ժամանակ անց վերջինս նշանակվեց Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար:

Նշենք, որ այսօր կառավարության նիստում, երբ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց հարցը, Կարեն Կարապետյանն այնքան էլ գոհ չմնաց և նշեց, որ բավարարված չէ, սակայն նախագիծն ընդունվեց:  Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հիմնադրամային կարգավիճակը ավելի հարիր է ինքնավարությանը:

«Լավ, իսկ ինչ են կարող ԲՈՒՀ–երը ներկայիս կառավարմամբ, որը չէին կարող նախկինում»,– հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Հիմնադրամները ընդլայնում են ինքնավարությունը ֆինանսական ուղղությամբ։ Փոխվում է և  կառավարումը, այն դառնում է ավելի ազատ»,– ասաց Մկրտչյանը։ «Մինչև վերջ չհասկացա, հարցը կքննարկենք նորից»,– ասաց վարչապետը։




Լրահոս