ՀՀ բնապահպանության նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել «Գեղարոտ» և «Արագած-1» ՓՀԷԿ-երի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կվերանայվեն ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները
Տեւական ժամանակ է՝ բնապահպանները ահազանգում են, որ Գեղարոտ գետի վրա գտնվող «Գեղարոտ» եւ «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման պատճառով գետի միջին հոսանքները չորանում են՝ խախտելով գետի ինքնամաքրման պրոցեսները: Ըստ բնապահպանների՝ դա լուրջ վտանգ է իրենից ներկայացնում եւ սպառնում նաեւ տարածաշրջանի գյուղերի խմելու ջրի աղբյուրներին:

Նշենք, որ Գեղարոտ գետից ոռոգվում են Արագածի շրջանի մի շարք գյուղեր, իսկ գետի ակունքից խմելու նպատակով ջրամատակարարվում են Արագած, Արա եւ Վարդենուտ գյուղերը: Գեղարոտ գետը սնուցումը ստանում է Արագած լեռան գագաթում ձեւավորվող ձնհալի ջրերից: Նույն ջրերով էլ իրականացվում է նշված գյուղերի խմելու ջրամատակարարումը: Սակայն 2011-2012 թվականներին Գեղարոտ գետի վրա «Գեղարոտ» եւ «Արագած-1» ՓՀԷԿ-երի կառուցումից եւ շահագործումից հետո գետի էկոլոգիական վիճակը գնալով վատթարացել է: Բնապահպանները մտահոգված են, քանի որ այն ներկայում դիտվում է խիստ ռիսկային եւ ճգնաժամային:

Նրանց համոզմամբ՝ ինքնամաքրման բացակայության պատճառով կապտաժային համակարգերը հնարավորություն չունեն նվազեցնել աղբյուրների ջրի pH-ն ու մետաղների բարձր պարունակությունը: Արդյունքում գյուղերի բնակիչները մի քանի տարի անց ստիպված կլինեն խմելու նպատակով օգտագործել ծանր մետաղներով թունավորված ջուր, քանի որ այս տարածաշրջանում խմելու ջրի այլ աղբյուրներ չկան:

Տեղեկացնենք, որ 2015-2016 թվականներին ՀՀ բնապահպանության նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել «Գեղարոտ» եւ «Արագած-1» ՓՀԷԿ-երի նկատմամբ: Սակայն դրանից հետո, ըստ բնապահպանների, ջրի որակի խնդիրն առ այսօր մնացել է չլուծված:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությունը, հաշվի առնելով Գեղարոտ գետի վրա առկա ՓՀԷԿ-երի կողմից շահագործման արդյունքում առաջացած էկոհամակարգային խնդիրները, դեռեւս այս սեպտեմբերի 7-ից սկսել է ուսումնասիրություն իրականացնել «Լուսարփի» ՓՀԷԿ-ում (շահագործող «Լուսարփի» ՍՊԸ): Ապա ԲՆ-ն հաջորդաբար այցելել է նաեւ գործող «Արագած-1» (շահագործող՝ «Վակոֆուլօ» ՍՊԸ) եւ «Գեղարոտ» (շահագործող՝ «Էլ-կաս» ՍՊԸ) ՓՀԷԿ-եր:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՆ-ն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Էլ-կաս» ընկերության կողմից շահագործվող «Գեղարոտ» ՓՀԷԿ-ում 120լ/վրկ սահմանված էկոլոգիական թողքի փոխարեն պահպանվում է 50-60լ/վրկ՝ խախտելով ՋԹ պայմանները: Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին այս ընկերությունում անցկացված ստուգման արդյունքում ընկերությանը ներկայացվել է 51 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ:
Իսկ ահա «Վակոֆուլօ» ընկերության կողմից շահագործվող «Արագած-1» ՓՀԷԿ-ում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 60լ/վրկ էկոլոգիական թողք: Մինչդեռ Համահայկական բնապահպանական ճակատը տեսանյութ է հրապարակել, ըստ որի՝ տեղում կատարված ուսումնասիրությամբ փաստվում է, որ ընկերությունը չի պահպանում էկոլոգիական թողքը՝ խախտելով ՋԹ պայմանները:

Արդյունքում նշված ընկերությունների նկատմամբ ԲՊ տեսչությունը բնապահպանական օրենսդրության խախտումների համար հարուցել է վարչական վարույթ: Ապա ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը վերանայել նշված ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունները:

Ինչ վերաբերում է նախատեսվող «Լուսարփի» ՓՀԷԿ-ի կառուցմանը, ապա հաշվի առնելով գետի ծանրաբեռնվածությունը՝ նախարարությունը սկսել է 2012 թվականին տրված ջրօգտագործման թույլտվության վերանայման գործընթացը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս