ՄԱՄՈՒԼԻ ԴԱՇՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է՝ խոսվում է, որ Հայաստանի լրատվական դաշտի ամենաառանցքային խնդիրը դարձել է գովազդի բաշխումը: Բազում բարձրաձայնումներ են եղել այն մասին, որ հեռուստաընկերությունների գովազդի շուկայի առյուծի բաժինը տնօրինում են Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին պատկանող լրատվամիջոցները: Սակայն, ինչպես հայտնի է, իշխանական կուսակցությունները եւս իրենց հեռուստաալիքներն ունեն, որոնք գովազդի բացակայության պատճառով փաստացի չեն կարողանում իրենց ֆինանսական խնդիրները լուծել: Ուստի պատահական չէր, որ երեկ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խորհրդարանում բարձրաձայնեց հեռուստաընկերությունների գովազդային շուկայի կենտրոնացված լինելու մասին` զգուշավոր, առանց անուններ նշելու: Հիշեցնենք, որ «Հ3» հեռուստաընկերությունը պատկանում է նախկին ՕԵԿ, այժմ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Ի դեպ, կարող է թյուր կարծիք ստեղծվել, թե Միքայել Մինասյանի թիմը հեռուստաընկերությունների եւ կայքերի գովազդային շուկան վերահսկում է եկամուտ ստանալու նպատակով: Մինչդեռ իրականում այդ մենաշնորհի միջոցով ֆինանսավորվում են իշխանական լրատվամիջոցները, իսկ ազատ մամուլը կայուն եւ բավարար ֆինանսավորումից զրկվելու պատճառով չի կարողանում զարգանալ: Հենց այս համակարգի շնորհիվ է, որ իշխանություններին հաջողվում է Հայաստանի լրատվական դաշտի մեծամասնությանը վերահսկողության տակ պահել: Լրատվական կայքերի, տպագիր մամուլի գովազդի շուկան եւս մեծ մասամբ գտնվում է Միքայլել Մինասյանի թիմի վերահսկողության տակ:
Այսպիսով, ինչպես տնտեսությունում, լրատվական դաշտում եւս բոլոր խնդիրների պատճառը մենաշնորհներն են: Ու թերեւս ժամանակն է, որ քայլեր իրականացվեն պետության կողմից ազատ մամուլի ֆինանսավորման ուղղությամբ, ինչպես արվում էր խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների դեպքում: Բոլորն էլ պետբյուջեից գումար էին ստանում` գոյատեւելու համար, բայց որեւէ պարտավորություն չունեին:

 

 

 
Հայաստանի պետական գերատեսչությունների եւ հատկապես նախարարությունների գործունեության մասին հանրության տեղեկացված լինելու միակ ճանապարհն այդ մարմինների լրատվական բաժինների մատուցած հաղորդագրություններն են: Ըստ այդմ, հանրությունը տեղեկանում է, թե այս կամ այն նախարարն իր աշխատանքային օրն ինչպես է անցկացրել, կամ տվյալ գերատեսչության առօրյայում ինչ նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել: Համաձայնեք, որ եթե նախարարության կայքի լրահոսում մեկ կամ երկու շաբաթ ոչ մի թարմ նորություն չի լինում, ապա կարելի է վստահաբար ասել, որ այդ գերատեսչությունում պարզապես «օր են գլորում»: Հատկապես սեպտեմբերի 8-ից հետո, երբ կառավարության բոլոր անդամները դարձան պաշտոնակատարներ, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որ նախարարն ինչ աշխատանք է կատարել: Պարզվեց, որ նախարարությունների մի զգալի մասի մոտ կյանքը «կանգնել» է. նրանք ուղղակի օր են մաշեցնում: Ու կարելի է ասել՝ պետական ողջ համակարգը պարալիզացված վիճակում է:

 

 

 

Հայաստանի բոլոր պաշտոնյաները նշանակվելու պահին գույքի եւ եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում: Իմաստն այն է, որ հանրությունը հնարավորություն ունենա տեսնելու, թե պաշտոնավարման ընթացքում նրա ունեցվածքը որքանով է ավելացել: Երեկ ՀՀ գլխավոր դատախազ նշանակված Արթուր Դավթյանը հայտարարագրել է մեկ հատ անհատական բնակելի տուն, երեք հատ հողամաս եւ մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում: Նրա դրամական միջոցները կազմում են 18 միլիոն դրամ: Նոր գլխավոր դատախազը այս տարվա ինն ամիսներին ունեցել է 16 միլիոն 824 հազար դրամի եկամուտ: Այդ գումարներից 12 միլիոն 500 հազար դրամը նա հայտարարագրել է որպես վարկ: Իսկ մնացած 4 միլիոն 324 հազար դրամը եղել է նրա պաշտոնական աշխատավարձը: Մեզ մնում է հետեւել, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ունեցվածքը նոր պաշտոնում ինչ արագությամբ կավելանա:

 

 

 
«Ժողովուրդ»-ը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի շարք դատապարտյալների ներում է շնորհելու: Մասնավորապես, նշվում են ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի եւ «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանի անունները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ 2012-ից յուրացման համար 13 տարվա ազատազրկման է դատապարտված, նույնպես Սերժ Սարգսյանից ներում է խնդրել: Նրան ներում շնորհել-չշնորհելը հատուկ հետաքրքրության առարկա է: Երբ Խաչիկյանի դեմ քրգործ հարուցվեց, լուրեր էին շրջանառվում, թե պատճառը եղել է այն, որ նա հանդգնել էր մի քանի պաշտոնյաների ներկայությամբ Սերժ Սարգսյանին հակաճառել: Նա Սարգսյանին հիշեցրել էր, որ հավելագրված ու այնուհետեւ գրպանված գումարների մասը կուսակցական գործերի վրա են ծախսվել:

 

 

 
ԱՄԵՆԱՅՆ ԴՐԱՅՎՈՎ
Կարեն Կարապետյանի նախագահությամբ կառավարության երեկվա անդրանիկ նիստը բավականին ուշագրավ էր: Նախ՝ նոր վարչապետին երկրի նախագահը չներկայացրեց այնպես, ինչպես որ դա ավանդաբար արվել է միշտ: Բացի այս՝ բավականին հետաքրքիր էր այն, որ իրենց ղեկավարին նշանակման առիթով չցանկացավ շնորհավորել Հովիկ Աբրահամյանի կաբինետի անդամներից որեւէ մեկը /Տարոն Մարգարյանից բացի/: Մի բան, որը նախօրեին ԱԺ-ում թույլ տրված վրիպումից հետո դժվար է գնահատել այլ կերպ, քան մտածված մոտեցում: Բայց առավել հետաքրքիր դրվագները վերաբերում էին նորանշանակ վարչապետի հանձնարարականներին եւ որոշ նախարարների ԺՊ-ների հետ նրա շփման մաներային: Կարապետյանը նախ՝ բավականին ակնհայտ ձանձրույթով ընդհատեց իր ոլորտին քաջագիտակ երեւալու ջանքերում չափն անցած մշակույթի նախարարի ԺՊ Հասմիկ Պողոսյանի երկարաշունչ խոսքը՝ հորդորելով իր մտքերն ավելի լակոնիկ ձեւակերպել: Ապա հարվածի տակ հայտնվեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ում խոսքերին Կարապետյանն իրեն թույլ տվեց չհավատալ եւ հանդիմանեց՝ ներկայացվող հարցի մասին բավարար տեղեկացված չլինելու համար: Մի կողմ թողնելով կոնկրետ Մինասյանի դեպքում վարչապետի մաներայի ոչ այդքան գեղեցիկ լինելը՝ դժվար էր չընդունել նրա հարցադրումների իրավացիությունը: Նա, մասնավորապես, առաջարկեց շատ պարզ բան. երբ տարիներ շարունակ միլիոններով արտոնություններ են տրվում այս կամ այն ընկերություններին /հիմնականում պաշտոնյաներին պատկանող/ հետագայում աշխատատեղերի բացման խոստումների դիմաց, ինչու էկոնոմիկայի նախարարությունը հարկ չի համարում ստուգել՝ արդյոք տրված խոստումները կատարվել են, թե ոչ:
Կարապետյանը նաեւ մի շատ կարեւոր հանձնարարական տվեց ՊԵԿ-ին. ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը: Իրականում հենց սա էր ամենաառաջնային քայլը, որից էլ պետք է սկսեին իրենց գործունեությունը կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած բոլոր նախորդ կառավարությունները: Արդյոք Կարապետյանի դրայվը կհերիքի այս հարցում հետամուտ լինելու համար, պարզ կդառնա ամենակարճ առաջիկայում: Նույնքան կարեւոր մեկ այլ հանձնարարական էլ նա տվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. «Մաքսիմալ նվազեցնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը սոցիալապես անապահով խավերի համար՝ ի հաշիվ այլ սպառողների: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակող ճյուղերի համար։ Եվ այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի»,- ընդգծեց նա:
Հուսանք, որ Կարապետյանի՝ այս գրեթե անիրականանալի հանձնարարականների նպատակը կառավարության այս կազմի ձախողումը եւս մեկ անգամ արձանագրելն ու դրանով նրանց պաշտոնանկությունները հիմնավորելը չէր, այլ այդ խնդիրների շուրջ սեփական լուծումներն առաջ տանելու կոնկրետ ծրագիրը:




Լրահոս