Հարց քաղաքացիներից` ի՞նչ է իրենից ներկայացնում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուն եւ, ընդհանրապես, ի՞նչ գործառույթներ է իրականացնում այն:

Հայարփի Սուքիասյան (33 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուն ֆոնդի կառավարչից անկախ (չփոխկապակցված) իրավաբանական անձ է, որն իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունը, այսինքն՝ ակտիվների պահպանությունը եւ առանձնացված հաշվառումը: Ընդ որում, ֆոնդի ակտիվներով գործարքները (միջոցների ելքն ու մուտքը) կարող են իրականացվել միայն պահառուի համաձայնությամբ: Այս առումով պահառուն ունի կառավարչի նկատմամբ հսկողական իրավասություններ: Այսինքն՝ պահառուն հսկում է կառավարչի կողմից օրենսդրությամբ եւ ֆոնդի կանոններով սահմանված պահանջների կատարումը եւ չի կատարում կառավարչի հանձնարարականները, եթե դրանց հետեւանքով խախտվում են օրենսդրության կամ ֆոնդի կանոնների պահանջները:

Հարկ է նշել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառու կարող են լինել միայն բանկերը: Սակայն անցումային շրջանում, այսինքն՝ մինչեւ բանկերի կողմից պահառուի գործառույթի իրականացման համար անհրաժեշտ կարողությունների ձեւավորումը, օրենքը նախատեսում է, որ բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի համար պահառուի գործառույթն իրականացնելու է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ)՝ որպես կենտրոնացված պահառու:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայը մասնակցի անձնական սեփականությունն է: Սակայն նրանց սեփականության իրավունքը ենթակա է օրենքով սահմանված ժամկետային որոշակի սահմանափակումների:

 




Լրահոս