Խստացնող միջոցները դատավորը պետք է զգա անմիջապես իր մաշկի վրա. Հովհաննես Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տվյալներով՝ 2014 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին՝ 8 վճիռ՝ մոտ 86 հազար եվրո, 2016-ին՝ կրկին 8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո:
Եվ այս տարվա օգոստոսի 18-ին ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր հաշվարկել, թե վերջին երեք տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել ՄԻԵԴ¬ի վճիռների համար։ Հանձնարարականի ընթացքի եւ արդյունքների մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Եվ վերջին շրջանում բուռն քննադատությունների տեղիք է տվել այն հանգամանքը, որ դատավորների սխալ վճիռների ծանր բեռը ստիպված է կրել ՀՀ քաղաքացին:
Որքա՞ն պետք է այսպես շարունակվի, եւ արդյո՞ք պատճառը օրենքի բացն է:

Այս եւ մի քանի այլ հարցերի պատասխաններ «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ԱԺ Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից:

-Պարո՛ն Սահակյան, արդյո՞ք խնդիրը օրենսդրական բացի մեջ է: Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ որոշումների կայացումն ավելի հաճախակի դարձել:

-Խնդիրը բավականին լուրջ եւ խորքային է: Եթե ասենք՝ միայն դատավորների վճիռների մեջ բացթողում կա, սխալված կլինենք: Արդարություն վերկանգնման գործում դատարանները բավականին մեծ գործ ունեն անելու մեր երկրում: Սրա մասին ես միշտ բարձրաձայնել եմ, խոսել եմ: Դատական համակարգը պետք է էապես փոխվի: Բայց այս խնդիրը բավականին լուրջ է, եւ կարելի է դիատարկել ե՛ւ օրենսդրական տարբեր փոփոխությունների խնդիրը, ե՛ւ բացերի խնդիրը, ե՛ւ դատավորների անկախության սկզբունքը գոյություն ունի:

Հետեւաբար ես կարծում եմ, որ մենք պետք է սրան անդրադառնանք մի փոքր այլ կերպ: Ինչու ասացի դատավորների անկախության. քանի որ եթե պատասխանատվություն սահմանվի կայացրած վճիռների վրա, մի փոքր ավելի հեռու եւ այլ տեղ է տանում:

Կարծում եմ՝ մենք պետք է ամբողջ միջազգային փորձը եւ պրակտիկան հաշվի առնենք եւ կարողանանք այդ նախադեպային մոդելները կիրառել: Այստեղ Վճռաբեկ դատարանը պետք է լուրջ դերակատարում ունենա, որպեսզի ապահովի օրենսդրության օրինականությունը կիրառելու լիազորությունները: Ասել է, թե լսել երկու կողմերին, նրանց մեկնաբանությունները, ապացույցները:

-Ո՞րն է պատճառը, որ մինչ օրս չունենք այդ արդյունքը:

-Այստեղ պետք է հաշվի առնել, որ երեւույթը նոր է:

-Այդ խնդրի լրջությունը նո՞ր հասկացանաք, պարո՛ն Սահակյան:

-Բանն այն է, որ նախկինում դժվար էր դիմել միջազգային կառույցների: Հասարակությունը զարգացել է, ավելի թափանցիկ է դարձել, եւ մարդիկ իրենց իրավունքները պաշտպանում են մինչեւ վերջ:

-Ես ճի՞շտ հասկացա՝ մտավախությունը խորացավ այն ժամանակ, երբ գիտակցեցինք, որ ավելի՞ խորքային է դառնում խնդիրը…

-Երբ դու գիտես, որ դա ճիշտ է, եւ իրականացնում ես, դու հասկանում ես, որ բողոքարկման վերջին ատյանը Սահմանադրական դատարանն է, եւ նույնիսկ երբ կային հետեւանքներ, դրանք որոշակի գումարների վերադարձման խնդիր չէին առաջացնում: Եվ հիմա կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ գնահատում են՝ եթե սխալ վճիռ է կայացվել, ապա հաշվարկում են, որ այդ սխալի արդյունքում քաղաքացին պաշտպանվելու համար որքան նյութական ծախս է կրել, ինչպես նաեւ հոգեւոր եւ բարոյական:

-Հիշո՞ւմ եք՝ դեռեւս նախորդ տարի մենք ականատես եղանք, որ արդարադատության խորհուրդը դատավորներին կարգապահական պատասխանատվության որոշումներ կայացրեց: Արդյո՞ք այստեղ եւս բաց կա, ինչի հետեւանքով եւս ունենք ստեղծված պատկերը:

-Սա շատ նուրբ հարց է: Այստեղ պե՛տք է դրվեն որոշակի մեխանիզմներ: Միանշանակ պատասխանատվության բեռ եւս կա: Այսինքն՝ վճիռները պետք է լինեն ավելի ընդհանուր, միջազգային օրենքներին համապատասխան: Պետք է սրան ձգտենք:

-Ե՞րբ պետք է սկսենք:

-Մենք չպետք է սկսենք: Նրա՛նք պետք է սկսեն՝ անընդհատ սովորելով, ուսումնասիրելով, փոխվելով, կարդալով, ինչու չէ, նաեւ պատասխանատվության աստիճան իրենց վրա կրելով: Դա կլինի, օրինակ, առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելը կամ այլ նախաձեռնություններ: Ինչո՞ւ եմ սա նշում, քանի որ կարծիք կար, որ դատավորի սխալ վճռի արդյունքում գումարները, որոնք պետությունն է վճարում, պետք է դատավորներից գանձվի:

Սա մի փոքր ավելի երկար մտածելու առիթ է տալիս, սրա հետ ես մի փոքր համամիտ չեմ: Իսկ որոշակի պատժամիջոցներ, խստացնող միջոցներ պետք է սրա դեմ կիրառվի: Եվ այդ խստացնող միջոցները դատավորը պետք է զգա անմիջապես իր մաշկի վրա:

-Դուք ի՞նչ այլընտրանքային տարբերակ կառաջարկեք, եթե ոչ գումար գանձելը:

-Ես այս պահին դժվարանում եմ առաջարկել: Այս առումով ես որեւէ լուրջ ուսումնասիրություն չեմ արել: Առիթի դեպքում կարելի է անդրադառնալ, կամ ավելի ճիշտ՝ ժամանակն է, որպեսզի դրան անդրադառնանք: Եթե հիշում եք, բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դատական համակարգի ներկայացուցչին այդ հարցադրումն իջեցվել է՝ ինչպե՞ս է լինում, որ տարբեր դատավորներ ունենում են տարբեր չափի գործեր եւ այլն: Սա ազդում է արդարադատության սկզբունքների եւ ընկալումներ վրա:

Այս խնդիրներին ես Ազգային ժողովում անդրադարձել եմ: Սակայն կոնկրետ այս հարցի շուրջ որեւէ լուրջ ուսումնասիրություն չեմ արել: Սակայն կարծում եմ՝ արդեն ժամանակն է: Այս բարեփոխումների արդյունքում, երբ համապատասխան նոր օրենքները բերվեն, դրանց շրջանակներում ուսումնասիրենք:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս