Ակնհայտ է, որ իշխանական վերնախավում լուրջ վերադասավորումներ են ունենում, որոնց արդյունքում, ի վերջո, պետք է գծագրվի, թե ՀՀԿ-ն ինչ դասավորությամբ է մասնակցելու 2017 թվականի ապրիլի 2-ի Աժ ընտրություններին:
Բնականաբար իշխանական վերնախավի դասավորության ամենաառաջնային ցուցիչն այն է, թե ով կլինի ՀՀԿ-ի ընտրական շտաբի ղեկավարը: Իշխանությունների ընտրական շտաբի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա ղեկավարը չի կարող սովորական կառավարիչ լինել: Այդ պաշտոնը սովորաբար վստահվում է այն անձին, որն իշխանական բուրգում ռեալ «երկրորդն» է, կամ առնվազն հավակնում է այդպիսին լինել:
2007 թվականից սկսած բոլոր համապետական ընտրություների ժամանակ ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը: Այս ընթացքում տեղի են ունցել երկուական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ ու մեկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե եւ մշտապես հենց Հովիկ Աբրահամյանն է եղել ՀՀԿ-ի շտաբի պետը:
Դիտարկենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի կառուցվածքը. ղեկավարը Հովիկ Աբրահամյանն էր, որն այդ պահին զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը: Նրա տեղակալներն էին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը (այդ ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը), ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը (նա այդ պահին նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնն էր զբաղեցնում), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը:
Արդյոք Հովիկ Աբրահամյանը կհամաձայնի 2017-ի ԱԺ ընտրություններում եւս լինել ՀՀԿ-ի շտաբի պետը: Եթե նրան հաջողվեր պահպանել ՀՀ վարչապետի պաշտոնը, ապա կարելի էր վստահաբար ասել, որ հենց նա էլ կլինի ՀՀԿ-ի շտաբի պետը: Սակայն ներկա վիճակում ՀՀԿ շտաբի պետ լինելը նրա դեպքում ինչ-որ առումով նվաստացուցիչ կլինի, քանի որ կստացվի, որ նրան այդ «պաշտոնն» առաջարկում են, որ «պարապ» չմնա: Թերեւս միայն մեկ դեպքում Հովիկ Աբրահամյանի համար շտաբի պետի պաշտոնը նվաստացուցիչ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը նրան խոստանա, որ նա միաժամանակ լինելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համարը եւ ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու դեպքում հենց ինքն է լինելու ԱԺ նախագահը: Սակայն նման տարբերակը Սերժ Սարգսյանի համար ռիսկային է, այն պարզ պատճառով, որ 2018-ի ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն, իշխանության ղեկը կհայտնվի Հովիկ Աբրահամյանի ձեռքում: Նման տարբերակը անձամբ Սարգսյանի համար լի է ռիսկերով:
Գործող վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում ՀՀԿ շտաբի պետ լինելու տարբերակը կարող ենք ի սկզբանե բացառել: Ինչպես հայտնի է՝ նորանշանակ վարչապետը պարբերաբար արձանագրում է, որ ինքը քաղաքական գործիչ չէ: Նա այդպիսով փաստացի իրեն հեռու է պահում ապագա ընտրական գործընթացներից:
ՀՀԿ-ի ընտրական շտաբի պետի հաջորդ հավակնորդը կարող է լինել Վիգեն Սարգսյանը: Սակայն նրան այդ «պաշտոնում» նշանակելով՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ճակատագիրն ամբողջությամբ կվստահի իշխանության երիտթեւին: Շատ փոքր է հավանականությունը, որ նա նման ռիսկի կգնա: Ի վերջո, շտաբի ղեկավարը պետք է կարողանա ոչ միայն ՀՀԿ-ի ֆորմալ կառույցներին կառավարել, այլ նաեւ պետք է այնպիսի մարդ լինի, որը իշխանությունների քրեական թեւի կարկառուն ներկայացուցիչների վրա ազդեցություն կունենա: Վիգեն Սարգսյանը իշխանական համակարգում, երբեւէ նման դիրք ու ազդեցություն չի ունեցել: Մյուս կողմից էլ, եթե իսկապես նա առաջիկայում նշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար, ապա նրա նոր պաշտոնը եւս կխանգարի, որպեսզի նա կարողանա ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել: Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ շտաբի պետ լինելու տարբերակ, թերեւս, մեկ դեպքում է հնարավոր, եթե ի սկզբանե որոշվի, որ նրա նշանակումը ձեւական բնույթ է կրելու հանրության ներկայացնելու նպատակով: Իսկ իրականում ՀՀԿ-ի շտաբի ղեկավարումը Սերժ Սարգսյանն անձամբ կստանձնի:
Տեսականորեն ՀՀԿ շտաբի պետ կարող են լինել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կամ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Սակայն նշված անձինք ՀՀԿ-ում ունեցած իրենց դիրքով եւ ազդեցությամբ շտաբի պետի տեղակալից ավելին չեն ձգի: Նրանց նշանակելով եւս Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու բոլոր հիմնական հարցերն անձամբ «լուծել»: Մի խոսքով, շտաբի պետի հետ կապված ՀՀԿ-ում ակնհայտ «կադրային սով» է սպասվում: Իսկ ինչպես այն կլուծվի, պարզ կդառնա մոտ ապագայում` ամենաուշը երկու ամսից:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԵՐՔՈՒՄ ԵՆ
Տեւական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկվում է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունը: Հիշեցնենք, որ Գագիկ Բունիաթյանը համարվում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մտերիմ անձանցից մեկը: Նախօրեին ԱԺ-ում 105 կողմ ձայնով Տիգրան Հակոբյանը ընտրվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ: Ըստ լուրերի՝ հնարավոր է՝ հենց Տիգրան Հակոբյանը զբաղեցնի ՀՌԱՀ նախագահի պաշտոնը: Այս լուրերը մեկնաբանելու առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ Գագիկ Բունիաթյանն ասաց. «Առաջին անգամ ձեզանից եմ նման բան լսում: Չեմ կարող մեկնաբանել: Նման բան չկա»: Իսկ, ահա, Տիգրան Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը նշված լուրերի առնչությամբ ասաց. «Շատ վատ լուրեր են, որոնք ստեղծում են անառողջ մթնոլորտ: Գագիկ Բունիաթյանը իմ լավ ընկերն է: Նման հարց չի քննարկվել եւ չի կարող քննարկվել: Անձամբ մտադրություն չունեմ եւ այդպիսի բեռ չեմ կարող վերցնել իմ ուսերին»:
ԴԵՌ ՉԳԻՏԵՆ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման կարգը վերանայելու ուղղությամբ աշխատանքներ տանել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե իրենք ինչ քայլեր են նախատեսում անել, որպեսզի գազի եւ էլէներգիայի սակագները այնպես սահմանվեն, որ սոցիալապես անապահով խավի համար կոմունալ ծախսերի բեռը թեթեւանա: «Մենք նոր սկսել ենք քննարկումների փուլը վարչապետի հանձնարարությամբ, թե ինչ կեզրահանգենք, անպայման տեղյակ կպահենք, հրապարակային կլինեն մեր բոլոր քննարկումները, առայժմ ոչինչ ասել չեմ կարող»,- պատասխանեց Նազարյանը: Մեր այն հարցին` թե հնարավոր է՝ սակագնի իջեցում տեղի ունենա, Նազարյանը պատասխանեց. «Սակագնի իջեցումը տարբեր ձեւերով կարող է պայմանավորված լինել, տվյալ դեպքում սպառողի հաշվին, հանձնարարականն այդպես է եղել, դա ենք քննարկում, տեսնենք՝ ինչպես կստացվի»:
ՄԱՐԴ ՉՈՒՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներպալատական քննարկումների ժամանակ խոստովանել է, որ մտադիր է կառավարության կազմը 99 տոկոսով փոփոխությունների ենթարկել: Բայց ողջ խնդիրն այն է, որ նա չի կարողանում «արժանի փոխարինողներ» գտնել: Նրա սրտով կադրեր չկան, փնտրտուքի մեջ է: Ու սա է պատճառը, որ հաջորդ շաբաթ նախարարական առաջին նշանակումները երբ արվեն, առաջնահերթ կվերանշանակվեն դաշնակցական նախարարները` Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում` Լեւոն Մկրտչյանը եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում` Դավիթ Լոքյանը:
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Մասնակիցները քննարկել են բազմաթիվ խնդիրներ, նաեւ հավանության արժանացրել մեկ տասնյակից ավել փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ 25-ամյակի եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունների տեքստերը: Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. ապրիլին Տաշքենդում:
ԲԻՇՔԵԿՈՒՄ
Բիշքեկում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նիստում քննարկվել են քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության ապահովման ոլորտներում համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, նոր մարտահրավերներին ու սպառնալիքների հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր: Բիշքեկում, ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրվել է ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը:
ՀԻՆ ԿԱԴՐԻ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Կարեն Կարապետյանի հրամանով երեկ վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Գագիկ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ նա զբաղեցրել է մի շարք կարեւոր պաշտոններ՝ այդ թվում եւ նախարարական: Ի դեպ, Մարտիրոսյանը Վլադիմիր Պուտինի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանագրով պարգեւատրվել է ՌԴ պետական պարգեւով՝ Պատվո շքանշանով: Պարգեւը Գագիկ Մարտիրոսյանին է շնորհվել «Սոչի-2014» օլիմպիադայի օբյեկտների շինարարական աշխատանքների կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար: Գագիկ Մարտիրոսյանը 65 տարեկան է:
ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
Կարեն Կարապետյանի՝ սեպտեմբերի 14-ի հրամաններով Տիգրան Կարապետյանն ազատվել է վարչապետի օգնականի, առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին` Գուրգեն Դումանյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գագիկ Խաչատրյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն էլ խորհրդականի պաշտոնից: Աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի եղբայրը` Կորյուն Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը:
ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
«ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նորանշանակ տնօրեն Դիոգո Պինտոյին եւ գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Դիոգո Պինտոյին՝ նոր պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նախկինում կազմակերպության հետ ձեռք բերված համագործակցությունը շարունակական է լինելու եւ հաջողվելու է այդ ծրագրերի արդյունավետությունը եւս մեկ աստիճանով բարձրացնել:
ԿԱՐԵՎՈՐԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի՝ ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես: Նա կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով շրջադարձային պատմական իրադարձություններին վերաբերող մնայուն արժեքների ստեղծումը: