ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ ՀԷԿ-ԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ բնապահպանները ահազանգում են, որ Գեղարոտ գետի վրա գտնվող «Գեղարոտ» եւ «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման պատճառով գետի միջին հոսանքները չորանում են՝ խախտելով գետի ինքնամաքրման պրոցեսները: Ըստ բնապահպանների՝ դա լուրջ վտանգ է իրենից ներկայացնում եւ սպառնում նաեւ տարածաշրջանի գյուղերի խմելու ջրի աղբյուրներին:

Նշենք, որ Գեղարոտ գետից ոռոգվում են Արագածի շրջանի մի շարք գյուղեր, իսկ գետի ակունքից խմելու նպատակով ջրամատակարարվում են Արագած, Արա եւ Վարդենուտ գյուղերը: Գեղարոտ գետը սնուցումը ստանում է Արագած լեռան գագաթում ձեւավորվող ձնհալի ջրերից: Նույն ջրերով էլ իրականացվում է նշված գյուղերի խմելու ջրամատակարարումը: Սակայն 2011-2012 թվականներին Գեղարոտ գետի վրա «Գեղարոտ» եւ «Արագած-1» ՓՀԷԿ-երի կառուցումից եւ շահագործումից հետո գետի էկոլոգիական վիճակը գնալով վատթարացել է: Բնապահպանները մտահոգված են, քանի որ այն ներկայում դիտվում է խիստ ռիսկային եւ ճգնաժամային:
Նրանց համոզմամբ՝ ինքնամաքրման բացակայության պատճառով կապտաժային համակարգերը հնարավորություն չունեն նվազեցնել աղբյուրների ջրի pH-ն ու մետաղների բարձր պարունակությունը: Արդյունքում գյուղերի բնակիչները մի քանի տարի անց ստիպված կլինեն խմելու նպատակով օգտագործել ծանր մետաղներով թունավորված ջուր, քանի որ այս տարածաշրջանում խմելու ջրի այլ աղբյուրներ չկան:
Տեղեկացնենք, որ 2015-2016 թվականներին ՀՀ բնապահպանության նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել «Գեղարոտ» եւ «Արագած-1» ՓՀԷԿ-երի նկատմամբ: Սակայն դրանից հետո, ըստ բնապահպանների, ջրի որակի խնդիրն առ այսօր մնացել է չլուծված:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությունը, հաշվի առնելով Գեղարոտ գետի վրա առկա ՓՀԷԿ-երի կողմից շահագործման արդյունքում առաջացած էկոհամակարգային խնդիրները, դեռեւս այս սեպտեմբերի 7-ից սկսել է ուսումնասիրություն իրականացնել «Լուսարփի» ՓՀԷԿ-ում (շահագործող «Լուսարփի» ՍՊԸ): Ապա ԲՆ-ն հաջորդաբար այցելել է նաեւ գործող «Արագած-1» (շահագործող՝ «Վակոֆուլօ» ՍՊԸ) եւ «Գեղարոտ» (շահագործող՝ «Էլ-կաս» ՍՊԸ) ՓՀԷԿ-եր:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՆ-ն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Էլ-կաս» ընկերության կողմից շահագործվող «Գեղարոտ» ՓՀԷԿ-ում 120լ/վրկ սահմանված էկոլոգիական թողքի փոխարեն պահպանվում է 50-60լ/վրկ՝ խախտելով ՋԹ պայմանները: Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին այս ընկերությունում անցկացված ստուգման արդյունքում ընկերությանը ներկայացվել է 51 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ:
Իսկ ահա «Վակոֆուլօ» ընկերության կողմից շահագործվող «Արագած-1» ՓՀԷԿ-ում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 60լ/վրկ էկոլոգիական թողք: Մինչդեռ Համահայկական բնապահպանական ճակատը տեսանյութ է հրապարակել, ըստ որի՝ տեղում կատարված ուսումնասիրությամբ փաստվում է, որ ընկերությունը չի պահպանում էկոլոգիական թողքը՝ խախտելով ՋԹ պայմանները: Արդյունքում նշված ընկերությունների նկատմամբ ԲՊ տեսչությունը բնապահպանական օրենսդրության խախտումների համար հարուցել է վարչական վարույթ: Ապա ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը վերանայել նշված ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունները:
Ինչ վերաբերում է նախատեսվող «Լուսարփի» ՓՀԷԿ-ի կառուցմանը, ապա հաշվի առնելով գետի ծանրաբեռնվածությունը՝ նախարարությունը սկսել է 2012 թվականին տրված ջրօգտագործման թույլտվության վերանայման գործընթացը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԿԶՐԿԵՆ
Վանաձորում օրեր առաջ մահացած 5-ամյա փոքրիկի մորը՝ Մարիամ Կարապետյանին մայրական իրավունքներից զրկելու նպատակով Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը նիստ է հրավիրել:
Հիշեցնենք, որ Մարիամի 5-ամյա աղջիկը՝ Ռոզա Կարապետյանը, օգոստոսի 31-ին եղբոր հետ խաղալու ժամանակ եռման ջուր էր լցրել վրան ու 4 օր անց մահացել: Դեպքից հետո մայրը ո՛չ շտապօգնություն էր կանչել, ո՛չ էլ երեխային հիվանդանոց տեղափոխել: Կատարվածից հետո ոստիկանությունն ու մարզպետարանը մյուս երեխաներին տեղափոխել էին Վանաձորի մանկատուն: Մեզ հետ զրույցում մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը հայտնեց, որ մանկատուն տեղափոխված մյուս երեք երեխաները եղել են առողջական խնդիրներով, նրանցից մեկն անգամ այրվածքներ է ունեցել: Փոքրիկների վիճակը ներկայումս լավ է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Մարիամ Կարապետյանը Վանաձորում հայտնի է դարձել իր վատ վարքով, հակումներ ունի նաեւ ալկոհոլի նկատմամբ: Նա աշխատում եւ ապրում է աղբի գարաժներ կոչվող տարածքում որպես աղբահավաք բանվոր, Վանաձոր է եկել Հայանիստ գյուղից, մեկ տարի առաջ: Ամուսինը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, դատապարտված է 8 տարվա ազատազրկման սպանության համար: Նա երեխաներից եւ ոչ մեկի հայրությունը չի ճանաչել, ներկայումս էլ միջնորդել է խնամակալության հանձնաժողովին, որպեսզի Մարիամին զրկեն մայրական իրավունքներից:
Վանաձորի շտապօգնության բժիշկ Արթուր Սիմոնյանը, ով փոքրիկի այրվելուց չորս օր անց միայն կանչով այցելել է Մարիամի բնակարան, պատմում է, որ երեխայի մարմնի 25 տոկոսից ավելին այրված է եղել, արել են հնարավոր ամեն ինչ՝ երեխային կյանք վերադարձնելու համար, սակայն բոլոր քայլերն ապարդյուն են եղել. «Սեպտեմբերի 4-ին՝ առավոտյան 10-ի սահմանում, կանչը ստացվեց, մեկնեցինք ահազանգով աղբահանության մեքենաների հավաքատեղի: Մայրը նստած էր, մոր գրկին երեխան էր՝ անգիտակից, առանց ռեֆլեքսների, առանց որեւէ կենդանության նշանի: Քանի որ մայրը նշում էր, որ վերջին մի քանի րոպեում երեխան շնչում էր, եւ մարմինն էլ դեռեւս տաք էր, վիճակը որպես կլինիկական մահ գրանցեցինք: Սիրտ-թոքային վերակենդանացման միջոցների դիմեցինք, արհեստական շնչառություն եւ այլն: Երեխայի մահը վրա էր հասել ոչ թե հանկարծակի, այլ որովհետեւ երեխան այրվածքներ էր ստացել օգոստոսի 31-ին, եւ նրանք բժշկի չէին դիմել, ինչն էլ բերել էր երեխայի մարմնի թունավորման: Հավանաբար, երեխան առաջնային շոկից եւս դուրս չէր եկել, խորացել էր վիճակը, եւ մահը վրա էր հասել»,-պատմեց բժիշկը:
Նկատենք, որ Մարիամ Կարապետյանի քույրն էլ ոչնչով չի տարբերվում Մարիամից: Նա եւս բնակվում է աղբի գարաժներ կոչվող տարածքում, խնամքին ունի 4 մանկահասակ երեխա, որոնցից 3-ը տարբեր ամուսիններից են:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ՏԱՎՈՒՇՈՒՄ ԿՓԱԿՎԻ 2 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի «Հեռուստատեսային եւ ռադիոաբաշխիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը հայտնել է, որ հոկտեմբերի 20-ից Հայաստանի ամբողջ տարածքում կսկսվի հեռուստատեսային անալոգային հեռարձակման անջատումը, այդ գործընթացը կտեւի 10-15 օր: Տավուշի մարզում գործում է 2 հեռուստաընկերություն, որոնք անալոգային հեռարձակում են իրականացնում: Դրանք են Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունը եւ Իջեւանի «Իջեւան ՏՎ»-ն: «Քամուտ»-ը գործում է 1992 թվականից, 1996թ.-ից ունի սեփական հաղորդումներ: «Իջեւան ՏՎ»-ն հեռուստատեսային հաղորդումներ հեռարձակելու արտոնագիր է ստացել 2003թ.-ից: Արտոնագիրը 10 տարով էր, սակայն Հայաստանում թվային հեռարձակման գործընթացի սկսվելու հետ կապված նշված հեռուստաընկերության արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է: «Քամուտի» հաղորդումների սփռման տարածքը փոքր է՝ Նոյեմբերյան քաղաքը եւ հարակից, Ադրբեջանին սահմանակից 3 գյուղեր: «Իջեւան ՏՎ»-ի հաղորդումները հեռարձակվում են Իջեւան քաղաքում եւ շրջակա գյուղերում: 2 հեռուստաընկերությունների գործունեության դադարեցումից հետո Տավուշի մարզում կգործի միայն տեղական «Տավուշ» հեռուստաընկերությունը: Մարզային այդ հեռուստաընկերությունը թվային հեռարձակում ունի, առկա է համապատասխան արտոնագիր: «Տավուշը», սակայն, վերահեռարձակում է միայն «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները:

 

 

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ
Սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կայացան նաեւ Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղում: Ընտրությունների արդյունքներով Գանձաքարի գործող գյուղապետ, 1964թ. ծնված Շահեն Շահինյանը ստացել է 855, իսկ նրա մրցակից, 1976թ. ծնված Վարդգես Դովլաթբեկյանը՝ 997 քվե: Նշենք, որ Շ. Շահինյանը Գանձաքարը ղեկավարում էր 2008թ.-ից: Վարդգես Դովլաթբեկյանը բարձրագույն կրթությամբ ատամնաբույժ է, աշխատում է իր մասնագիտությամբ: Գանձաքարցիները կես կատակ, կես լուրջ ասում են, որ Վ. Դովլաթբեկյանը գյուղապետ ընտրվելով՝ անվճար կնորոգի համագյուղացիների ատամները:

ՈՍԿԱՆ ՍՐԱԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս