Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջին իսկ քննությունը տապալեց՝ ինքն էլ այդ մասին չիմանալով: Հայաստանի իշխանական համակարգը երեկ պարզապես ցույց տվեց, որ կապ չունի, թե վարչապետի աթոռին ով է նստած, եթե նա չի կարող համակարգին մերժել, ապա նա շատ արագ կդառնա նրանց գերին:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունն արդեն մոտ երեք տարի է՝ մշակում է «Հարկային օրենսգրքի» նախագիծը, որը ՀՀԿ-ն մի կերպ կարողացավ այս տարվա հունիսին առաջին ընթերցմամբ անցկացնել: Սակայն նախագիծը քննարկելիս խորհրդարանական ուժերը համաձայնության էին եկել, որ մինչեւ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելը նախագիծը պետք է լրջորեն բարեփոխվի: Ենթադրվում էր, որ այդ նպատակով խորհրդատվական մարմին պետք է ստեղծվեր, որի մեջ պետք է ներառվեին նաեւ Աժ խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:
Սակայն նման քննարկումներ չկազմակերպվեցին: Ամառը առավել քան թեժ եւ լարված մթնոլորտում անցավ, այն աստիճան, որ բոլորը մոռացել էին «Հարկային օրենսգրքի» մասին: Հանրությունը դեռ չէր հասցրել ուշքի գալ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու պատմության շոկից, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները ծրագրում են նոր կառավարություն ձեւավորել: Ի վերջո, Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց, եւ Կարեն Կարապետյանը Ռուսաստանից վերադառնալով՝ ստանձնեց վարչապետի պաշտոնը:
Ենթադրվում էր, որ նա նախ պետք է իր կառավարությունը ձեւավորեր, այնուհետեւ իր ծրագիրը մշակեր եւ ներկայացներ եւ դրանից հետո նոր միայն անդրադառնար «Հարկային օրենսգրքի» նախագծին` փորձելով դրան տալ այն տեսքը, որը նրա ղեկավարած կառավարությանը հնարավորություն կտար իր ծրագիրն իրագործել: Սակայն տեղի ունեցավ հակառակը. «Հարկային օրենսգրքի» նախագիծը կառավարությունը, որի անդամների մեծ մասը դեռեւս պաշտոնակատարներ էին, սեպտեմբերի 22-ին հաստատեց եւ ուղարկեց խորհրդարան` արտահերթ նիստով` արագացված կարգով երկրորդ ընթերցմամբ քննարկելու եւ անցկացնելու համար: Նկատենք, որ երբ կառավարությունում նախագծին հավանություն էր տրվում, փաստաթուղթն այդպես էլ չէր հրապարակվել: Այս երկուշաբթի արտահերթի մեկնակից հետո էլ այն պատգամավորներին չէր բաժանվել:
Բանն այն է, որ նախագիծը, ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների, նախօրեին քննարկվել է ՀՀ նախագահի նստավայրում, ստացվել է նրա համաձայնությունը: Դրա համար էլ նախագիծն արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր, սակայն փաստաթուղթը պատգամավորներին չէր բաժանվել, եւ միայն երեկվանից պատգամավորները կարող էին այդ ծավալուն փաստաթղթի հետ ծանոթանալ: Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքով» նախատեսվում է ամբողջությամբ փոխել Հայաստանի հարկահավաքության համակարգը: Փորձագետները համոզված են, որ ներկայացված նախագիծը Հայաստանի տնտեսությունն ավելի է կենտրոնացնելու: Այլ կերպ ասած՝ ընդհանուր տնտեսության վրա խիստ բացասական ազդեցություն է ունենալու եւ արտագաղթի լրացուցիչ առիթ դառնալու:
Այսպիսով՝ Կարեն Կարապետյանը հավանաբար գլխի չի ընկնում, որ այն պահից, երբ ուժի մեջ կմտնի այդ չարաբաստիկ «Հարկային օրենսգիրքը», Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող բոլոր զարգացումների միակ եւ անհերքելի պատասխանատուն լինելու է ինքը: Ու երբ այդ օրենքի կիրառկման արդյունքում փոքր եւ միջին ձեռներեցները սնանկանան, դրա մեղավորը չի լինելու Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը կամ մեկ ուրիշը, այլ Կարապետյանն է պատասխանատվության ողջ բեռը կրելու: Ավելին՝ նույնիսկ խորհրդարանի վրա չի կարողանա մեղքի բաժինը բարդել, քանի որ նախագիծը գաղտագողի ԱԺ բերելով՝ այդ հնարավորությունից եւս զրկվեց:
Այսօր բոլորը փորձում են հասկանալ, թե արդյոք նորանշանակ վարչապետին կհաջողվի Հայաստանի տնտեսությունում գեթ փոքր դրական տեղաշարժ արձանագրել: Սակայն, հաշվի առնելով «Հարկային օրենսգրքի» հետ կապված այս գործընթացը, կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանն արդեն իսկ ավանսով ձախողվել է:
Ավելին՝ իր ձախողմամբ նա կարժեզրկի նաեւ «պրոֆեսիոնալ կառավարության» գաղափարը, ինչպես դա տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի պաշտոնավարման տարիներին:
Հիշեցնենք` Արմեն Դարբինյանը պաշտոնավարեց մեկ տարի երեք ամիս` 1998-ի մարտի 1-ից մինչեւ 1999-ի մայիսի 30-ը: Նրա կառավարության տնտեսական բլոկի նախարարները պրոֆեսիոնալներ էին, բայց իշխանական համակարգը նրանց, մեղմ ասած, խժռեց, ինչի արդյունքում «պրոֆեսիոնալ» եզրույթը երկար ժամանակ հեգնանքի եւ ծաղրի առարկա էր դարձել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ