Հայրենի խորհրդարանի ամենաթոփերի տասնյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2001 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի պատմության մեջ գրանցվեց առաջին եւ մինչ օրս միակ նախադեպը՝ բացակայության պատճառով դադարեցվեցին պատգամավորի լիազորությունները: Այդ պատգամավորը Վանո Սիրադեղյանն էր. նա Հայաստանից անհետացավ 2000թ.-ից, իսկ լիազորությունները դադարեցվեցին 2001-ին:

Իսկ ինչպիսին է իրավիճակն այսօր. ովքեր են անպարտաճանաչ եւ պարտաճանաչ պատգամավորները: Նախ հարկ ենք համարում նշել, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում հրավիրվել է 6 քառօրյա եւ 3 արտահերթ նիստ: Նստաշրջանի ավարտից հետո գումարվել է եւս 2 արտահերթ նստաշրջան. բոլոր արտահերթերի նախաձեռնությունը եղել է կառավարությանը: Ընդունվել է 112 օրենք, որոնցից 6-ը «մայր» օրենքներ են, 106-ը՝ փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Ընդունված օրենքներից միայն 5-ի հեղինակն են ԱԺ պատգամավորները, 107-ի հեղինակը կառավարությունն է:

Եւ այսպես՝ հասկանալու համար՝ կարեւոր եւ առաջնային օրենսդրական փոփոխություններին պատգամավորների ներգրավվածությունը պատշաճ է, թե ոչ, փորձենք ներկայացնել թվային տվյալներ:

Ուսումնասիրելով ԱԺ պատգամավորների գործունեությունը՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ինչպես նախորդ նստաշրջաններին, այս՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանին եւս առաջատար դիրքերում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է: Սակայն այս անգամ ԲՀԿ նախկին առաջնորդը մրցակից ունի: Ըստ parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալների՝ Ծառուկյանի հետ նույն արդյունքը` 110 բացակայություն 110 քվեարկությունից, գրանցել է նաեւ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը: Նստաշրջանի ընթացքում նրանք չեն մասնակցել որեւէ նիստի: 105 անգամ քվեարկություններից բացակայել է ԲՀԿ խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը, 103 անգամ` հանրապետական Արթուր Գեւորգյանը:

Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարում են ԱԺ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում: Իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ պատգամավորի բացակայությունները հաշվառում է ԱԺ աշխատակազմը, իսկ հաշվառված բացակայությունները՝ համապատասխան հիմքերի առկայությամբ, հարգելի է համարում ԱԺ նախագահը: Այսինքն՝ ԱԺ նախագահի լիակատար հայեցողությանն է թողնված՝ հարգելի համարե՞լ պատգամավորի բացակայությունը, թե՞ ոչ:

Իհարկե, կանոնակարգ-օրենքում մի քանի արձանագրումներ կան, թե որ դեպքերում է բացակայությունը համարվում հարգելի, օրինակ՝ գործուղում, ժամանակավոր անաշխատունակություն, հրապարակային հայտարարություն՝ տվյալ քվեարկությանը չմասնակցելու մասին: Բացակա պատգամավորների թոփ 10-ում ընդգրկված պատգամավորների մի մասը, կարծես թե, այդքան գործուղումների մեջ չի եղել ու ոչ էլ հայտարարություն է արել՝ քվեարկությանը չմասնակցելու մասին: Երեւի թե ժամանակավոր անաշխատունակության թերթիկ են ներկայացրել:

Խորհրդարանից, ինչպես հայտնի է, երբեք մամուլին չեն տրամադրել պատգամավորների բացակայությունների հիմքերը եւ բոլոր հարցումներին՝ այդ ի՞նչ երկարատեւ ու քրոնիկ հիվանդություններով են տառապում բացակայածները, հնչել է նույն պատասխանը. «Դա հրապարակման ենթակա չէ»: Ի լրումն գործող կանոնակարգի 6-րդ հոդվածը թույլ է տալիս բացակա պատգամավորների հարցով դիմել էթիկայի հանձնաժողով, բայց փորձը ցույց է տալիս, որ որեւէ պատգամավորի հարցով հանձնաժողովում դիմում չի ստացվել: Դե ինչ, մնում է հենվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարեխիղճ եւ արդար որոշումների վրա:

Օրենքն անտեսող եւ խորհրդարանի երեսը չտեսած օրենսդիրներից անցում կատարենք «ամենակողմ»-երի հիթ-շքերթին: Ըստ հրապարակված տվյալների՝ 7-րդ նստաշրջանում, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն է: Այս խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն ու Ալեքսան Պետրոսյանը կողմ են քվեարկել բառացիորեն բոլոր նախագծերին: Ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է, իսկ խմբակցությունը՝ «Ժառանգությունը»: Ձեռնպահ քվեարկողների հիթ-շքերթը գլխավորում է ՕԵԿ-ը (նախորդում ՀՅԴ-ն էր): Իսկ ԲՀԿ-ն առաջատար է բացակայածների եւ չքվեարկածների թվում:

«Ամենա»-ների թոփն անվերջ կարելի է թվարկել, խնդիրն այստեղ այն է, թե ինչպես են վերաբերվում իրենց աշխատանքին սույն անձինք եւ ինչ աչքերով են նայում իրենց ընտրողներին: Թերեւս միակ պատճառն անպատժելիության մթնոլորտն է, որն էլ իր հերթին ամենաթողության հետեւանքն է:

Հ.Գ. 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո Սերժ Սարգսյանը, խոսելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեության մասին, ասել էր. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»:

Դրանից անմիջապես հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարեց ուսումնասիրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, դրանց հիմքերը, որից հետո ԱԺ նախագահը պետք է որոշում կայացներ: Բացի այդ՝ ԱԺ նախագահը հանձնարարել էր աշխատակազմին հնարավորինս արագ ուսումնասիրել բոլոր պատգամավորների բացակայությունները:

Ուսումնասիրությունների արդյունքները, սակայն, հայտնի չեն մինչ օրս: Համենայնդեպս, առ այսօր Գագիկ Ծառուկյանի մանդատը պահպանվում է, իսկ «ծույլիկ» պատգամավորների թիվը գնալով շատանում է: Թերեւս, եթե օրենսդիրի ներկայացուցիչներն ավելի լուրջ վերաբերվեին իրենց գործին եւ ըստ էության գնահատեին դրա կարեւորությունը, իրավիճակն այս աստիճան ողբերգական չէր լինի: Եվ մեկ-երկու պատգամավորի լիազորություններից զրկելը, անկասկած, կսթափեցներ մյուս անպարտաճանաչներին:

Տաթև Հարությունյան




Լրահոս