ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել էր դեռ 2015 թվականի հունիսի 8-ին՝ ԱԺ սոցիալական հացերի մշտական հանձնաժողովի նիստում եւ որոշում էր կայացվել այն հետաձգել մինչեւ մեկ տարով: «Ժողովուրդ»-ը օրենքի այս նախագծի հետաձգման պատճառների եւ սահմանված ժամկետներում այն չքննարկելու վերաբերյալ զրուցեց նախագծի հեղինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, 2016 թվականի հունիսի 8-ին լրացավ այն սահմանված ժամկետը, որի ընթացքում պետք է ԱԺ օրակարգ ընդգրկվեր «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչո՞ւ այն հետաձգվեց անցյալ տարի եւ ինչո՞ւ չքննարկվեց սահմանված ժամկետի ընթացքում:
-Քանի որ նմանատիպ արտոնություններ միայն ես չեմ առաջարկել, «ՕԵԿ»-ը եւ կառավարությունը եւս ունեին նման առաջարկներ, որոշել էինք համատեղ քննարկում անցկացնել եւ միասնական մեկ նախագիծ ներկայացնել: Դա պետք է տեղի ունենար այս տարի ապրիլ ամսին, սակայն ապրիլին եղավ պատերազմը, հետո առաջացան այլ խնդիրներ, որոնց պատճառով քննարկումները հետաձգվեցին: Կարծում եմ` նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նորից կբարձրաձայնենք այս մասին:
-Ըստ Ձեզ՝ կա՞ն օրենքի այնպիսի նախագծեր, որոնք հույժ կարեւոր են, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են:
-Օրինակ՝ այսօրվա դրությամբ, եթե նայենք զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրներին, հատկապես նրանց, ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին, ապա դրա վերաբերյալ ներկայացված նախագիծը շատ կարեւոր չէ: Բայց հետո պարզվեց՝ նախարարը անձամբ գնալով եւ տեսնելով բոլոր վիրավորներին, ինքն է հրաման տվել զբաղվել այդ հարցով, ստացվում է՝ մերժում է, հետո սկսում է ինքն անել: Այսպիսի շատ ու շատ նախագծեր կան:
-Բայց որո՞նք են հետաձգման պատճառաբանությունները, եթե այդ նախագծերի իրագործման դեպքում այդքան կարեւոր խնդիրներ են լուծվելու:
-Հիմնականում միշտ ասվում է հետեւյալը. ֆինանսական միջոցների աղբյուրը ցույց տվեք, փորձենք իրագործել, եթե մենք մի տեղ ավելացնում ենք, մյուս տեղից կտրում ենք: Թող ձեւավորեն, ազնիվ տնտեսություն վարեն, ազնիվ հարկերը վճարեն, վստահ եմ, որ գումարները կավելանան, եւ մնացած ծրագրերը, որոնք կարեւոր են, կիրագործվեն:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ