Հայաստանը սրընթաց մոտենում է «սնանկանալու» եզրագծին. պետական բյուջեն  «նիսյայով են լցրել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին ութ ամիսների պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են ավելի քան 40 միլիարդ դրամով: Այս փաստն ի հայտ է գալիս օրերս հրապարակված պաշտոնական տվյալները ուսումնասիրելու արդյունքում:

Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա ութ ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 733 միլիարդ 364 միլիոն դրամ: Անցած տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է մոտ 7 միլիարդ դրամով: Սա այն դեպքում, երբ հակառակ երեւույթը պետք է տեղի ունենար, որպեսզի պետական բյուջեն կատարվեր, եկամուտները, անցած տարվա համեմատ, մոտ 5 տոկոսով պետք է ավել լինեին: Ըստ այդմ, ստացվում է, որ այս տարվա պետական բյուջեն, անցած տարվա ութ ամիսների համեմատ, մոտ 35 միլիարդ դրամով պետք է ավել լիներ: Ուստի սպասվող աճն ու փաստացի թերակատարումը հաշվի առնելով՝ ստացվում է, որ եկամուտների գծով պետական բյուջեն առնվազն 40 միլիարդ դրամի թերակատարում է ունեցել:

Ի դեպ, հարկեր եւ տուրքերի գծով եկամուտներն այս տարվա ութ ամիսների արդյունքներով կազմել են 696 միլիարդ 121 միլիոն դրամ: Այս ցուցանիշը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,3 միլիարդ դրամով: Ի դեպ, ուշագրավ է, որ հարկատեսակներից աճ է արձանագրվել ակցիզային հարկի գծով` մոտ 5 միլիարդ դրամի չափով եւ շահույթահարկի գծով` շուրջ 22 միլիարդ 795 միլիոն դրամ: Եթե ակցիզային հարկի աճը պայմանավորված է բենզինի, դիզելային վառելանյութի եւ սիգարետների ակցիզային հարկերի դրույքաչափերի՝ այս տարեսկզբի բարձրացմամբ, ապա շահույթահարկի գծով մուտքերի ավելացումը արհեստական բնույթ է կրում եւ հիմնականում գերավճարների արդյունք է: Սպառման ընդհանուր ծավալների անկման պայմաններում, երբ տնտեսավարողները բոլոր ցուցանիշներով միայն անկում են արձանագրում, նրանց շահույթները նման ծավալներով չէին կարող աճել: Եթե շահույթներն իսկապես նման` 32 տոկոսով աճած լինեին, ապա Հայաստանի տնտեսությունն այժմ աճից «կտրաքեր»: Ի վերջո, եթե շահույթահարկի նման աճ է արձանագրվել, Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից ինչու հրաժարական ներկայացրեց, ինչու է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում, որ Հայաստանի տնտեսությունը շատ ծանր կացության մեջ է գտնվում: Շահույթահարկի մուտքերի նման աճ արձանագրող երկրի տնտեսությունը չի կարող վատ վիճակում լինել:

Փոխարենն ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջեի եկամուտների 35 միլիարդ 252 միլիոն դրամով անկումը իսկապես բնորոշում է Հայաստանի տնտեսության ողբերգական վիճակը: Ի վերջո, հարկայինը կարող է ընկերություններին խնդրել կամ պարտադրել, որպեսզի նրանք շահույթահարկի գերավճար կատարեն, բայց ավելացված արժեքի հարկը տնտեսվարողի փաստացի գործունեությունից է գանձվում, եւ այդ մասով մի փոքր դժվար է տնտեսվարողին գերավճար պարտադրել: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ այս տարվա ութ ամիսների կտրվածքով հարկեր եւ տուրքերի գծով պետական բյուջեի եկամուտների խնդիրը հիմնականում լուծվել է շահույթահարկի գերավճարներ հավաքագրելու հաշվին: Հակառակ դեպքում հարկային եկամուտների գծով պետական բյուջեն ավելի ողբերգական վիճակում էր գտնվելու, քան առկա է:

Սակայն գերավճարներով բյուջեն լցնելը մի շատ վատ հատկություն ունի. ի վերջո, ինչ-որ պահի անհրաժեշտ է լինում այդ գերավճարները զրոյացնել, այդ ժամանակ արդեն բոլոր խնդիրները միանգամից են ի հայտ գալիս:

Ի դեպ, այս տարվա ութ ամիսների կտրվածքով պետական բյուջեի պակասորդը կազմել է 131 միլիարդ 13 միլիոն դրամ: Անցած տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդը եղել է 97 միլիարդ 38 միլիոն դրամ: Ի դեպ, չնայած պետական բյուջեի միջոցները գնալով նվազել են, բայց դա չի խանգարել, որպեսզի ծախսերը աճեն: Այսպես՝ անցած տարվա ութ ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են 837 միլիարդ 423 միլիոն դրամ, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում պետբյուջեից ծախսվել է 864 միլիարդ 378 միլիոն դրամ: Այսինքն՝ պետությունը շարունակել է աղքատանալ, բայց նրա ղեկավարները, չգիտես ինչու, որոշել են, որ նախկինից 27 միլիարդով ավել գումար պետք է ծախսեն: Նման տնտեսվարում ունեցող ընտանիքները կարճ ժամանակում սնանկանում են: Պետության դեպքում սնանկացումը մի փոքր ավելի երկար է տեւում, քանի որ մինչ այդ սկսում է պետական պարտքը սրընթաց աճել, ինչն այժմ տեղի է ունենում: Իսկ պետությունը «սնանկանում» է այն ժամանակ, երբ պարզվում է, որ այն իր տնտեսությամբ ի վիճակի չէ պարտքերը վերադարձնել: Հայաստանը դեռ նման վիճակի չի հասել, բայց սրընթաց մոտենում է այդ եզրագծին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս