Կիրակի օրը Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրությունները փաստացի ցույց տվեցին այն տխուր վիճակը, որում գտնվում է Հայաստանի քաղաքական դաշտը, հատկապես ընդդիմադիր հատվածը:
Ինչպես հայտնի է` Գյումրիում ավագանու անդամ ունենալու համար անհրաժեշտ նվազագույն վեց տոկոս շեմը հաղթահարել են չորս քաղաքական ուժեր` իշխող ՀՀԿ-ն, որը Գյումրիում հանդես էր գալիս «Բալասանյան դաշինք» անվան տակ` ստանալով 15 մանդատ, ԲՀԿ-ն` 9 մանդատ, ՕԵԿ-ը, որը ներկայացված էր «Հայկական վերածնունդ կուսակցություն» անվան ներքո` 5 եւ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը` 4 մանդատ:
Սակայն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի 165 հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Եթե մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին»: Տվյալ դեպքում 33 մանդատի 40 տոկոսը կազմում 13,2 մանդատ: Այսինքն` ստացվում է, որ ՀՀԿ-ն հաղթահարել է օրենքով անհրաժեշտ 40 տոկոսի արգելքը եւ բացարձակ մեծամասնություն ունենալու համար այն պետք է բոնուս ստանա: Ըստ այդմ, մանդատների բաշխվածությունը հետեւյալ տեսքն է ստանում. ՀՀԿ` 17 մանդատ, ԲՀԿ` 8, «Հայկական վերածնունդ»` (ՕԵԿ) 4 եւ ԳԱԼԱ 4: Գյումրիի ավագանու ըմտրությունները պաշտոնապես ամփոփելուց եւ գործող ավագանու լիազորությունների ավարտից հետո՝ 10 օրից, նորընտիր ավագանին առաջին նիստը կգումարի, որի ընթացքում էլ ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:
Վանաձորում ավագանու անդամ ունենալու նվազագույն 6 տոկոս շեմը հաղթահարել են հինգ կուսակցություններ` ՀՀԿ-ն` 13 մանդատով, «Լուսավոր Հայաստան»-ը` 10 մանդատով, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ)` 5, ՀՅԴ-ն` 2 եւ ԲՀԿ-ն` 3 մանդատներով:
Վանաձորի դեպքում ՀՀ ԸՕ 165 հոդվածով նախատեսված բոնուսը չի գործում, քանի որ 33 մանդատների 40 տոկոսն, ինչպես արդեն նշեցինք, ստացվում է 13,2: Հետեւաբար, որպեսզի ՀՀԿ-ն բոնուս ունենար, նրան անհրաժեշտ էր նախնական հաշվարկով 14 մանդատ ստանալ: Այլ կերպ ասած, Վանաձորում քաղաքապետի պաշտոնի համար պայքարը դեռ ավարտված չէ: Հանրապետական քաղաքապետ ունենալու համար ՀՀԿ-ին անհրաժեշտ է լինելու 4 ավագանու աջակցություն: Տվյալ դեպքում, ակնհայտ է, որ ՀՅԴ-ն, որպես կոալիցիոն գործընկեր, ՀՀԿ-ի թեկնածուին կպաշտպանի: Բայց ՀՅԴ-ն ունի 2 մանդատ, ու ստացվում է, որ եւս 2 մանդատի պակաս դեռ ՀՀԿ-ն զգալու է:
Իսկ ինչպե՞ս կվարվեն ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Իհարկե, ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մեծ փորձ ունեն: Սակայն խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ նրանք դժվար թե համարձակվեն նման ռիսկի դիմել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ խնդրի լուծումը գտնվել է: ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն իշխանությունների հասցեին խիստ քննադատություններ հնչեցնելով հանդերձ՝ կհրաժարվեն ՀՀԿ-ի հետ Վանաձորի ավագանում կոալիցիա կազմելուց: Բայց միեւնույն ժամանակ, ըստ ամենայնի, նրանք կմերժեն «Լուսավոր Հայաստանին» եւ կոալիցիա չեն ձեւավորի: Կամ էլ կհայտարարեն, որ խղճի մտոք են քվեարկելու իրենց ավագանիները, եւ ՀՀԿ-ի առաջին համարը հեշտությամբ ավագանու ընտրությամբ կդառնա Վանաձորի քաղաքապետ:
Իսկ եթե ԲՀԿ-ն եւ անվանափոխված ՕԵԿ-ը համաձայնեն «Լուսավոր Հայաստանի» հետ կոալիցիա կազմել, ապա քաղաքապետի պաշտոնը տնօրինողը կդառնան նրանք երեքով: Այսինքն` իրականում կհակադրվեն ՀՀԿ-ին: Հիմա նրանք իրականում պետք է ցույց տան, թե որքանով են պատրաստ ռեալ, միասնական պայքար մղել ՀՀԿ-ի դեմ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Գյումրին եւ Վանաձորը մինչ այս Հայաստանի ամենաընդդիմադիր համայնքների համարումն ունեին, ուստի անցած ընտրությունները կարեւոր էին հասկանալու համար, թե 6 ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ունենալու հարցում իշխանությունների հնարավորություններն ինչպիսինն են: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը անցած ՏԻՄ ընտրություններից հետեւություններ չանեն, ապա Գյումրիում եւ Վանաձորում կիրառված մեխանիզմով, որի էությունը կայանում էր իշխանական ուժերի կողմից մարդկանց ուղղորդված տեղամասեր ուղարկելը, ՀՀԿ-ն իր մի քանի արբանյակների հետ կարող է առանց խոչընդոտի 2017 թվականին խորհրդարանում մեծամասնություն հավաքել:
Ի դեպ, ընտրողներին ուղղորդված տեղամասեր տանելու գործելաոճը կիրառել են ինչպես իշխող ՀՀԿ-ն, այնպես էլ իրենց իբր ընդդիմություն հռչակած ԲՀԿ, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ-ը) եւ Դաշնակցությունը: Սակայն նրանք զրկված են եղել տեղամասերի ներսում լուրջ ընտրակեղծիքներ թույլ տալու հնարավորությունից: Սա նշանակում է, որ Վանաձորի եւ Գյումրու ընտրողները գնացել եւ իրենց ձեռքով ընտրել են իշխանական ուժերին: Այս դեպքում էական չէ, թե նրանք ինչու են դա արել` ընտրակաշառքի դիմաց, թե աշխատանք կորցնելու սպառնալիքի տակ: Փաստն այն է, որ Գյումրիում եւ Վանաձորում տեղամասերն ամբողջությամբ վերահսկվել են ընդդիմության վստահված անձանց եւ դիտորդների կողմից, եւ քվեներ չեն գողացվել: Եթե ընտրողները դեմ էին իրենց «պարտադրված» ընտրության, ապա նրանք կարող էին այլ կերպ վարվել, քանի որ տեղամասերում քվեարկության գաղտնիությունն ապահովված է եղել գրեթե 100 տոկոսով:
Մի խոսքով, իշխանությունները կարող են արձանագրել, որ ընտրությունների վերահսկման իրենց մշակած համակարգն այս պահին արդյունավետ գործում է: Իսկ ընդդիմությունը պետք է արձանագրի, որ չնայած իրեն հաջողվել է տեղամասերում վերահսկողություն սահմանել, սակայն դրա արդյունքում քվեարկության վերջնաարդյունքը չի փոխվում: Ուստի ընդդիմությունը տեղամասերը վերահսկելուց բացի՝ պետք է կարողանա նաեւ ընտրողներին համոզել, որ իր օգտին քվեարկեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ