ՀՀ Փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է ՌԴ փաստաբանության ինստիտուտի ձևավորման 150 ամյակի միջոցառումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը Մոսկվայում մասնակցել են Ռուսաստանի Դաշնության փաստաբանության ինստիտուտի ձևավորման 150 ամյակին նվիրված միջոցառումներին:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 30-ին 9 երկրի՝Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Ուզբեկստան, Հայաստան փաստաբանական համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են համագործակցության հնարավորուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել են քրեական գործերով դատավարություններին մասնակցող փաստաբանների գործունեության ստանդարտացման հնարավորությունը:

Կլորսեղան-քննարկմանը Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն կարևորել է արտերկրյա գործընկերների փորձը՝ նշելով, որ հատկապես հետխորհրդային երկրների փաստաբանների համար առավել առաջնահերթ է խորացնել ոլորտային համագործակցությունը, քանի որ միևնույն անցյալով պայմանավորված հաճախ են բախվում նույնաբնույթ խնդիրների:

Այս իմաստով միասնական լուծումներ գտնելն առավել արդյունավետ և փոխշահավետ գործընթաց է համարել:

Նա տեղեկացրել է ներկաներին, որ Ռուսաստանի փաստաբանական համայնքի համար արդիական խնդիր է քրեական դատավարությանը փաստաբանի մասնակցության կանոնակարգումը՝ նշելով, որ Դաշնությունում գործող փաստաբանների 70 տոկոսը քրեական գործերով են մասնագիտացած:

Միաժամանակ վերջինս տեղեկացրել է, որ ռուսաստանյան որոշ փաստաբաններ առաջարկել են նշված կանոնակարգումն իրականացնել քրեական գործերով հանդես եկող փաստաբանի գործունեությունը ստանդարտացնելու միջոցով և մասնակիցների դատին է հանձնվել ստանդարտի նախագիծը:

Ըստ առաջարկվող ստանդարտի, քրեական գործով փաստաբանը պարտավոր է իրականացնել որոշակի ծավալով գործողություններ։
Մասնագիտական քննարկումների արդյունքում հնչել են տարբեր տեսակետներ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ներկայացուցիչները բացասական դիրքորոշում են հայտնել փաստաբանական գործունեության ստանդարտացման վերաբերյալ՝ նշելով, որ յուրաքանչյուր քրեական գործ յուրօրինակ է և ստանդարտացման դեպքում կարող է սահմանափակվել պաշտպանյալի իրավունքների պաշտպանությանն ուղղված փաստաբանի ազատ գործելու հնարավորությունը. հետևաբար ստանդարտներով առաջնորդվելը ռիսկային և միևնույն ժամանակ բավական զգայուն հարց է, կարող է չնախատեսված հետևանքներ ունենալ:

Ղազախստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը նույնպես բացասական կարծիք է ներկայացրել ստանդարտացման վերաբերյալ։
Քննարկումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը ներկայացրել է հանրային պաշտպանության ոլորտում ՀՀ փաստաբանների պալատի փորձը, հանրային պաշտպանի գրասենյակի գործառույթների առանձնահատկությունները և արդյունավետությունը:

Մյուս երկրների փաստաբանական համայնքների ներկայացուցիչները, ըստ էության,  դժգոհել են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրենց երկրների մոդելներից՝ հետաքրքրությունը ցուցաբերելով հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտին։

Հանդիպման ավարտին մասնակիցները եկել են նախնական համաձայնության ԱՊՀ և Բալթյան երկրների համատեղ երկրորդ հանդիպումն անցկացնել 2017-ի գարնանը՝ Վրաստանում:

Երկրորդ միջազգային մասնագիտական հավաքի օրակարգում են լինելու փաստաբանի գործունեության, հաճախորդի պաշտպանության միջազգային մոտեցումների և ոլորտին առնչվող այլ թեմաներ:

ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն




Լրահոս