«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն իսկ ակնհայտ է, որ կարտոֆիլի բերքն այս տարի առատ է, եւ գյուղացիները, ինչպես միշտ, իրենց ապրանքն իրացնելու անլուծելի դարձած խնդրի առջեւ են կանգնել: Ու եթե փոքր տնտեսությունների դեպքում խնդիրն ինչ-որ կերպ լուծելի է. մարդիկ շուկաներում կարող են կիլոգրամ-կիլոգրամ իրացնել իրենց բերքը, ապա ֆերմերների դեպքում, որոնք 10 կամ 20 տոննա կարտոֆիլի բերք են ստացել, լուրջ խնդիր է առաջանում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերման հարցերով չի զբաղվում՝ վկայակոչելով, որ իր գործառույթներն են՝ «գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի մշակումը եւ դրանց իրականացման մոնիթորինգը», ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն էլ ի զորու չէ շուկա գտնել հայ ֆերմերների համար: Ավելին՝ այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 2 մլն 358 հազար 725 կգ կարտոֆիլ՝ 40-60 դրամով: Արդյունքում ներքին շուկան հագեցվեց ռուսական կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլի գինն էլ կտրուկ ընկավ՝ դառնալով 90-100 դրամ, որը շատ ցածր գին է մեծ ծախսեր կատարած գյուղացիների համար:
Իսկ ի՞նչ է անում այստեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Կոնկրետ կարտոֆիլի ցանքս իրականացրած ֆերմերների ու գյուղացիների վրա սերմացու, ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելիք է վաճառում ՀՀ պետբյուջեի հաշվին որոշակի արտոնյալ պայմաններով: Եւ վերջ: Մինչդեռ Հայաստանում կան բազմաթիվ հաջողակ գործարարներ, որոնք կարող են առավել մատչելի գներով գյուղացուն վաճառել վերը նշված անհրաժեշտությունները: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի մի ողջ նախարարության վրա ՀՀ պետբյուջեից տարեկան մոտ 16 մլրդ դրամ հատկացնելը: Վերլուծելով առկա իրավիճակը՝ «Ժողովուրդ» օրաթերթն առաջարկում է ՀՀ վարչապետին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել գյուղմթերքի մեծածախ իրացմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը խթանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել՝ անհրաժեշտության դեպքում իրավական դաշտը բարեփոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական առաջարկներ: Գյուղմթերքի մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունների միջոցով աճեցված բերքի իրացման հետ կապված խնդիրները կլուծվեն, եւ ֆերմերային տնտեսությունները հաստատուն զարգացման հնարավորություն կունենան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: