ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով ավելի քան 5 ամիս որեւէ տեղաշարժ չկար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սույն քրեական գործում նոր զարգացումներ են տեղի ունենում: Պարզվում է` հայրենի իրավապահները որոշել են գործում ներգրավել նաեւ միջազգային կառույցներին:
Սակայն ամեն ինչի մասին ըստ հերթականության
Նախ հիշեցնենք՝ ընթացիկ տարվա հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ներկայացել էր ՀՔԾ եւ ցուցմունք տվել: Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր, համաձայն որոնց` այդ ժամանակ դեռեւս ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Այս հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները: Ավելի ուշ հանձնարարվեց hատուկ քննչական ծառայությանը, որ մայիսի 2-ին ՀՔԾ-ում Մ. Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվի քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):
Սկզբում Միհրան Պողոսյանը լռում էր, այնուհետեւ անձամբ ստանձնեց հրապարակայնորեն իրեն պաշտպանելու գործընթացը: Վերջինիս գրասենյակը մայիսի 20-ին հայտարարություն տարածեց, թե մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանի հաշիվների մասին հատվածը հերքվել է Շվեյցարիայից իրենց տրված պատասխանով: Ըստ գրասենյակի` Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամար գոյություն չունի:
Իսկ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել հատուկ քննչական ծառայությունում, ի՞նչ է բացահայտվել մինչ այսօր:
Այսպես՝ «Ժողովուրդ»-ին իրավապահ մարմինների մոտ կանգնած իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը վերջին հարցաքննությունից հետո այլեւս հարցաքննության չի հրավիրվել: Պարզվում է՝ ներգրավվածության շրջանակներն ավելի են ընդլայնվում: Մեր տեղեկություններով` օֆշորային գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Հայաստան է հրավիրել միջազգային կառույցների ղեկավար պաշտոնատար անձանց: Ըստ էության` ՀՀ իրավապահները նշված անձանցից վերցված ցուցմունքերով կփորձեն հասկանալ` Պանամայի օֆշորային գործարքներում Միհրան Պողոսյանի անվան շրջանառությունը որքանով է համապատասխանում իրականությանը:
Թերեւս, ԴԱՀԿ նախկին պետի ցուցմունքներն այնքան էլ միանշանակ եւ անհերքելի չեն ընկալվել հայրենի իրավապահների կողմից, եւ վերջիններս փորձում են շրջանառվող տեղեկությունների հավաստիությունը պարզել ավելի լայն շրջանակներից:
Ի դեպ, չի բացառվում, որ Հայաստան հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաները լինեն հենց վերը հիշատակված շվեյցարական «LGT» բանկի անձնակազմից:
Մեր տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից: Վերջինս մեր հարցին ի պատասխան` նշեց. «Քրեական գործին վերաբերող մանրամասներ նախաքննության այս փուլում, քննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն»:
Այսպիսով՝ առայժմ հնարավոր չեղավ պարզել, թե Պանամայի օֆշորային գործարքների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ովքեր են հրավիրվել Հայաստան, սակայն չենք կարող բացառել, որ առաջիկայում նոր աղմկահարույց մանրամասներ ի հայտ կգան, եւ, թերեւս, սրանից հետո կհստակեցվի` ինչ կարգավիճակով է, ի վերջո, Միհրան Պողոսյանը ներգրավվելու գործին:
Հիշեցնենք՝ երբ օֆշորային գործը ոստիկանությունից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քաղաքական հրահանգ էր տրվել ԴԱՀԿ նախկին պետի գործը քննել օրենքի ողջ խստությամբ: Սակայն ավելի ուշ քաղաքական վերնախավում որոշում կայացվեց, որ գործը քննեն՝ առանց մանրամասների մեջ լուրջ խորանալու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ քննիչները օպերատիվ գործողություններ են իրականացնում: Ասել է, թե նրանք շարունակում են ստուգել ե՛ւ մամուլում հրապարակված տեղեկությունները, ե՛ւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետի ցուցմունքները, համադրել դրանք միմյանց: Իսկ թե ինչով կավարտվի գործընթացը, դժվար է ասել: Միայն պետք է փաստել, որ հանրային գիտակցության մեջ արմատացած է այն տեսակետը, որ Միհրան Պողոսյանը կասկածելի ճանապարհներով հարստացած պետական պաշտոնյա է, որն ունենալով իշխանության ամենավերին օղակների հովանավորությունը՝ երկար ժամանակ անարգել գործել է: Ու առ այսօր կարծես թե ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանը հարուցված քրգործով որպես մեղադրյալ չի ներգրավվել:
Տաթեւ Հարությունյան