ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՉԸՆԴԴԻՄԱՑԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ արտահերթ նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումն էր, որին հետեւեց քվեարկությունը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 77 կողմ, 2 դեմ, 9 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նախագծին դեմ էին քվեարկել միայն «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը: Ուշագրավ է, որ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը պասիվ էին իրենց իսկ կողմից քննադատվող այս նախագծի քվեարկության ժամանակ: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որն էր ադ պասիվության պատճառը:

Ընդդիմադիր համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իրենց որոշումն այսպես հիմնավորեց. «Պատճառը շատ պարզ է, մենք կառավարության կողմից իրականացվող կարուձեւին որեւէ կերպ մտադիր չենք մասնակցելու, հերթական կարուձեւն է, հերթական խմբաքանակ նախարարների համար պաշտոններ վերաձեւելու»: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախորդ կառավարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ընդգծելով, որ այն ժամանակ էլ կառավարությունը վերաձեւեցին Դաշնակցության համար, սակայն մի տարբերությամբ.«Այն ժամանակ այնքան ազնվություն ունեցան, որ հերթական զեկուցողը, որը կրկին տիկին Հովհաննիսյանն էր, չասաց՝ օպտիմալացման համար ենք անում, այլ ասաց` այո՛, անում ենք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:
Իսկ այն հարցին, թե արդյոք դեմ չքվեարկելը չի ապահովի իշխանության ծրագրերի սահուն անցկացումը, տիկին Զոհրաբյանը պատասխանեց.«Իշխանությունը ամեն դեպքում ունի մեծամասնություն՝ իր բոլոր ծրագրերը անցկացնելու համար, բայց իշխանության ծրագրերը ամեն դեպքում մեզ չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեր քաղաքական օրակարգը»:
ԱԺ արտահերթ նիստից բացակայողների թվում էին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ քարտուղար Արամ Մանուկյանը: Իսկ նիստին մասնակցող խմբակցության ներկայացուցիչները` Ստեփան Դեմիրճյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը, ձեռնպահ քվեարկեցին: «Ժողովուրդ»-ը հարցի առնչությամբ զրուցեց Արամ Մանուկյանի հետ: Պարզվեց` վերջինս գտնվում է Վանաձորում եւ զբաղվում է առաջիկա ՏԻՄ ընտրություններով: Արամ Մանուկյանը զարմացավ` միթե իշխանություններն այնքան խելք չունեն, որ հանրապետությունում սպասվող ընտրությունների նախաշեմին արտահերթ նիստ են հրավիրում. «Չէի՞ն կարող 5 օր հետո նիստն անցկացնել, այնքան խելք չունեն մտածեն, որ երբ ՀՀ-ում ընտրություններ են, չպետք է արտահերթ նիստ հրավիրեն, եւ ես նախըտրել եմ լինել այնտեղ, որտեղ ժողովուրդը ընտրություն է անցկացնում»: Արամ Մանուկյանը չցանկացավ մեկնաբանել իր կուսակից ընկերների ձեռնպահ լինելու փաստը` պատճառաբանելով.«Ես Վանաձորում ընտրություններով եմ զբաղված, խաբար չեմ՝ մարդիկ ինչ են այնտեղ քվեարկում»:
Իրենց ընդդիմադիր հռչակած, բայց քվեարկության ժամանակ «պասիվություն» դրսեւորած խմբակցություններից «ՕԵԿ»-ը «պասիվություն» ցուցաբերեց նաեւ մեր հեռախոսազանգերին պատասխանելու հարցում: Նրանց պատճառաբանությունը լսել չհաջողվեց:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ եւ միաժամանակ «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը ձեռնպահ քվեարկածների թվում է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա որեւէ լուրջ վերաբերմունք չունի այդ նախագծի վերաբերյալ, պատճառն այն է, որ սա նրա դիտարկմամբ, զուտ անվանումների փոփոխություն է.«Այլ հարց կլիներ, եթե իրականում կառավարության ծրագրի մասին լիներ նախագիծը: Այդ ժամանակ ընդդիմադիր լինել կամ չլինելով՝ քվեարկությունը պայմանավորված կլիներ: Իմ կարծիքով՝ մենք պետք է գնահատենք ոչ թե անունը ինչպիսին է, կամ անվան մեջ ինչպիսի փոփոխություն է լինում, այլ իրականում կառավարության գործառույթը ինչպիսին է լինում, ինչպես է այն դրսեւորվում, հետեւաբար որեւէ նշանակություն տալը տեղին չէ»,- նշեց Էլինար Վարդանյանը:
Այնուամենայնիվ, ստացվում է, որ հայրենի ընդդիմադիրների «ընդդիմությունը» դրսեւորվում է միայն բարձրագոչ հայտարարություններով: Նրանք մշտապես քննադատում են իշխանությունների գործելաոճն ու ծրագրերը, սակայն դրանց իրականացման ճանապարհին որեւէ խոչընդոտ չեն առաջացնում:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԱԶՆՎԱՁՈՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՎՈՒՄ

Լոռու մարզի Ազնվաձոր համայնքն այս տարի էլ չի գազաֆիկացվի, ինչը բնակչության շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել: 600 բնակիչ ունեցող համայնքը գտնվում է Վանաձորից շուրջ 10 կմ հեռավորության վրա:

Գյուղը երբեւէ գազաֆիկացված չի եղել, ամեն տարի բնակիչները հույսով սպասում են, թե ձմռանը կկարողանան գազով տաքացնել բնակարանները, մինչդեռ տարիներն անցնում են, բայց ազնվաձորցին այդպես էլ չի կարողանում օգտվել կապույտ վառելիքից: Ազնվաձորի գյուղապետ Նարեկ Հովսեփյանն ասում է, թե համայնքի գազաֆիկացման ծրագիրը պետական միջոցներով պետք է իրականացվի, այն նախատեսված է 2017-2018թթ-ին:
Համայնքի դպրոցում սովորոմ է 40 աշակերտ: Ձմռանը դպրոցը ջեռուցվում է էլեկտրականությամբ: Մանկապարտեզ գյուղում չկա, մինչդեռ մանկապարտեզային տարիքի 40 երեխա կա, որոնց ծնողները չեն կարողանում աշխատանքի ընդունվել, քանի որ երեխաներին խնամող չկա. «Մանկապարտեզի կարիքն իսկապես զգացվում է, բայց համայնքի բյուջեով մանկապարտեզ պահել պարզապես անհնար է»,-ասում է համայնքի ղեկավարը: Ըստ նրա՝ իրենք փորձում են մանկապարտեզի համար շենք գնել, իսկ պահպանման եւ մյուս գումարների խնդիրներն էլ հավանաբար որեւէ ծրագրով կլուծվեն:
Անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող գյուղի թերեւս կարեւորագույն խնդիրը կապույտ վառելիքի բացակայությունն է ու խմելու ջրով գյուղի ամբողջական ապահովումը: Թաղամասեր կան, որտեղ խմելու ջրագիծ չի գործում:
Ազնվաձորում, ինչպես մարզի 88 այլ համայնքներում, հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են: Առաջադրված է երկու թեկնածու՝ գործող գյուղապետն ու դպրոցի ուսուցչուհին: Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է կրկին որոշել համայնքի ղեկավար դառնալ: Նա ասաց, որ կիսատ գործեր կան, որոնք ինքը ցանկանում է ավարտին հասցնել: Նշենք, որ Ազնվաձորի բյուջեն 9 մլն դրամ է: Գյուղապետարանն ունի 4 աշխատակից:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՆԵՇ
2015թ. դեկտեմբերի 31-ին, Նոր տարվա նախաշեմին Սերժ Սարգսյանն այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղ: Նա սովորույթ ունի Ամանորի նախօրեին այցելել Ադրբեջանին սահմանակից որեւէ բնակավայր: Բերդավանում Ս. Սարգսյանը եղավ սահմանամերձ պաշտպանական դիրքերում, մասնակցեց գյուղի տոնական ճաշկերույթին: Ս. Սարգսյանի երթեւեկի անվտանգությունն ապահովելու համար Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհին՝ ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց, ֆելզիտե մեծ քարաբեկորներ են շարվել: Այդ քարե սալերը այժմ էլ այնտեղ են:
Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհի մի մեծ հատված գտնվում է սահմանի անմիջական հարեւանությամբ, ադրբեջանական դիրքերի դիմաց: Այդտեղ ադրբեջանական հենակետերը շատ մոտ են մեր պաշտպանական դիրքերին եւ միջպետական ավտոճանապարհին: Տվյալ հատվածը պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից: 2015թ. նոյեմբերի 5-ին նշված տեղում ադրբեջանական գնդակոծությունից վնասվեց ռուսական մեծ բեռնատար: Ներկայումս Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին վերանորոգման աշխատանքներ են կատարվում, այն սեպտեմբերի 14-ից փակ է երթեւեկի համար: Բագրատաշենից դեպի Երեւան ուղեւորվող բեռնատարները մայրաքաղաք են հասնում Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ ճանապարհով: Գործում է նաեւ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհը: Սահմանագոտին շրջանցող այդ ճանապարհին առկա սողանքի հետեւանքները վերացնելու համար վերջերս պետական բյուջեի ֆինանսավորմամբ աշխատանքներ կատարվեցին: Սակայն սահմանագոտին շրջանցող լեռնային ճանապարհի ոլորանները նեղ են խոշոր բեռնատարների համար: Բացի այդ, շրջանցիկ ավտոճանապարհի ասֆալտի ծածկը բարակ է, 40 տոննա բեռով մեծ բեռնատարները իրենց ծանրությամբ շարքից հանում են ճանապարհի ծածկը: Շրջանցիկ ճանապարհն ամբողջությամբ չի ապահովում երթեւեկի անվտանգությունը, առանձին հատվածներ ադրբեջանական զինուժի ուղիղ նշանառության գոտում են: Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական հենակետերի կրակից, ազերի զինյալների տեսանելիությունից պաշտպանելու համար հարկավոր է ճանապարհի եզրին քարաբեկորներից պատ շարել կամ հողի, խճի կույտերից թմբեր կառուցել: 1990-ական թթ նշված հատվածում թմբեր էին կառուցված: Սակայն այդ թմբերը քանդեցին, հեռացրին ավտոճանապարհի եզրից: Պաշտպանիչ պատ կարող է կառուցվել ֆելզիտե մեծ քարաբեկորներից, ինչպես արվեց Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին, Սերժ Սարգսյանի տարեմուտյան այցից առաջ:
Ադրբեջանցիները 2015թ. Ղազախի շրջանի Մազամ գյուղի ավտոճանապարհը պաշտպանող քարե երկար պատ են կառուցել: Իսկ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական զինուժի համար խոցելի է մնում: Ամեն պահ սահմանագոտում իրավիճակը կարող է սրվել, հարկ է միջպետական ավտոճանապարհով երթեւեկի անվտանգությունն ապահովել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս