Ինչի շուրջ են համաձայնության եկել Պուտինն ու Էրդողանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին Ստամբուլում մեկնարկել է Էներգետիկայի համաշխարհային համաժողովը:

«Թուրքական հոսք»-ի նախագիծը կիրականանա, իսկ թուրքական մրգերը կվերադառնան ռուսական շուկա: Երեկ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ նման արդյունքի են հասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպման քաղաքական մասը, ինչպես և կանխատեսվում էր, վերաբերել է Սիրիայի իրավիճակին:

Սա Պուտինի առաջին այցն էր Թուրքիա 2015թ. նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի կործանման հետևանքով առաջացած ռուս-թուրքական ճգնաժամից հետո:

1

2

«Թուրքական հոսք»-ի իրականացում

Ռուսաստանն ու Թուրքիան «Թուրքական հոսք» գազամուղի ծրագրի շուրջ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են եկել գազամուղի երկու ճյուղերի շինարարության մասին, յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 15,75 միլիարդ խորանարդ գազ:

Մեկ ճյուղը նախատեսված կլինի թուրք սպառողների ապահովման համար, երկրորդը՝ Եվրոպայի երկրների գազի մատակարարումների համար: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Մենք հասկանում ենք, որ Թուրքիայում լավագույն ժամանակները չեն նման խոշոր միջոցառումների համար, քանի որ դեռևս վերջերս Թուրքիան պետական հեղաշրջման փորձ վերապրեց »,-իր ելույթում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ Կրեմլում շատ ուշադիր հետևում էին, թե ինչ էր տեղի ունենում Թուրքիայում:

Մրգերի վերադարձ

Էներգետիկ հարցերի քննարկմամբ Պուտին-Էրդողան հանդիպումը չի ավարտվել: Ռուսաստանը որոշել է թուրքական մրգերը վերադարձնել ռուսական շուկա:

«Այսօր ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել ռուսական շուկա թույլ տալ թուրքական մի շարք մթերքներ, մասնավորապես, կորիզավոր և ցիտրուսային մրգերը»,-հանդիպման արդյունքներով հայտարարել է  Պուտինը:

«Այդ որոշումը փոխշահավետ է, ռուսական գյուղատնտեսությունը նման մրգեր չի արտադրում: Իսկ թուրքական մթերքների վերադարձը կարող է շուկայում գների նվազեցման հանգեցնել»,-նշել է Պուտինը:

Պուտինի խոսքով՝ անցած տարի այդ մթերքների վաճառքի ծավալները կազմել են 500 միլիոն դոլար:

Սիրիական ճգնաժամ

Հանդիպման քաղաքական մասը, առաջին հերթին, վերաբերում էր Սիրիայի իրադարձություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մի շարք ռուս փորձագետներ նշում են, որ հանդիպման արդյունքները վկայում են այն մասին, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ Մոսկվան Սիրիայի հարցով զիջող դաշնակից է գտել, քան Վաշինգտոնն է:

Համաժողովին ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

3

Համաժողովի մեկնարկից առաջ Պուտինը, Էրդողանն ու Ալիևը բուռն քննարկում են անցկացրել: 

4




Լրահոս