ՊՈԱԿ-Ի, ԾԻԳ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախարարներին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեությունը եւ պարզել, թե որքանով են դրանք արդյունավետ: Իսկ ահա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ մշակույթի նորանշանակ նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել ԾԻԳ-երի լուծարման հարցը:

«Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է ունենան հստակ ու չկրկնվող գործառույթներ: Շատ խիստ, կոշտ պետք է վերանայել դա: Նույնը վերաբերում է նաեւ ԾԻԳ-երին», – հանձնարարեց վարչապետը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործարական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամ Ղուկասյանի եւ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Եղիշե Խերանյանի հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամ Ղուկասյան
-Պարո՛ն Ղուկասյան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարեց վերանայել ՊՈԱԿ-ների գործունեությունը եւ պարզել, թե դրանք որքանով են արդյունավետ աշխատում…
-Մենք այդ մասով դեռ ոչ մի նորություն չունենք:
-Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ը արդյո՞ք արդյունավետ է աշխատում:
-1926 թվականին հիմնված մայր գիտական կենտրոնն է՝ Հայաստանի առաջնեկը: Կենտրոնը հիմա զբաղվում է հացահատիկային եւ ընդեղենի մշակաբույսերի նոր սորտերի ստեղծմամբ: Մենք նաեւ կատարում ենք սելեկցիոն աշխատանքներ: Իսկ թե այդ աշխատանքները որքանով են կարեւոր ՀՀ-ի համար, թող գնահատականներ տան համապատասխան գերատեսչություններն ու մասնագետները:
-Վերջին 5 տարիների ընթացքում մշակաբույսերի քանի՞ նոր սորտ եք ստեղծել:
-Մեզ մոտ ստեղծվել են գարու, ցորենի սիսեռի ոլոռի, սոյայի, գետնանուշի 15 նոր սորտեր: Բացի այս, ստեղծվել են եւս 8-ը, այս տարի արդեն 9-րդը, որոնք հանձնվել են պետական սորտափորձարկման:
-Դուք հասցրե՞լ եք նորանշանակ նախարարի հետ հանդիպել, ծանոթանալ:
-Միայն հեռախոսազրույց ենք ունեցել: Դեռ առիթ չի եղել, որ հանդիպենք:
-Իսկ ի՞նչ թեմայի շուրջ եք հեռախոսով զրուցել:
-Կոպիտ ասած՝ առաջին անգամ հեռախոսով ենք խոսել, ծանոթացել: Բայց զանգը աշխատանքային է եղել:
-Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ը քանի՞ աշխատող ունի:
-ՊՈԱԿ-ը ունի 25 հաստիքային աշխատող: Իսկ նախկինում ունեցել ենք գիտությունների 89 թեկնածու, գիտությունների 8-ը դոկտոր եւ 3 ակադեմիկոս: Հիմա ավելի քիչ ենք:
-Եթե վարչապետի հանձնարարականի արդյունքում պահանջվի աշխատող կրճատել, ինչպե՞ս կարձագանքեք:
-Ես կարծում եմ, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզ կդառնա, որ կարիք կա գիտնականների քանակն ավելացնելու, ժամանակին անհիմն փակված համապատասխան բաժինները եւ լաբորատորիաները բացելու:
-Այնուամենայնիվ, եթե վարչապետը որոշի ՊՈԱԿ-ը փակել, լուծարել…
-Ես պետական աշխատող եմ, ինչպես կորոշի վերադասը, այնպես էլ կլինի: Ես կարծում եմ, որ գյուղատնտեսության գիտության բնագավառի զարգացման գործում «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը տասնամյակներ շարունակ իր ուրույն տեղն է ունեցել:

ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Եղիշե Խերանյան
-Պարո՛ն Խերանյան, վարչապետ Կարեն Կարապետյանը մշակույթի նախարարին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում քննարկել ԾԻԳ-երի լուծարման հարցը…
-Մենք դեռ այդ հանձնարարականը պետք է պաշտոնապես ստանանք:
-Ձեր ղեկավարած ԾԻԳ-ը արդյունավե՞տ է աշխատում:
-Կան ՊՈԱԿ-ներ եւ ԾԻԳ-եր, որոնք լավ են աշխատում, եւ կան, որոնք ինչ-որ տեղ թերանում են: ՄԵնք ունենք 16 աշխատող: Եթե այսօր պետությունը նպատակ ունի գնալ որոշակի բարեփոխումների նման ճանապարհով, ես ողջունում եմ անկախ փաստից, թե այն անձնապես ինձ վրա ինչպես կանդրադառնա:
-Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին հասցրե՞լ եք հանդիպել, շնորհավորել:
-Եւ շնորհավորել եմ եւ հանդիպել եմ: Ավելին՝ որոշակի ծրագրեր ենք հասցրել նույնիսկ քննարկել: Ի դեպ, ինքը բավականին մեծ էներգիայով է եկել, ծրագրերով: Տա՛ Աստված, որ հաջողի իրականացնել գոնե դրանց մեծ մասը:
Հ.Գ. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ իրենց մոտ վարչապետի հանձնարարականի հետ կապված քննարկումներ են ընթանում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ՁՅՈՒՆԱՇՈՂՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԵՐԵԽԱ Է ԾՆՎԵԼ

Լոռու մարզի Ձյունաշող գյուղը, ինչպես մարզի շատ համայնքներ, եւս գազաֆիկացված չէ: 143 բնակիչ ունեցող համայնքի կարեւորագույն խնդիրներից են կապույտ վառելիքի բացակայությունն ու անմխիթար ճանապարհները, որոնց պատճառով անգամ տաքսիներն են շատ հաճախ հրաժարվում հասնել համայնք:

Ձյունաշողի գյուղապետ Գարի Գրիգորյանն ասում է, որ վերանորոգման կարիք ունի նաեւ գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 25 աշակերտ. «Դասասենյակները նորոգման կարիք ունեն, տանիքը նորոգված է, բայց դասասենյակների ապակիները ենթակա են փոխման, ձմռանը ցուրտ է լինում, քամին ու ցուրտը լցվում է դասարան, չենք կարողանում սոլյարայուղով նորմալ ջեռուցել»,-ասում է նա:
Համայնքը մանկապարտեզ չունի ու չի էլ ունեցել, քանի որ այդ տարիքի երեխաներ չկան: Գյուղի դպրոց այս տարի 3 առաջին դասարանցի է հաճախել: Իսկ ընթացիկ տարում գյուղում միայն մեկ երեխա է ծնվել:
Ձյունաշողից եւս արտագաղթ կա, համայնքի ղեկավարը երեւույթին փիլիսոփայորեն է մոտենում՝ նշելով.«Հայաստանում հիմա ամեն տեղից էլ արտագաղթում են»: Համայնքի բյուջեն 7 մլն դրամ է, որի կեսից ավելին միայն աշխատավարձերի վրա է ծախսվում: Համայնքն ունի բուժկետ, 3 տարի առաջ մարզերի համաչափ զարգացման ծրագրով նորոգվել է համայնքային կենտրոնը:
Ձյունաշողում բնակարանները ձմռանը տաքացվում են վառելափայտով ու աթարով, որոնք գյուղացիները ողջ տարի հավաքում են ու պահեստավորում: Անասնապահությամբ զբաղվող համայնքում սեզոնին կաթի գինը հազիվ հասնում է 110 դրամի, որը, սակայն, համայնքի բնակիչներին ձեռնտու չէ: Իսկ աշնանը կաթի գինը էլ ավելի է նվազում:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 
ԳՆԵՐԸ ՉԵՆ ՆՎԱԶԵԼ
2016 թվականի օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15029 գործարք, որոնց քանակը 2016 թվականի հուլիս ամսվա համեմատ աճել է 7.1 %-ով, իսկ 2015 թվականի օգոստոսի համեմատ՝ 0.05 %-ով:
2016 թվականի օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4388 օտարման գործարքների 69.3 %-ը կազմել է առքուվաճառքը, 30.4 %-ը` նվիրատվությունը եւ 0.3 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 39.0 %-ն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 40.2 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
2016 թվականի օգոստոսին, 2016 թվականի հուլիսի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքներն աճել են 9.5 %-ով, իսկ 2015 թվականի օգոստոսի համեմատ՝ 5.3 %-ով: 2016 թվականի օգոստոսին Երեւան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 68.7 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:
Երեւան քաղաքում 2016 թվականի օգոստոսին, 2016 թվականի հուլիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 1.6 %-ով, իսկ 2015 թվականի օգոստոսի համեմատ՝ 11.0 %-ով:
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2016 թվականի օգոստոսին Երեւան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ. մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2016 թվականի հուլիսի համեմատ, աճել են 0.02%-ով: 2016 թվականի օգոստոսին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 383 բնակարան, որոնց քանակը 2016 թվականի հուլիսի եւ 2015 թվականի օգոստոսի համեմատ աճել է 28.1 %-ով:

 

 

ՕՂԻ ԹՈՐՈՂԸ
ՊԵԿ-ը բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք: Պարզվել է, որ ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում եւ խառնում տնտեսական գործունեության տեսակով Հրազդանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Ռոյալ Էլիտ» ընկերության արտադրած կոնյակներն ու օղիները 2015-2016 թվականներին պարբերաբար վերավաճառվել են հանրապետության տարբեր վայրերում գործող տնտեսվարողների կողմից՝ առանց հարկային հաշվետվություններ ներկայացնելու եւ վճարումներ կատարելու: «Ռոյալ Էլիտ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ն 2015 թվականին հարկային տեսչությունից ստացել է շուրջ 1.2 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ, որոնց համար վճարել է մոտ 56 մլն դրամ ակցիզային հարկի կանխավճար, գույքագրմամբ ընկերությունում հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշների պակասորդ: Պետությանը պատճառված վնասը հաշվարկվել է ԱԱՀ եւ ակցիզային հարկի նվազագույն շեմի չափով, որը կազմել է շուրջ 350 միլիոն դրամ: ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 205-րդ հոդվածի 3-րդ մասերով եւ 209-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն:




Լրահոս