ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ «ՄԻՍԻՍ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է «Միսիս Եվրոպա 2016» գեղեցկության մրցույթին: Ավելին` մոդել, մասնագիտությամբ քաղաքագետ Աննա Դեմիրխանյանը մրցույթում ներկայացնելու է ամբողջ Կովկասը: Այն կանցկացվի հոկտեմբերի 1-7-ը, Ռուսաստանում` Սոչիում: «Միսիս Եվրոպային» կներկայանան 30-35 գեղեցկուհիներ` տարբեր երկրներից: Ի դեպ, Աննան ավելի վաղ` մեկ տարի առաջ, մասնակցել է «Միսիս գլոբ» գեղեցկության մրցույթին եւ ընդգրկվել 15 լավագույն գեղեցկուհիների կազմում: «Ժողովուրդ»-ը Աննայի հետ զրուցեց նրա անելիքների, «Միսիս Եվրոպայի» առանձնահատկության եւ այլ թեմաների շուրջ:

-Աննա՛, ինչպե՞ս ստացվեց, որ հենց Ձեզ ընտրեցին` «Միսիս Եվրոպայում» Կովկասը ներկայացնելու համար:
-Այդ առաջարկը հենց մրցույթի կազմակերպիչներն են արել: Նախորդ տարի եւս հրավիրել էին ինձ` նույն մրցույթին մասնակցելու, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացա ընդունել առաջարկը:
-«Միսիս Եվրոպան» գեղեցկության մյուս մրցույթներից ինչո՞վ է առանձնանում:
-Առհասարակ, բոլոր նմանատիպ մրցույթներն ունեն իրենց բնորոշ կարգախոսը եւ այն ամբողջ աշխարհում տարածելու միտում: «Միսիս Եվրոպայի» շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն զեկույց` իրենց երկրում բռնությունների դեմ պայքարի մասին եւ կարեւորը` պետք է հանդես գան առաջարկներով` ինչպես կանխել կանանց հանդեպ բռնությունը եւ պաշտպանել նրանց իրավունքները: Ի դեպ, հաճախ է պատահում, որ մասնակիցները պարզապես չեն պատրաստվում այդ զեկույցներին, բայց ասեմ, որ ես նրանց թվին չեմ պատկանում:
-Ձեր դիտարկումներով` հայ կանանց ո՞ր հատկություններն ու որակներն են օտարերկրացիների շրջանում աչքի զարնում:
-Ճիշտն ասած` դրսում ինձ այնքան էլ չեն նմանեցնում հայուհու, բայց ասում են, որ առանձնահատուկ ժպիտ եւ աչքերի փայլ ունեմ: Օտարերկրացիների կողմից հատկապես բարձր են գնահատվում հայ կնոջ մարդկային որակները: «Միսիս գլոբ»-ի շրջանակում, օրինակ, բոլորն ասում էին, որ ես կազմակերպված, շփվող ու հոգատար եմ: Հիշում եմ` երբ մրցութային օրերին երեկոյան հոգնած հավաքվում էինք հյուրանոցում, ես մտածում էի մասնակիցներին կերակրելու մասին: Նրանք շատ էին գնահատում այդ հայկականությունը (ծիծաղում է):
-«Միսիս Եվրոպայի» շրջանակում տաղանդի մրցույթ կլինի՞:
-Այո՛, մի բանաստեղծություն ունեմ գրած, որի բովանդակությունը շատ մոտ է կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարի թեմային: Այնպես որ, այն կլրացնի զեկույցս:
-Աննա՛, կարելի՞ է ասել, որ, մասնակցելով ամուսնացած կանանց մրցույթների, կոտրում եք հայ հանրության շրջանում ձեւավորված այն կարծրատիպը, ըստ որի՝ կինը ամուսնանալուց հետո պետք է մնա տանը, լինի խոհանոցում, խնամի երեխաներին, իսկ մնացածն այնքան էլ կարեւոր չէ:
-Այո՛, այդ հարցն, ի դեպ, շատ է հուզում ինձ: Կովկասցիները, մասնավորապես` հայերից շատերը, մտածում են, որ եթե կինը ամուսնացավ, ուրեմն վերջ, կարող է այլեւս չխնամել իրեն կամ, ըստ այդ նույն կարծրատիպերի՝ ցանկալի չէ, որ նա հասարակական գործունեությամբ զբաղվի եւ այլն: Այնինչ՝ ես «Միսիս գլոբ»-ի ընթացքում տեսել եմ, թե ինչպես էին ամուսինները սատարում իրենց կանանց, որոնք մասնակցում էին այդ մրցույթին: Ասեմ, որ նրանցից շատերը երեխաներ ունեին ու շատ կայացած կանայք էին: Կարծում եմ, որքան էլ հայ կինը ընտանիքին նվիրված լինի, չպետք է մոռանա իր անձի, իր զարգացման մասին:
-Որքանով տեղյակ ենք` ինքներդ եք հոգում մրցույթի համար անհրաժեշտ ծախսերը` հագուստ, նվերներ, ավիատոմսեր եւ այլն: Դժվար չէ՞. աջակիցներ, հովանավորներ ունե՞ք:
-Ինձ աջակցում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը, իմ կողքին են դիզայներ Ֆաինա Հարությունյանը, «Harmony» նորաձեւության տունը: Բացի այդ` ուրախ եմ, որ տեղեկատվական դաշտից եւս ոգեւորողներ ունեմ: Ինձ հետ Սոչի կմեկնի օպերատոր: Մենք ամեն օր կարճ ռեպորտաժներով կներկայացնենք մրցույթի ներքին խոհանոցն ու մասնակիցներին: Նաեւ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ կցուցադրվի մրցույթի վերաբերյալ մեկ ամբողջական թողարկում:
«Ժողովուրդ»-ը հաջողություն է մաղթում Աննա Դեմիրխանյանին «Միսիս Եվրոպա 2016»-ում:

 

 

 

«Ե՞ՐԲ Հ1-Ը ԴԱՐՁԱՎ 60 ՏԱՐԵԿԱՆ»

Օրերս Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ նշում է իր 60-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ կազմակերպված երեկոյին, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը, հրավիրված էին ոլորտի նվիրյալներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի հեռուստատեսության կայացման գործում:

Այս առիթով, սակայն, հաղորդավար, ռեժիսոր, հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը` Կարեն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսեմ նրանից, որ ինձ համար անհասկանալի է, թե ե՞րբ Հանրային հեռուստաընկերությունը դարձավ 60 տարեկան… Ուշադիր կարդացեք այս տողը, որը վերցված է ե՛ւ «Վիկիպեդիայից», ե՛ւ Հանրայինի պաշտոնական կայքից. «2000-ին վերանվանվեց Հանրային հեռուստաընկերություն` «Հ1» լոգոտիպով»: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ո՞ւր է ձեր թվաբանությունը… Հանրայինը ընդամենը 16 տարեկան է, իսկ, ահա, Հայկական հեռուստատեսությունը ամբողջությամբ՝ 60: Այն բոլոր հեռուստատեսություններն ու հեռուստաընկերությունները, որոնք գործում են Հայաստանում եւ Հայաստանից դուրս, Հայկական պետական հեռուստատեսության զավակներն են»:
Կ. Քոչարյանի դիտարկմամբ` եթե նշվեր Հանրայինի 16-ամյակը, այդ դեպքում միջոցառմանը ներկա դեմքերի կազմը տրամաբանական կլիներ. «Չնայած, նույնիսկ այդ դեպքում ծննդյան տարեդարձին ներկա են լինում նաեւ հյուրեր, որոնք պատիվ են բերում տան տերերին»,-նկատել է նա:
Հաղորդավար, ռեժիսոր, «3-րդ ալիք» հեռուստաընկերության համահիմնադիր Արտավազդ Եղոյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց` ինքը վիրավորված չէ, որ իրեն չեն հրավիրել հոբելյանական միջոցառմանը, բայց զարմացած է, որ այնտեղ ներկա չեն եղել ավագ սերնդի մի շարք գործիչներ, որոնք մեծ ներդրում են ունեցել Հայկական պետական հեռուստատեսության կայացման եւ զարգացման գործում. «Հազիվ հասցրեցի 3-4 դեմք ֆիքսել, որոնց մի մասը տեխնիկական աշխատողներ էին: Նա, ով չի հիշում իր անցյալը, ապագա չունի: Եվ հետո` մենք դեռ անցյալում չենք, բայց արդեն այդպես են համարում: Ես մի կողմ, այնքան նվիրյալներ կան, որոնք իրենց կյանքն են տվել հայկական հեռուստատեսությանը: Ես այդ երեկոյին չտեսա նրանց դեմքերը, ուղղակի ապշած էի: Չէ՞ որ, օրինակ, հենց «Երրորդ ալիքը» խորհրդային տարիներին առաջին ազատ խոսք ասողն էր. դա զարմանալի բան էր: 1990-ականների սկզբին ես ու Կարեն Քոչարյանը եթերում «թաղեցինք» «Պրավդա» թերթը, այնպիսի բաներ ենք արել, որ այն ժամանակների համար նոնսենս էր»,-մեկնաբանեց նա:
Ա. Եղոյանի խոսքով` տարօրինակն այն է, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կազմում իր գործընկերներն են, այդ թվում` Ռուբեն Ջաղինյանը. «Հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կարող է լինել մեկը, որը չգիտի հեռուստատեսության պատմությունը: Թերեւս, պետք է ՀՌԱՀ-ը հուշեր տնօրինությանը, թե ում կարելի էր հրավիրել երեկոյին»,-եզրափակեց Ա. Եղոյանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԳԱԳԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է
Ամերիկյան աստղ Լեդի Գագան համերգով կներկայանա սուպերբոուլի՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ մրցախաղի ընդմիջմանը: Այդ մասին երգչուհին տեղեկացրել է Twitter-ի իր էջում: «Սա պատրանք չէ, լուրերը ճշմարիտ են»,-գրել է նա:
Նշենք, որ 51¬րդ սուպերբոուլը կանցկացվի փետրվարի 5-ի գիշերը՝ Հյուսթոնում:
Նախորդ տարի 50-րդ հոբելյանական սուպերբոուլում մրցախաղի ընդմիջմանը ելույթ են ունեցել Բեյոնսեն, Բրունո Մարսը եւ Coldplay խումբը: Սուպերբոուլի ընդմիջմանն անցկացվող շոուի ողջ պատմության ընթացքում ելույթ են ունեցել Մայքլ Ջեքսոնը, Սթիվի Ուանդերը, Փոլ Մաքքարթնին, «Ռոլինգ սթոունզ» խումբը, Մադոննան եւ այլ աստղեր:

 

 

ԶԱՐԴԵՐԸ ՀԵՏ ՉԻ ՏԱ
Հոլիվուդյան աստղեր Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ապահարզանը փոխադրվել է համատեղ ունեցվածքի բաժանման փուլ: Դերասանուհին ծրագրում է ապահարզանից հետո իր մոտ թողնել 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում Բրեդի նվիրած բոլոր թանկարժեք իրերը, այդ թվում` 250 հազար դոլար արժողությամբ ամուսնական մատանին: Այս մասին տեղեկացնում է The Hollywood Reporter-ը: Թանկարժեք իրերի շարքում են Ջոլիի ամուսնական մատանին` Robert Procop-ից, զմրուխտյա ականջօղերն ու մատանին` Lorraine Schwartz-ից (դրանք միասին արժեն երկուսուկես մլն դոլար), եւ ապարանջանը` Robert Procop-ից: Ի դեպ, այս վերջին զարդով դերասանուհին ներկայացել է «Զբոսաշրջիկը» ֆիլմում:

 

 

«ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ»
«Սառցի եւ հրի երգի» հեղինակ Ջորջ Ռ.Ռ. Մարտինը եւ Apple ընկերությունն ստեղծել են վեպի ինտերակտիվ տարբերակը: Այդ մասին տեղեկացնում է The Guardian թերթը: Հրապարակումը նվիրվել է մատենաշարի առաջին գրքի թողարկման 20¬րդ տարեդարձին: Մարտինը հրապարակումը որակել է որպես զարմանալի առաջխաղացում գրքերի աշխարհում: Գիրքն արդեն հնարավոր է ներբեռնել Է iBooks-ից: Այս տարբերակը ներառում է ինտերակտիվ քարտեզներ, իրադարձությունների ժամանակագրական հաջորդականություն, ծագումնաբանական ծառեր: Բացի այդ` ընթերցողները հնարավորություն կունենան ծանոթանալու շարքի՝ դեռեւս անհայտ, չհրապարակված մասին` «Ձմռան քամիները» դրվագին:
Նշենք նաեւ, որ շարքի «Արքաների ճակատամարտը» երկրորդ վեպի թվային տարբերակը լույս կտեսնի հոկտեմբերի 27-ին, իսկ երրորդ վեպը` դեկտեմբերի 15¬ին:
Հավելենք, որ վերոնշյալ գրքերի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը» սիրված հեռուստասերիալը:




Լրահոս