Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում Ալիեւի օֆշորային սկանդալի մասին խոսելիս հիշել է նաեւ Միհրան Պողոսյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը:
Այսօր ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին։

Նա մասնավորապես նշել է.

«Ապրիլին ես առաջարկել էի խորհրդարանական հետազոտություն անցկացնել այս թեմայով, և հիմա լիահույս եմ, որ «Պանամայի փաստաթղթերի» հարցի քննարկումը բազմաթիվ քաղաքական գործիչների ետ կպահի հանցագործ փողերից և օֆշորային սկանդալներից:

Բանաձևում նշված է, որ «Խորհրդարանական վեհաժողովը անհանգստացած է, որ ժամանակակից հասարակության մեջ դեռևս առկա են հարկային դաշտից խուսափելու դեպքեր, ինչպես նաև խիստ մտահոգված է, այս ամենում բացեիբաց ներգրավված են հայտնի ընկերություններ և հասարակական գործիչներ, ովքեր պետք է ծառայեին բարոյական վարքագծի օրինակներ: Վեհաժողովը համարում է, որ քաղաքականության մեջ և գործարար աշխարհում էթիկայի բարձր չափանիշի պահպանումը կարևոր է տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական համակարգերի կայացման և աջակցության հարցում»:

Մի քանի ամիս առաջ աշխարհը ցնցված էր «Պանամայի փաստաթղթերի» հրապարակումից, որտեղ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում Ադրբեջանի նախագահը իր ընտանիքի հետ միասին՝ կինը, դստրերը, քույրը և այլն:

Օֆշորային ընկերությունների այս միլիարդավոր դոլարները, որոնք պատկանում են կամ կառավարվում Ալիևների կողմից, ինչպես նաև այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են զենքի և զինամթերքի ձեռքբերման վրա, կարող էին ծախսվել Ադրբեջանում իրական բարեփոխումների և ռեալ ժողովրդավարացման նպատակով:

Եվ մինչ նախագահական ընտանիքի կանայք իրենց գեղեցիկ կյանքն են վայելում, ստանալով միլիոնավոր դոլարների այնպիսի եկամուտ, որ նույնիսկ Ալիևի ընտանիքի տասը սերունդն ունակ չի լինի ծախսելու, Ալիևի ռեժիմը երկարաձգում է իր կառավարման դարաշրջանը՝ ընդունելով նոր Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս Ալիևի կլանին իշխանությունն իրենց ձեռքում պահել նաև առաջիկա երկար տարիների ընթացքում: Ի դեպ, այսպես կոչված Սահմանադրությունը խստագույն քննադատության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Պետք է ասեմ կրկին ու կրկին, այո, սիրելի գործընկերներ, Ադրբեջանը կրակի երկիր է, բայց ոչ կյանքի կրակի, այլ պատերազմի կրակի, սարսափի կրակի, հանցագործությունների կրակի:

Մենք վերջերս համոզվեցինք, որ կոռումպացված քաղաքական գործիչը լուրջ վտանգ է ոչ միայն օրենքի, այլև մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ կյանքի իրավունքի համար:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը լուրջ հետազոտական աշխատանք է կատարել, և շատ երկրներում արվել են ադեկվատ քայլեր։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ ադեկվատ քայլեր արվեին բոլոր երկրներում, կամ գոնե ոչինչ չարվեր, այլ ոչ թե լիներ այն, ինչ եղավ Ադրբեջանում՝ Պանամյան սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրության ուժով շնորհվեց նոր ուժ և իրավունքներ։ Եվ ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք սրանից հետո. Փաստաթղթում նշված է. «Վեհաժողովը հաստատում է քաղաքացիների վստահության վերականգնման անհրաժեշտությունը եվրոպական ժողովրդավարական համակարգի հանդեպ…»:

Հարգելի գործընկերներ, հետաքննող լրագրողները բավականին լուրջ աշխատանք են կատարել և այսօր մենք, որպես Խորհրդարանական վեհաժողով, պետք է միավորվենք մեր ուժն ու կամքը՝ կոռուպցիայի և ֆինանսական շահարկումների դեմ պայքարելու համար:

Մեզ անհրաժեշտ է միմիայն վստահություն. վստահություն ժողովրդավարության հանդեպ, վստահություն եվրոպական ընտանիքի իրական արժեքների հանդեպ, և վստահություն, որ կունենք բավարար ուժ՝ մերժելու ցանկացած քաղաքական գործչի, անկախ նրա ով լինելուց, եթե նա կամ նրա ընտանիքը ներգրավված է որևէ խնդրում, ինչը ստվեր է գցում եվրոպական ժողովրդավարական համակարգի վրա: ԵԽԽՎ-ն պետք է ունենա բավարար քաղաքական կամք այս ամենը կյանքի կոչելու համար»:

Հ.Գ. Նշենք, որ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հարազատ ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում հիշել է նաեւ Միհրան Պողոսյանին: Նա իր ելույթում ասել է, որ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը լուրջ աշխատանք է կատարել… և մինչ կքննվեր այդ գործը, Հայաստանում աշխատանքից ազատվեց ՀՀ ԴԱՀԿ պետ Միրհան Պողոսյանը: Սա ադեկվատ արձագանք էր…»: Սակայն այս հատվածը իշխանական կայքերում տեղակայված տարբերակում հանված է` թեեւ գրված է, որ ելույթը ներկայացվում է ամբողջությամբ: Ծանոթանալով հայերեն տարբերակին, ArmLur.am-ը նկատեց, որ հայերեն գրավոր տարբերակում Միհրան Պողոսյանի անունը չկա, սակայն տեսանյութի մեջ հստակ խոսվում է նրա մասին: Իսկ թե ինչու Միհրան Պողոսյանին Նաիրա Կարապետյանը համեմատեց Ալիեւի ընտանիքի հետ, թերեւս դժվար չէ կռահել:

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմումի մեջ գրել էր. «Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին»: Բայց պարզվում է` այդ զղջումը ՀՀԿ-ական պատգամավորը օգտագործել է ԵԽԽՎ-ում մեր երկրի իմիջը բարձրացնելու համար, բայց տարօրինակ է, որ ելույթի հայերենգրավոր տարբերակում որոշել է շրջանցել Միհրան Պողոսյանին վերաբերվող հատվածը:




Լրահոս