«Եվրոդիպի» պատվիրակները Երևանում քննարկել են լավագույն կադրերի պատրաստման և մրցունակ զբոսաշրջային ուղղություններ ձևավորելու հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում հոկտեմբերին 14-ին մեկնարկել էՀյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի՝ «Եվրոդիպի» 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցել է Հայաստանի զարգացման հիմնադրամը: «Եվրոդիպի» համաժողովին մասնակցելու համար մեր երկիր են ժամանել կազմակերպության անդամներ և մասնագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Սենեգալից, Ռուսաստանից, Պակիստանից, Հորդանանից, Ղազախստանից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Թուրքիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից։

Հյուրընկալության և զբոսաշրջային կրթության ասոցիացիան՝ «Եվրոդիպը», ոլորտի ամենահեղինակավոր ցանցերից մեկն է աշխարհում, գործում է Եվրամիության հովանու ներքո։ Կառույցին անդամակցում են շուրջ 40 երկիր և 100-ից ավելի կրթական հաստատություններ, որտեղ սովորում են ավելի քան 150 000 ուսանողներ: Համաժողովը, որ կրում էր «Զբոսաշրջային կրթություն. ուղիներ դեպի նոր նշանակետեր» խորագիրը, Հայաստանում համախմբել է 20 երկրի 40 պատվիրակի։ Համաժողովի օրակարգն ընդգրկում է ուսուցման, վերապատրաստման, հյուրանոցային մարկետինգի, աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակության բարձրացմանն առնչվող հարցեր:

«Մեր ասոցիացիայի կիզակետում զբոսաշրջության ոլորտում ներգրավված մարդկանց կարողությունների զարգացումն է, հետևաբար, կարևոր է ոլորտի ուսանողների պատրաստումը միասնական կրթական ստանդարտներով։ Մեր համատեղ աշխատանքի նպատակը մեր երկրները գրավիչ զբոսաշրջային ուղղություններ դարձնելն է»,- շնորհակալություն հայտնելով կազմակերպչական աշխատանքների համար, համաժողովի բացմանը նշել է «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպը։

«Երևանում նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի ոլորտի զարգացման համար, որովհետև տուրիզմը և հատկապես զբոսաշրջային կրթության զարգացումը մեր երկրի գերակա ուղղություններից է: Հույս ունենք, համաժողովից հետո ծրագերի մեջ կորդեգրենք նոր ձևաչափեր»,-բացման խոսքում նշել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Կարևորում եմ միջազգային այսպիսի համաժողովների դերը, քանի որ դրանք կարող են հարթակ հանդիսանալ ու նպաստել համագործակցության նոր ուղիներ որոնելուն»,- նշված էր ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանիանունից հնչեցվածուղերձում։

Համաժողովի մասնակիցները նաև շրջայց են կատարել Մատենադարանում, ծանոթացել հայկական հնագույն ձեռագրերին ու դրանց պատմությանը։ Իսկ հոկտեմբերի 15-ին տեղի կունենա նաև «Եվրոդիպի» ամենամյա գերագույն նիստը, «Մարիան Մյուլլեր» գիտելիքի մրցույթի եզրափակիչ փուլը, ինչպես նաև կներկայացվի կառույցի՝ 2017թ. Իսպանիայում կայանալիք 24-րդ համաժողովի ծրագիրը։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս