2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված «հանցախմբի» գործով պաշտպանները մտահոգված են: Բանն այն է, որ նախաքննության ավարտից հետո գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար, իսկ դրա համար տրամադրված ժամկետը, ինչպես պաշտպաններն են գնահատում, աննախադեպ սուղ է:
Այսպես, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, իշխանությունը զավթելու մեջ մեղադրվող Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ քրգործը բաղկացած է 35 հատորից, եւ իրենց բավականին ուշ է տրամադրվել: Ուշացումը պատճառաբանվել է պատճենահանման համար անհրաժեշտ ժամանակով: Սակայն Ալումյանն այդ փաստը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Այն ուշացումով են տրամադրել կողմերին, որ մենք քիչ ժամանակ ունենանք՝ քրեական գործին մանրամասն ծանոթանալու: Ես այս ընթացքում հասցրել եմ ծանոթանալ միայն 8-ին, իսկ իմ պաշտպանյալը` 6-ին: Նախ գործը մեզ 14 օր ուշ է փոխանցվել, իսկ սա նշանակում է, որ մենք զրկվում ենք մեզ օրենքով տրամադրված նախաքննական երաշխիքից»: Հայկ Ալումյանը պարզաբանում է, որ գործի ուշ տրամադրումը իրենց հնարավորություն չի ընձեռելու գործում առկա հանգամանքների հետ կապված իրենց կողմից ձեռք բերված փաստարկներ ներկայացնել:
Փաստաբանի գնահատմամբ` նախաքննական մարմինը նպատակ ունի մինչեւ նոյեմբերի 25-ը գործը դատարան ուղարկել, իսկ ԱԱԾ-ն հատուկ է ձգձգում ընթացքը: Հայկ Ալումյանը հայտնեց նաեւ, որ մինչ այս պահը ծանոթացած գործի նյութերում Վահան Շիրխանյանին վերաբերող որեւէ բան չկա. «Գործը շատ ծավալուն է, եւ Պարոն Շիրխանյանը պետք է ծանոթանա նաեւ էլեկտրոնային նյութերին: Սակայն քրեակատարողական հիմնարկը նրան այդ հնարավորությունը չի տալիս: Եվ մենք չգիտենք` ինչ պետք է անենք այս պարագայում»:
Հայկ Ալումյանի փոխանցմամբ` իր պաշտպանյալի առողջական վիճակն օրեցօր ավելի ու ավելի է վատանում, անգամ խցից մինչեւ տեսակցությունների սենյակ իր ոտքով տեղափոխվել չի կարողանում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «զինված հանցախմբի» գործով որպես մեղադրյալ ներգրավված, ստորագրությամբ ազատ արձակված Նելլի Մինասյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հետ: Վերջինս վստահաբար ասաց, որ մինչեւ սահմանված ժամկետը չի կարողանալու ծանոթանալ 35 հատորանոց գործին. «Դա պարզապես անհնար է: Ահռելի քանակությամբ, ծավալուն նյութեր են, այդ թվում` ձայնագրությունները: Նման ժամկետներում, միանշանակ կարող եմ ասել, որ հնարավոր չէ ծանոթանալ նյութերին: Իսկ այս հանգամանքը դատաքննության ընթացքում մեզ խնդիրների առաջ է կանգնեցնելու: Գուցե մենք միջնորդեինք նոր փորձաքննություններ նշանակել… այս եւ մի շարք այլ իրավունքներից մենք զրկված ենք»,- դժգոհեց փաստաբանը:
Իսկ «զինված հանցախմբի» պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը եւս ծանոթացման փուլում է, եւ հետագայում միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում ինքը կօգտվի հնարավորությունից. «Իմ պաշտպանյալը եւս ծանոթանում է նյութերին, եւ միանշանակ կարող եմ ասել, որ զենքի մասով սուբյեկտիվ որոշում է կայացվել, եւ գտնում ենք, որ գործին ճիշտ գնահատական չի տրվել»:
Տաթեւ Հարությունյան