ՆՈՐ ԾՈՒՂԱԿ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ որոշվել է շահումով խաղերի ոլորտի համար նախատեսված տարեկան տուրքը բարձրացնել 450%-ով, այսինքն` 4,5 անգամ: Սա նշանակում է, որ շուկայում առկա 4 ընկերություններից կմնա միայն 65%-ը տիրապետող մեկ ընկերություն, այն է` «Վիվառո» ՍՊԸ-ն, որը պատկանում է Վահե, Վիգեն Բադալյան եղբայրներին: Ոլորտում առկա մյուս ընկերություններն են` «Եվրոֆուտբոլ», «Տոտո Գեյմինգ» եւ «Գուդվին» ընկերությունները:

Նշենք, որ ըստ պետական ռեգիստրի՝ «Տոտո Գեյմինգ»-ը հիմնադրվել է 2014 թվականին Վարդգես Լենդրուշի Վարդանյանի կողմից, իսկ «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությունը հիմնադրվել է 2004-ին` Բաղյան Վանյանի կողմից: Իսկ «Գուդվին-Բետ» ընկերությունը հիմնադրվել է 2011, բաժնետերերն են Արման Սերյոժայի Մանուկյանը՝ 53 %, Մանուշակ Արմենակի Մելիքյանը՝ 35 %, Արտակ Գոռի Ալեքսանյանը՝ 12%:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վտանգի առջեւ կանգնած ընկերությունները պատրաստվում են դիմել ընդվզման տարբեր միջոցների, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները, որոնք ոտնահարվել են այդ որոշմամբ:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցեց «Եվրոֆուտբոլ» ընկերության իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանի հետ:
-Պարո՛ն Սմբատյան, ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ինչպե՞ս եք տեղեկացել այդ մասին, եւ արդյո՞ք որոշումը կայացնելուց առաջ քննարկվել է շուկայում գործող ընկերությունների հետ:
-Որոշման մասին տեղեկացել ենք մի քանի օր առաջ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` «Հարկային օրենսգրքի» առաջին ընթերցման ժամանակ, նման բան չի եղել ներառված փաթեթում: Երկրորդ ընթերցման ժամանակ տեղեկացանք, որ սեղմ ժամանակահատվածում, առանց ոլորտում առկա ընկերությունների հետ քննարկելու, փոփոխություններ են իրականացվել այդ օրենսգրքում: Արդյունքում վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի պետական տուրքի չափը, որ հիմա 100 միլիոն դրամ է, ինտերնետ շահումով խաղերի` «օնլայն կազինո» կոչվածի համար էլ է 100 միլիոն դրամ, իսկ այդ փոփոխությամբ նախատեսվում է յուրաքանչյուրը դարձնել 500 միլիոն դրամ: Այսինքն՝ ոլորտում աշխատող ընկերությունը ընդհանուր պարտավոր է տարեկան 1 միլիարդ դրամ միայն պետական տուրք վճարել` չհաշված ընթացիկ վճարները` եկամտային հարկ աշխատողների աշխատավարձից, շահութահարկ եւ այլ նախատեսված հարկեր, որոնք առեւտրային կազմակերպությունը վճարում է: Նման փոփոխության արդյունքում մյուս ընկերությունները պետք է փակվեն, քանի որ այլեւս եկամտաբեր չի դառնում: Մեր ընկերությունում կան 200-ից ավել աշխատող, 100-ից ավել պայմանագրային աշխատողներ, որոնք փաստացի կմնան առանց աշխատանքի:
-Փորձե՞լ եք այդ մտահոգությունները հայտնել գործադրին. քանի որ կառավարությունը ԱԺ-ին ներկայացրեց փաթեթը:
-Մենք նամակով դիմել ենք ՀՀ վարչապետին, նախագահի վերահսկողության ծառայությանը, ՊԵԿ-ին: Պարզապես խնդիրն այն է, որ այդ փոփոխությունները կայծակնային են արվել եւ արվում: Եթե մեզ չասեին, չէինք էլ իմանա, կիմանայինք այն ժամանակ, երբ որ ընդունված կլիներ: Հիմա փորձում ենք բարձրաձայնել: Դժվար էլ շուտ արձագանքեն:
-Ի՞նչ եք պատրաստվում անել, եթե արձագանք չլինի:
-Մենք այնպես կանենք, որ լսելի դարձնենք մեր ձայնը: Պետք լինի՝ աշխատողներով կառավարության շենքի առջեւ կհավաքվենք, տարբեր միջոցներով կփորձենք մեր խնդիրները բարձրաձայնել: Սա նեղ անձնական շահ չէ: Այստեղ իրականում մեծ խնդիրներ կարող են առաջանալ: Հիմա ոչ թե վտանգված են սեփականատերերի ներդրումները, այլ նաեւ հսկայական աշխատակազմի, ինչպես նաեւ ավելի քան 80 սպասարկման կետերի, այդ տարածքների սեփականատերերի գոյատեւումը առանց այն էլ այս բարդ իրավիճակում:
-Ըստ Ձեզ, իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում այս փոփոխությունը:
-Երկու տարբերակ կա. առաջինը` փորձում են բյուջեն լցնել ամեն կերպ՝ առանց հաշվի առնելու՝ իրականում ի՞նչ արդյունք կտա այդ քայլը: Կարող են երկու հարյուր միլիոն դրամով ավելացնել, բայց իր կողմնակի ազդեցությունով շատ, ավելի շատ կնվազեցնեն մուտքերը: Երկրորդ` այդ մեխանիզմը փորձում է ծառայեցվել շուկայում գործող դոմինանտ դիրք ունեցող ընկերության կողմից, որովհետեւ պարզապես իրեն է միայն ձեռնտու այդ փոփոխությունը: Մյուս ընկերությունների հետ, որոնց եւս ձեռնտու չէ այդ փոփոխությունները, փորձում ենք համախմբվել, որպեսզի ավելի լսելի դառնա խնդիրը: Հիմա այդ գործընթացն է:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

ԳՈՐԾՈՂ 40 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ՉԵՆ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ 6 մարզերի 377 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման ընտրություններ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ 40 համայնքում գործող համայնքապետերը չեն վերընտրվել:

Այսպես՝ ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը՝ հավաքելով 643 ձայն: Նշենք, որ առաջադրված թեկնածուները երեքն էին՝ անկուսակցական, Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամրազյանը, ՀԱԿ-ական «Ախթալա» արհեստակցական կազմակերպության նախագահ Սասուն Վարդումյանը եւ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Այստեղ հիմնական պայքարը ընթացել է նախկին եւ ներկա քաղաքապետերի միջեւ, ինչի արդյունքում Խաչիկյանը հաղթել է:
Ստեփանավան քաղաքապետի պաշտոնում նույնպես վերընտրվել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետը՝ Միքայել Ղարաքեշիշյանը: Վերջինս հավաքել է 8150 ձայն եւ մրցակից չի ունեցել: Նույն պատկերն է նաեւ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում. վերընտրվել է ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը՝ հավաքելով 2996 ձայն: Ի դեպ, վերջինս նույնպես մրցակից չի ունեցել: Իսկ, ահա, նույն մարզի Վայք քաղաքում գործող ՀՀԿ-ական քաղաքապետը պարտվել է, ընտրվել է նրա մրցակիցը՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի անկուսակցական տեսուչ Թարո Ավետյանը: Եղեգնաձորում վերընտրվել է գործող անկուսակցական քաղաքապետ Դավիթ Հարությունյանը:
Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ընտրվել է անկուսակցական Արթուր Սարգսյանը, որը հավաքել է 4033 ձայն: Իսկ գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը պարտվել է 854 ձայնով: Ի դեպ, Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված մյուս, կին մրցակիցը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Սիսիանի «Կանանց ռեսուրսների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սրբուհի Գրիգորյանը, հավաքել է ընդամենը 173 ձայն: Կապանում ընտրվել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը՝ հավաքելով 8702 ձայն, իսկ նրա դաշնակցական մրցակիցը՝ Արթուր Աթայանը, հավաքել է 5282 ձայն: Կապանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանը, հավաքելով 3393 ձայն, պարտվել է:
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում 154 ձայնով պարտվել է առաջադրված թեկնածու ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Արթիկի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանը՝ հավաքելով 4143 ձայն:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում վերընտրվել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Նորայր Սարգսյանը: Նա նույնպես մրցակից չի ունեցել: Իսկ, ահա, Գառնի, Գեղարդ եւ Գողթ գյուղերում գործող գյուղապետերը պարտվել են: Օրինակ՝ Գառնիում հաղթել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական Ահարոն Սահակյանը՝ հավաքելով 2231 ձայն:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նույնպես վերընտրվել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը: Նա հավաքել է 2539 ձայն: Նշենք, որ բացի Խլոյանից՝ Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին եւս 2 հոգի: Նրանցից Կարեն Մկրտչյանը հավաքել է 1666 ձայն, իսկ Գնել Խչեյանը՝ 1425 ձայն:
Բավականին թեժ են անցել նաեւ Սեւանի քաղաքապետի ընտրությունները: Ինչի արդյունքում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը չի վերընտրվել. նա հավաքել է 3669 ձայն: Իսկ նրա մրցակիցը՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սարգիս Մուրադյանը, որը նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է, հավաքելով 6671 ձայն, ընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Իսկ Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված մյուս թեկնածուն՝ Արա Սմբատյանը, հավաքել է 1188 ձայն: Ինչպես Սեւանում, այնպես էլ Մարտունիում գործող ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետ Բագրատ Հարությունյանը պարտվել է՝ հավաքելով 2493 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Արմեն Ավետիսյանը, ընտրվել է քաղաքապետ՝ հավաքելով 2754 ձայն:
Ճամբարակում եւ Գավառում նույնպես վերընտրվել են գործող քաղաքապետները: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը հավաքել է 2176 ձայն, իսկ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ 7678 ձայն: Նրանք երկուսն էլ մրցակիցներ չեն ունեցել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՈՐՈՆՈՒՄ
Արդեն տեղեկացրել ենք, որ 2016թ. օգոստոսի 8-ի երեկոյան Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում պահում էր իրենց ընտանիքի անասունները: Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, թե ծեր կնոջը Կոտայքի մարզում տեսնող է եղել: Գանձաքարի նախկին գյուղապետ Շահեն Շահինյանն ասաց, որ Սեդա Զաքարյանին որոնել են Չարենցավանում, Հրազդանում եւ այլուր, սակայն ապարդյուն.«Շուրջ 15 օր առաջ սարում էին որոնում, սակայն արդյունք չկա, կարծես հեքիաթային պատմություն լինի»,- նշեց Շահինյանը՝ հավելելով, որ համագյուղացիները դադարեցրել են ծեր կնոջ որոնումները: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում Սեդա Զաքարյանի անհետացման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Քրեական գործերով հոդվածը կփոխվի, երբ նրան գտնեն, նրա անհետանալու հանգամանքները բացահայտեն:

 

 

ԽԱՂՈՂ ՉԿԱ, ՈՐ ՄԹԵՐԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի գինու գործարանն այս տարի խաղող չի ընդունելու: Պատճառն այն է, որ այս տարի խաղողի բերքը շատ քիչ է, որն էլ գյուղացիները գործարան չեն հանձնում, այլ պահում են իրենց ընտանիքի օգտագործման համար: Նշենք, որ ամեն տարի Գագիկ Ծառուկյանը Բերդավանի գինու գործարանում խաղող էր ընդունում: Բերդավանցի խաղողագործները «Ժողովրդին» հայտնեցին, որ այս տարի միլդիու, օյդիու, անտրակոզ հիվանդությունները մեծ վնաս են պատճառել խաղողի ակնկալվող բերքին: Բերդավանցիները փորձարկել են խաղողի հիվանդությունների դեմ տարբեր բուժամիջոցներ, սակայն ապարդյուն: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի ընդունման կետում այգեգործներից խաղողի ընդունումը սկսել են սեպտեմբերի 19-ից, Իջեւանի գինու, կոնյակի գործարանում՝ սեպտեմբերի 26-ից, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետում՝ սեպտեմբերի 30-ից: Վարչության պետն ասաց, որ այս տարվա եղանակային պայմաններն անբարենպաստ էին խաղողի բերքի համար: Նշենք, որ 2015թ. Տավուշի մարզում արտադրվել է շուրջ 15 հազար տոննա խաղող, որից մթերվել է 7500-ը: Այս տարի, սակայն, խաղողի բերքը եւ մթերված քանակությունը քիչ են լինելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս