ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԻՄԱՍՏ ԿԱՌՈՒՅՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն իսկ ակնհայտ է, որ կարտոֆիլի բերքն այս տարի առատ է, եւ գյուղացիները, ինչպես միշտ, իրենց ապրանքն իրացնելու անլուծելի դարձած խնդրի առջեւ են կանգնել: Ու եթե փոքր տնտեսությունների դեպքում խնդիրն ինչ-որ կերպ լուծելի է. մարդիկ շուկաներում կարող են կիլոգրամ-կիլոգրամ իրացնել իրենց բերքը, ապա ֆերմերների դեպքում, որոնք 10 կամ 20 տոննա կարտոֆիլի բերք են ստացել, լուրջ խնդիր է առաջանում: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերման հարցերով չի զբաղվում՝ վկայակոչելով, որ իր գործառույթներն են՝ «գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի մշակումը եւ դրանց իրականացման մոնիթորինգը», ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն էլ ի զորու չէ շուկա գտնել հայ ֆերմերների համար: Ավելին՝ այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 2 մլն 358 հազար 725 կգ կարտոֆիլ՝ 40-60 դրամով: Արդյունքում ներքին շուկան հագեցվեց ռուսական կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլի գինն էլ կտրուկ ընկավ՝ դառնալով 90-100 դրամ, որը շատ ցածր գին է մեծ ծախսեր կատարած գյուղացիների համար:
Իսկ ի՞նչ է անում այստեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Կոնկրետ կարտոֆիլի ցանքս իրականացրած ֆերմերների ու գյուղացիների վրա սերմացու, ազոտական պարատանյութ եւ դիզելային վառելիք է վաճառում ՀՀ պետբյուջեի հաշվին որոշակի արտոնյալ պայմաններով: Եւ վերջ: Մինչդեռ Հայաստանում կան բազմաթիվ հաջողակ գործարարներ, որոնք կարող են առավել մատչելի գներով գյուղացուն վաճառել վերը նշված անհրաժեշտությունները: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի մի ողջ նախարարության վրա ՀՀ պետբյուջեից տարեկան մոտ 16 մլրդ դրամ հատկացնելը: Վերլուծելով առկա իրավիճակը՝ «Ժողովուրդ» օրաթերթն առաջարկում է ՀՀ վարչապետին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել գյուղմթերքի մեծածախ իրացմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը խթանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել՝ անհրաժեշտության դեպքում իրավական դաշտը բարեփոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական առաջարկներ: Գյուղմթերքի մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունների միջոցով աճեցված բերքի իրացման հետ կապված խնդիրները կլուծվեն, եւ ֆերմերային տնտեսությունները հաստատուն զարգացման հնարավորություն կունենան:

 

 
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, նրա փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Գեւորգյանը, իսկ վերջինիս փոխարեն ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագահի աշխատակազմին Արմեն Գեւորգյանին եւ Յուրի Խաչատուրովին ներկայացնելու պաշտոնական արարողությունից հետո, երբ արդեն տեսախցիկները դահլիճից դուրս են բերվել, Սերժ Սարգսյանը ներկաներին բացատրել է, թե ինչու է Յուրի Խաչատուրովին նշանակել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Նա մասնավորապես ասել է, որ ինքը Յուրի Խաչատուրովի թեկնածությունն առաջարկելու է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի համար: Եթե ՀԱՊԿ անդամ երկրները, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանը, համաձայնի, ապա Խաչատուրովն առաջիկայում կնշանակվի այդ պաշտոնում:

 

 
ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անձի հետ կապվող Պանամական օֆշորի քրգործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է ավելի քան հինգ ամիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է հարցաքննության հրավիրել այդ քրգործի առիթ դարձած փաստաթղթերը հրապարակած միջազգային լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին: Այս քայլով ՀՔԾ-ն փաստացի փորձում է Միհրան Պողոսյանին «արդարացնելու» ուղիներ գտնել: Պարզից էլ պարզ է, որ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ՀՔԾ-ին չեն ասի ավելին, քան հրապարակել են: Արդյունքում, ՀՔԾ-ն հնարավորություն կստանա ասելու, որ քրգործի հիմքում դրված փաստաթղթերի արժանահավատությունը հաստատող ապացույցներ չունեն: Մյուս կողմից էլ իրենց տրամադրության տակ ունեն Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք իբր հերքում են Պանամական օֆշորի փաստաթղթերը: Ըստ այդմ, քրգործը կկարճեն, եւ Միհրան Պողոսյանը կլծվի 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու «սուրբ» գործին:

 

 

 
Այս տարվա ութ ամիսների արդյունքներով Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան հազար դեպքով ավելացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Հատկանշական է այն հանգամանքը, որ կտրուկ` մոտ 40 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Այս ցուցանիշի դեպքում ասել, որ այն մտահոգիչ է, նշանակում է ոչինչ չասել: Մասնավորապես, սպանության դեպքերն այս տարվա ութ ամիսներին անցած տարվա հետ համեմատ աճել են 40 տոկոսով, կամ նույն է՝ 15-ով: Կտրուկ աճել են նաեւ առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածքներ պատճառելու դեպքերը: Այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստանի հասարակության շրջանում ագրեսիվ տրամադրությունները գնալով աճում են, իսկ ՀՀ ոստիկանությունը ի զորու չէ կանխել ու նախականխել հանցագործությունները, ինչը նրանց ուղղակի գործառույթների մեջ է մտնում: Թեեւ մյուս կողմից նման զարգացումները հնարավոր չէ զուտ իրավապահների գործունեությամբ կանխել: Ագրեսիայի տարածումը կանխելն ընդհանուր իշխանության խնդիրն է:

 

 

 
ՄՏԱՀՈԳԻՉ
ՀՀ Սահմանադրությամբ նոր կառավարության ձեւավորման համար սահմանված ժամկետի վերջին օրը՝ հոկտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի կատարած նշանակումները կարծես թե երեկվա լրահոսում ստվերվեցին ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերլուծություններով: Սակայն այդ նշանակումների փաթեթում, բացի ԱԳՆ-ում, ԱԽ-ում եւ նախագահի աշխատակազմում արված փոփոխություններից, չափազանց կարեւոր էին ՊՆ-ում կատարված նշանակումները, եւ, թերեւս, առաջնահերթ՝ գլխավոր շտաբի պետի փոփոխությունը, քանի որ նոր Սահմանադրությամբ ՀՀ զինված ուժերում թիվ մեկ պաշտոնյան այլեւս դառնում է ոչ թե ՊՆ նախարարը, այլ հենց գլխավոր շտաբի ղեկավարը: Ինչպես հայտնի է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվեց Մովսես Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ էլ տարիներ շարունակ ղեկավարում էր ԼՂՀ պաշտպանության բանակը:
Արդ՝ ինչով է Մ. Հակոբյանը տարբերվելու իր նախորդից՝ Յուրի Խաչատուրովից, որն ընկալվում էր որպես սովետական մտածողությամբ եւ հնացած կարծրատիպերով առաջնորդվող զինվորական: Ասել, որ Մ. Հակոբյանը նրանից առաջադեմ է, ունի այլ մտածողություն, արդիական, տեխնոլոգիականացված զինուժի ձեւավորման գաղափարների կրող է, դժվար է: Բացի այդ, Մ. Հակոբյանի նշանակման դեպքում բաց է մնում մի շատ կարեւոր հարց: Գաղտնիք չէ, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ում փոփոխությունների խնդիրը դարձավ արդիական, երբ ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիները տեսան, որ տարիներ ի վեր բոլորիս կողմից փայփայված եւ մեր սուղ բյուջեից արվող մեծածավալ հատկացումներով իբրեւ թե զարգացող եւ տարածաշրջանում ամենամարտունակը լինելու հավակնություն ունեցող զինված ուժերում առկա են խայտառակ բացթողումներ, որոնք արժեցան մեր պայծառ երիտասարդներից շատերի կյանքը: Եվ, բնականաբար, քննադատությունների սլաքն առաջին հերթին ուղղվեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմը, եւ սկսեցին հնչել Օհանյանի պաշտոնանկության մասին հայտարարություններ: Անշուշտ, ՀՀ արդեն նախկին պաշտպանության նախարարը մեծապես պատասխանատու էր այդ բոլոր թերացումների եւ բացթողումների համար, ճիշտ այնպես, ինչպես եւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
Սակայն արդյոք ԼՂՀ դիրքերի անմխիթար վիճակի, տարրական կապի, գիշերային տեսողության սարքերի եւ այլ անհրաժեշտ պայմանների բացակայության համար նույնչափ պատասխանատու չէ նաեւ Մ.Հակոբյանը, ով, հիշեցնենք, 2007-2015 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: 8 տարի ղեկավարելով ԼՂՀ ՊԲ-ն՝ նա Երեւան է տեղափոխվել 2015-ի հունիսին, եւ հասկանալի է, որ ԼՂՀ զինուժում առկա այդ խնդիրները չէին ծագել վերջին մի քանի ամիսներին: Եվ ուրեմն՝ ինչու չի խոսվում նաեւ Մ. Հակոբյանի պատասխանատվության մասին, ավելին՝ նա, փաստորեն, պարգեւատրվում է իր թերի աշխատանքի համար, եւ հենց նրան է վստահվում արդեն ՀՀ զինուժի ղեկավարումը: Մեղմ ասած՝ մտահոգիչ է:




Լրահոս