ՉՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԱԾ՝ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ. «ՏԵՆՑ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ վարման կարգով ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե նոր օրենսգիրքը չի համապատասխանում ՀՀ տնտեսության զարգացման պահանջներին, քանի որ այս նախագծում հակասահմանադրական դրույթներ կան: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց հետաձգել քվեարկությունը՝ ասելով, որ այս նախագիծն ավելացնում է հարկատուների բեռը: Նշենք, որ «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քվեարկությունը անցել էր բավականին տարօրինակ իրավիճակում: Բանն այն է, որ մեծածավալ այս փաստաթուղթը պատգամավորներին տրվել էր նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ: Ըստ էության, ամեն ինչ արվել էր, որպեսզի օրենսդիրները չհասցնեն փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:

Եվ հիմա, փաստորեն, այն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց: «Ժողովուրդ»-ը քվեարկության ավարտից հետո զրուցեց Աժ ՀՀԿ-ական գործարար պատգամավորների հետ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյան՝ Ավշարի Արայիկ
-Պարո՛ն Գրիգորյան, «Հարկային օրենսգիրքը»-ը մտահոգում է հատկապես բիզնեսի հետ առնչություն ունեցող պատգամավորներին: Հասցրե՞լ եք ուսումնասիրել այդ կարեւորագույն փաստաթուղթը, խնդիրներ չեք տեսնո՞ւմ նոր նախագծում:
-Նորմալ է:
-Իսկ հնարավո՞ր է, որ Ձեզ ճնշել են:
-Չէ՛, ի՞նչ ճնշել, ինչի մասին է խոսքը:
-Տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀԿ-ականների նկատմամբ տարբեր ճնշումներ են եղել, որպեսզի կողմ քվեարկեն նախագծին՝ առանց կարդալու եւ ուսումնասիրելու:
-Ոչ մի ճնշում, ինձ կոնկրետ ոչ մեկ ոչ մի բան չի ասել:
-Օրինակ՝ պատգամավորներից շատերը մտահոգություն արտահայտեցին՝ կապված ստուգումների հետ, Դուք ստուգումների մասով ծանոթացե՞լ եք նախագծի բովանդակությանը:
-Չեմ ուսումնասիրել:
-Իսկ քվեարկությանը մասնակցե՞լ եք:
-Այո՛:
-Կո՞ղմ թե՞ դեմ եք քվեարկել նախագծին:
-Կողմ եմ քվեարկել:
-Առանց ուսումնասիրելու կո՞ղմ եք քվեարկել:
-Հա՛, ինչ անենք, տենց էլ է լինում:
-Ըստ Ձեզ՝ նոր նախագիծը գործարարներին չի վնասո՞ւմ, վստա՞հ եք, որ տարիներ հետո խնդիրների առաջ չեք կագնի Ձեր իսկ կողմ քվեարկելու հետեւանքով:
-Լավ Էլի, խնդրում եմ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյան
-Պարո՛ն Սադոյան, հասցրե՞լ եք ուսումնասիրել «Հարկային օրենսգիրքը», այն Ձեզ բավարարո՞ւմ է:
-Ուսումնասիրել եմ քիչ թե շատ, դրական կողմեր էլ կան, բացասական էլ:
-Կոնկրետ կնշեք, թե որոնք են հիմնական դրական եւ բացասական կողմերը:
-Եթե ես հիմա ասեմ, Դուք չեք հասկանա, քանի որ Դուք էլ հարյուր տոկոսով չեք ուսումնասիրել, երբ ուսումնասիրեք, այն ժամանակ մենք իրար հետ կխոսենք:
-Բայց ինչ գիտեք, որ չենք ուսումնասիրել, միգուցե Դուք ասելի՞ք չունեք:
-Ես արդեն ասացի:
-Հիմա կոնկրետ նախագծում ստուգումների մասով հստակ մեխանիզմները չեն նշվել, դա Ձեզ բավարարո՞ւմ է, խնդիր չեք տեսնո՞ւմ:
-Ո՛չ, ստուգումների մասով խնդիր չկա, խնդիր չեմ տեսնում:
-Իսկ հնարավո՞ր է, որ Ձեզ վրա ճնշում են գործադրել, քանի որ ԱԺ ամբիոնից հայտարարություններ եղան, որ ՀՀԿ-ական թեկնածուներին ճնշել են, որպեսզի կողմ քվեարկեն:
-Ո՛չ, նմանատիպ բան չի եղել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյան
-Պարո՛ն Գեւորգյան, «Հարկային օրենսգիրք»-ը ուսումնասիրել եք:
-Չեմ ուզում Ձեր հարցերին պատասխանել:
-Ինչո՞ւ, կարո՞ղ է՝ Ձեզ ճնշել են, որ կողմ քվեարկեք ու ավել-պակաս չխոսեք:
-Չեմ ուզում պատասխանել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյան
-Պարո՛ն Բաբլոյան, ուսումնասիրե՞լ եք «Հարկային օրենսգիրք»-ը, Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ նախագիծը մի շարք պատգամավորներ համարում են դիվերսիա:
-Շատ մանրամասն նայել եմ, բոլոր քննարկումներին գրեթե մասնակցել եմ: Այն, ինչ վերաբերում է նամանավանդ առողջապահությանը, բոլոր մեր առաջարկությունները ընդունված են, բոլորը անխտիր: Իհարկե, ամբողջը առողջապահությունով չի որոշվում, բայց ամեն մեկը պետք է իր բնագավառում մաքսիմալ աշխատի: Մենք փորձեցինք մաքսիմալ, ինչքան կարող ենք ակտիվ աշխատել եւ եկանք արդյունքի, եւ մեր բոլոր առաջարկություններն ընդունվեցին:
-Միգուցե Դուք Ձեր բնագավառի առումով հասել եք արդյունքի, բայց նախագծում կան մի շարք բացասական դրույթներ, որոնց մասին Ձեր ընդդիմադիր գործընկերները բարձրաձայնում են, իսկ, ահա, իշխանական մեծամասնությունը լռում է: Լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ական պատգամավորներին հրահանգել են՝ կողմ քվեարկել, եթե անգամ նախագիծը նրանց սրտով չէ:
-Անձամբ ինձ մարդ չի ճնշել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 
ՕՐԵՆՔԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆԵՎՐՆԵՐԸ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ կան բոլոր հնարավորությունները ընդդիմության կողմից Գյումրիում քաղաքապետ առաջադրելու համար: ԱԺ-ում Տիգրան Մուկուչյանի հետ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք համաձայն չեն ԿԸՀ հրապարակած արդյունքների հետ, նրա խոսքով` ՀՎԿ-ի եւ ԳԱԼԱ-ի սատարման դեպքում իրենք ունենում են 18 քվե, իսկ Բալասանյան դաշինքը, անգամ բոնուսային համակարգը հաշվի առնելով, չունի 17 մանդատ: Ի պատասխան` Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով հստակ ամրագրված է համապատասխան բոնուսների տրման կարգը:

Այսպիսով, հարց ու պատասխանից հետո անգամ անհասկանալի մնաց` արդյո՞ք ԿԸՀ նախագահի պատասխանը բավարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, եւ, ի վերջո, ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս խնդիրը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես հասկանում եմ, որ ընտրական օրենսգիրքը գրել են գիգանտներ Դավիթ Հարությունյանը եւ Հրայր Թովմասյանը, ովքեր երբեմն այնպիսի ձեւակերպումներ են ներկայացնում, որ ամենավտանգավոր դրույթներն անգամ իշխանությունը մեկնաբանի այնպես, ինչպես իրեն հարմար է: Հազար իրավաբանի հետ այս օրերին քննարկել ենք, մեր իրավաբաններն էլ հակակարծիք են ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Տպավորությունն այնպիսին է, որ մենք խոսում ենք տարբեր ընտրական օրենսգրքերի մասին: Ես հասկանում եմ, որ ցանկացած խնդիր, եթե դրվել է լուծվելու, ապա մենք ունենք այնպիսի հզոր մանիպուլյատորներ, որ ցանկացած կերպ դա կիրագործեն: Եթե այդ դրույթը իրենց տվյալ պահին ձեռնտու չլիներ, իրենք դա այլ կերպ կմեկնաբանեին: Բայց օրենքը ճշգրիտ գիտություն է, ընտրական օրենսգիրքը գեղարվեստական գրականություն չէ, որ ցանկացածը վերապատմի այնպես, ինչպես իրեն հոգեհարազատ է: Հիմա ընթանում է բողոքարկման գործընթաց, որի արդյունքներից հետո պարզ կլինի, թե որն է մեր հաջորդ քայլը»:
-Իսկ «ԳԱԼԱ»-ի հետ արդեն համաձայնության եկե՞լ եք, որովհետեւ դեռեւս հստակ չէր՝ սատարելո՞ւ են, թե՞ ոչ:
-Ես այսօր հանդիպել եմ նաեւ մեր թեկնածուի` Վարդեւան Գրիգորյանի հետ, ինքը խոսել է նաեւ «ԳԱԼԱ»-ի հետ, իրենք եւս սատարում են Վարդեւան Գրիգորյանին:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ԾՆՆԴԿԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ
Այս տարվա հունվարի 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 28 շաբաթական հղիությամբ ծննդկան Արաքսյա Դանիելյանի մահվան քրգործով հերթական անգամ քննիչը փոխվել է: Հիշեցնենք, որ ծննդկանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տեղափոխվել էր «Արմավիր» բ/կ-ից եւ երկու շաբաթ անց մահացել: Նրա մոտ, նախնական տեղեկություններով, գրիպի Ա տեսակի H1N1 էր հայտնաբերվել, բայց հետագայում լաբորատոր հետազոտությամբ այն հերքվել էր: Արաքսյա Դանիելյանի ամուսինը` Արցախ Քոչարյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ քննիչներին պարբերաբար փոխելով՝ քրգործի քննությունն արհեստականորեն երկարաձգվում է: Ծննդկանի ամուսինը իրավապահներին ներկայացրել է, որ դեպքը տեղի է ունեցել «Արմավիր» բ/կ բժիշկ-թերապեւտ Անդրանիկ Պապոյանի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում: Մյուս կողմից էլ նշված բժիշկը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ տեղի ունեցածում իր մեղքը չկա, քանի որ իրեն հրավիրել են զուտ որպես խորհրդատու: «Ծննդկանը մեզ մոտ մեկ օր է մնացել: Ավելի քան երկու շաբաթ Երեւանում է գտնվել: Հիվանդության գլուխ բարձրանալուն պես մեզ մոտ է տեղափոխվել: Դուք հնարավոր է մտածեք` ես արդարանում եմ, բայց իրականում իմ մեղքը չկա: Պարզապես կան հիվանդություններ, որոնք միանգամից են բարդանում: Հիմա սպասում ենք դատաբժշկական փորձաքննության ավարտին: Թե ինչու է ձգձգվում, չեմ կարողանում հասկանալ»,- ասաց Անդրանիկ Պապոյանը:

 

 

Ի՞Ր ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՁԱՅՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարի աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Նա դիմումը ներկայացրել է առողջապահության նախարարի պաշտոնում Լեւոն Ալթունյանի նշանակումից օրեր հետո: Երեկ արդեն Արմեն Կարապետյանը, պտտվելով նախարարության աշխատասենյակներով, հրաժեշտ է տվել աշխատակիցներին, ապա հեռացել: «Ժողովուրդ»-ը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ Արմեն Կարապետյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից:

 

 

ԳԱՂՏՆԻ ՆԻՍՏ
Երեկ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը դռնփակ նիստ էր հրավիրել: Նկատենք, որ նիստը հրավիրվել էր ժամը 13:00-ի սահմաններում եւ ավարտվեց 16:00-ի սահմաններում, սակայն հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն էին մասնակցում դրան: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները փակ ռեժիմով քննարկել են ռազմարդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցեր:




Լրահոս