ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-Ը ՏԱՊԱԼՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունները, կարելի է ասել, դեռ չեն ավարտվել: Մոտ մեկ շաբաթից Վանաձորում ընտրված 33 ավագանիները պետք է քաղաքապետ ընտրեն, եւ պատմական շանս է տրված ոչ իշխանական ուժերին իշխող ՀՀԿ-ի կարծրատիպը կոտրել ու Վանաձորում ունենալ ընդդիմադիր քաղաքապետ:

Ինչպե՞ս, բացատրենք: Բանն այն է, որ ընտրություններում նվազագույն 6 տոկոս շեմը հաղթահարել են հինգ կուսակցություններ` ՀՀԿ-ն` 13 մանդատով, «Լուսավոր Հայաստան»-ը` 10 մանդատով, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ)` 5, ՀՅԴ-ն` 2 եւ ԲՀԿ-ն` 3 մանդատներով:
ՀՀ ԸՕ 165 հոդվածով նախատեսված բոնուսն այս դեպքում չի գործում, քանի որ 33 մանդատների 40 տոկոսը կազմում է 13,2: Այսինքն` ՀՀԿ-ն բոնուս ունենալու համար պետք է 14 մանդատ ունենար, բայց ընդամենը 13-ն է ստացել: Եւ հիմա ՀՀԿ-ն իր քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին քաղաքապետ դարձնելու համար ընտրված 4 ավագանու աջակցության կարիքն ունի: Հասկանալի է, որ ՀՅԴ-ն, որպես կոալիցիոն գործընկեր, իր ավագանու 2 ձայնը կտա ՀՀԿ-ի թեկնածուին: Ինչը նշանակում է, որ դեռ 2 մանդատի պակաս ՀՀԿ-ն զգալու է:
Իսկ, ահա, ոչ իշխանական ուժերը` «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են իրավիճակ փոխել եւ ունենալ ընդդիմադիր քաղաքապետ Վանաձորում, եթե մի կողմ դնեն իրենց նկրտումները եւ միավորվեն մեկ` ռեալ թեկնածուի օգտին:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ Էդմոն Մարուքյանի գլխավորած ԼՀԿ-ն 10 մանդատ է ստացել Վանաձորում, այսինքն՝ ընդամենը 3 մանդատով պակաս ՀՀԿ-ից, նշանակում է, որ բոլոր ուժերը պետք է հավաքվեն այդ քաղաքում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուի շուրջ: Սակայն մեր երկրում տրամաբանական ոչինչ տեղի չի ունենում, քանի որ անձնական ամբիցիաներն ավելի բարձր դիրք ունեն:
3 ոչ իշխանական ուժերից միայն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն է հրապարակավ վստահեցրել, որ առանց որեւէ նախապայմանի պատրաստ է աջակցել ցանկացած համախմբման ծրագրի: Այսինքն` ե՛ւ ՕԵԿ-ի, ե՛ւ ԼՀԿ-ի թեկնածուների օգտին կքվեարկեն ԲՀԿ-ական 3 ավագանիները, եթե համատեղ որոշում կայացվի: Հիշեցնենք` Զոհրաբյանը հայտարարել էր, որ «սատանայի հետ էլ կհամագործակցեն, բայց ոչ երբեք ՀՀԿ-ի»:
Ահա, ՕԵԿ-ից ՀՎԿ դարձած կառույցը, գերագնահատելով իր ուժերը, ոչ մի կերպ չի ցանկանում միավորվել ու աջակցել 10 մանդատ ստացած ԼՀԿ-ին` նրանց համարելով մարզային, լոկալ մի կուսակցություն, որին միավորվելը իրենց պատվից ցածր է, քանի որ իրենք «կայացած քաղաքական կառույց են»: Ու ստացվում է, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի համար ավելի ձեռնտու է, քան Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն:
Իսկ ինչո՞ւ է ՕԵԿ-ՀՎԿ-ն նման վարքագիծ դրսեւորում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք պատճառաբանում են, թե իրենց կուսակցության ավագանու ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանը` Ական, որեւէ դեպքում չի համաձայնում Էդմոն Մարուքյանի եղբոր` 10 մանդատ ստացած Քրիստ Մարուքյանի տեղակալը դառնալ: Ու արդյունքում ստացվում է, որ Ական պատրաստ է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին սատարել` ոչնչի դիմաց, բայց ոչ իշխանական ԼՀԿ-ին` երբեք: Դրա համար էլ ՀՎԿ-ն Մարուքյանին առաջարկել էր միանալ իրենց:
Ահա, այսպես կարելի էր տապալված համարել Վանաձորում ոչ իշխանական քաղաքապետ ունենալու ծրագիրը, եթե երեկ Ական մի խայտառակ պատմության մեջ չհայտնվեր:
Երեկ երեկոյան ՀՎԿ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: «Առաջին լրատվականի» տեղեկություններով՝ Արկադի Փելեշյանը զինված սպառնացել է այլ հայտնի անձանց եւս: Ընդհանրապես, Արկադի Փելեշյանը Վանաձորում ունի քրեական համբավ: Նա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկն է: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ծեծի պատճառը քվեներն են եղել. եկեղեցու առաջնորդը եւ մի քանի այլ անձինք խոստացել են ձայներ տալ ՀՎԿ-ին, սակայն Արկադի Փելեշյանը չի ստացել իր ակնկալած քվեները: Խաբված ավագանին որոշել է զենքով հարցերը կարգավորել:
Թերեւս տեսակի նմանությունն է ՀՎԿ-ՕԵԿ թեկնածու Ակային մղում դեպի ՀՀԿ` ամեն կերպ տապալելով ոչ իշխանական կոալիցիա ձեւավորելու հեռանկարը: Ու եթե Արթուր Բաղդասարյանն իրականում կրում է այն արժեքները, որոնց մասին բարձրագոչ հայտարարություններ է անում, ապա պետք է միավորվի այդ քաղաքում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուի շուրջ, այլ ոչ թե պնդի, որ Վանաձորի քաղաքապետ պետք է դառնա իր թեկնածուն` քրեական անցյալով ու ներկայով աչքի ընկած Արկադի Փելեշյանը: Եթե, իհարկե, Փելեշյանը մնա ազատության մեջ, չկալանավորվի:
Ասել է թե` 2008 թվականի մարտի 1-ից հետո սա նախկին ՕԵԿ-ի համար նոր թեստ է` հասկանալու համար. իրականում Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ի տապալո՞ւմն է ուզում, թե՞ պարզապես խաղում է ընդդիմադիրի իր դերը:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ
Այն բոլոր նախարարները, որոնք չվերանշանակվեցին իրենց պաշտոններում, հրավիրվել են Սերժ Սարգսյանի մոտ, որտեղ բոլորին նա բացատրել է, թե ինչու նրանք չեն վերանշանակվելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին Ս. Սարգսյանն իր մոտ է հրավիրել, բացատրել է, որ նրա անունը շատ է կապվում ընտրակեղծիքների եւ աղմկալի պատմությունների հետ, ուստի լավ կլինի, եթե նա որոշ ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվի եւ ստվերում մնա: Բեգլարյանը լսելով ՀՀԿ նախագահի պատճառաբանությունը՝ բարձրաձայն տարակուսել է, որ այն, ինչ արել է ընտրությունների ժամանակ, հանուն Սերժ Սարգսյանի է արել: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել Գագիկ Բեգլարյանին համոզել, որ նա համակերպվի «քավության նոխազ» լինելու մտքի հետ:

 

 

Ո՞Վ Է ԼԻՆԵԼՈՒ ՏՆՕՐԵՆԸ
Այս օրերին համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: Այսինքն՝ փոխարինելու է Հովհաննես Հովսեփյանին: Այս լուրերի ֆոնին համառորեն քննարկվում են նաեւ Վարդան Հարությունյանից հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նոր գլխավոր տնօրենի հավանական թեկնածուների անունները: Ըստ այդմ, ակտիվորեն քննարկվում են մի քանի անուններ. «Երեւանգազ» ընկերության տնօրեն Գառնիկ Մովսիսյան, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների երիտասարդ փոխնախարար Հայկ Հարությունյան, որը սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, ինչպես նաեւ Կարեն Կարապետյանի փեսան: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի հետ, որն ասաց հետեւյալը. «Նախ նշեմ, որ Վարդան Հարությունյանն այժմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենն է, հետեւաբար մյուս ածանցյալ հարցերը դառնում են ավելորդ»:

 

 

ՊԱՇՏՈՆ ԿՏԱ՞Ն
Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն նշված պաշտոնում նշանակվել է «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը: Վերջինս 2003-2010 թթ. եղել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում ֆինանսական վարչության պետի տեղակալը: Հիշեցնենք, որ 2001-2010 թթ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Այսինքն՝ վարչապետը շարունակում է իր կադրերին բերել պետական կառավարման համակարգ: Արամ Հարությունյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչով է զբաղվելու, ի պատասխան՝ նա ասաց. «Ամեն ինչ ժամանակին կլինի: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ես իմ սեփական դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից»:

 

 
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Ռուզաննա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար: «Սիրելի՛ գործընկերներ, ես այսուհետ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղարն եմ: Պրն Ամիրյանի կամքն է՝ անկեղծ ու բաց աշխատել, ինչն իմ սրտով է ու հաստատ նաեւ ձեր սրտով: Փորձե՞նք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

 

 

ԵՎՍ ՄԵԿԸ՝ «ԹՄԻՑ»
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` ՀՀ ջրային տնտեսության ղեկավար է նշանակվել Արսեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջինս 2013 թ. հուլիսի 15-ից զբաղեցնում էր գազի ներտնային սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար պատասխանատվություն են կրում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն աջակցում եւ հատուկ կարեւորություն են տալիս ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին: «Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության արդարացի կարգավորումը, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի անընդունելիություն, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք»,-հայտարարել է Թրյուդոն:

 

 

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԵՆ
ՀԱԿ կուսակցությունը նոյեմբերին կփոփոխի վարչության կազմը: Ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի պնդմամբ, պատճառը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքները չեն: Խնդիր է դրվում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հասնել իշխանափոխության: «Այո, մենք ընդունում ենք, որ 2017 թվականին էդ ճակատամարտին, իշխանափոխության ճակատամարտին պետք է մոտենալ նոր ռեսուրսային հնարավորություններով, դա մենք ընդունում ենք եւ դա մենք նախաձեռնել ենք», – «Ազատությանն» ասել է Զուրաբյանը: Հիշեցնենք որ Վանաձորի ու Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը զբաղեցրել է վերջին հորիզոնականը՝ մոտ 90 հազար ընտրողներից ստանալով հազարից մի փոքր ավել ձայն:

 

 

32 ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ
Մինչեւ շաբաթվա վերջ կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովները կքննեն հոկտեմբերի 2-ի ընտրություններին առնչվող 152 դիմումներ, եւս 32 դիմում վերահաշվարկի պահանջով է, որոնց մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի 2-րդ քաղաքին։ Գյումրիում նորից կբացվեն 9 տեղամասերի պարկեր։

 

 

ՄՆԱՑ ՊԱՏՎԱՎՈՐ
Գյումրիի ավագանու՝ հին կազմով երեկվա արտահերթ նիստում քննարկվել է Սերժ Սարգսյանի եղբայր, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Լարված քննարկման արդյունքում ավագանու՝ մինչ այդ կայացված որոշումը մնացել է անփոփոխ:




Լրահոս