ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԴԻՄԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, որը հայտարարել է պատգամավորական մանդատից եւ կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին, հոկտեմբերի 4-ին ԱԺ հայտարարությունների ժամին անդրադառնալով իր թիմակիցների վերաբերյալ տարբեր հրապարակումներին՝ հայհոյախառը արտահայտություններ հնչեցրեց Ազգային ժողովի ամբիոնից. «Նախկին պատգամավոր, իշխանության կամակատար ու ըստ ավանդական խորհրդարանական սլենգի՝ փոքրիկ չ… Սաֆարյան Ստյոպիկին, որն իրեն թույլ է տվել սոցիալական ցանցերում ու մեդիայում վիրավորել թիմակիցներիս ու մերձավորներիս, հայտնում եմ, որ բնակվում եմ գրանցմանս վայրում, որը հրապարակված է պետռեգիստրում»,- հայտարարեց Ուրիխանյանը: «Ժողովուրդ»-ը ԱԺ ամբիոնից հայհոյախառը արտահայտություններ թույլ տված պատգամավորի պահվածքի մասին զրուցեց Աժ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, Ազգային Ժողովի ամբիոնից արդեն երկու օր է, ինչ հայհոյախառը արտահայտություններն են հնչում: Դա չի մտահոգո՞ւմ Ձեզ որպես Աժ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:
-Ճիշտ ասած, որպես էթիկայի հանձնաժողովի նախագահ, ուզում էի արձագանքել, բայց հարկ չհամարեցի հարց ու պատասխանի ժամանակ արձագանքել: Իմ կարծիքը միշտ եղել է նույնը, անկախ նրանից՝ հանձնաժողովի նախագահ եմ եղել, թե ոչ: Չի կարելի Ազգային ժողովը դարձնել այդ տեղը, թեկուզ ուրիշ տեղերում արտահայտած, գրված բառերը բերել Ազգային ժողով: Դա համարում եմ հայհոյախառը արտահայտություններ, որոնք անթույլատրելի են ցանկացած անձի համար՝ հասարակական վայրում, առավելեւս՝ պատգամավորի համար Ազգային ժողովի դահլիճում, երբ լսում են տասնյակ հազարավոր մարդիկ: Անկախ նրանից՝ Տիգրան Ուրիխանյանը արդեն որոշել է պատգամավորական մանդատը վայր դնել, թե ոչ, չեմ կարծում, որ դա որեւէ անձի պատիվ է բերում: Եթե Տիգրան Ուրիխանյանը մանդատը վայր չի դնելու, ապա կարծում եմ, որ առաջիկայում հնարավորություն կլինի էթիկայի հանձնաժողովում հորդորել մեր պատգամավորներին նման դրսեւորումներից զերծ մնալ:
-Հիմա սպասո՞ւմ եք Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելուն, որ նոր հասկանաք Ձեր հետագա քայլերը, թե Էթիկայի հանձնաժողովը նիստ կհրավիրվի եւ կոնկրետ քայլերի կգնա:
-Չէ, ես չեմ սպասում, էթիկայի հանձնաժողովը ունի իր կանոնակարգը: Այսինքն՝ եթե դիմում ստացվում է եւ այդ կանոնակարգի սահմաններում է, նոր էթիկայի հանձնաժողովը որոշում է դիմումը քննարկման ընդունել, եւ ապա սկսել դիմումի քննարկման պրոցեսը:
-Արդեն երկու օր է, ինչ Աժ ամբիոնից հայհոյախառը արտահայտություններ են հնչում, եւ որեւէ դիմում չկա, միգուցե արդեն հանձնաժողովի դերն ու նշանակությունն է ընկել, որ որեւէ մեկը դիմում չի ներկայացնում` պահանջելով կարգի հրավիրել պատգամավորներին:
-Ոչ թե հանձնաժողովն է կորցրել իր դերակատարությունը: Հանձնաժողովը միշտ էլ իր չափով, որքանով տրված է իրեն դերակատարություն, իրականացնում է:
-Բայց մենք նախկինում էլ ունեցել ենք շատ վատ դրսեւորումներ, մինչդեռ հանձնաժողովը այդպես էլ պատշաճ չքննեց ու «չպատժեց» պատգամավորներին, եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
-Հանձնաժողովը պատժիչ հանձնաժողով չէ: Հանժնաժողովի լիազորությունները շատ սահմանափակ են, մենք ընդամենը կարող ենք հորդորել եւ ասել պատգամավորին, որ սա էթիկայի խախտում է, այլ բան չենք կարող ասել:
-Բայց Ձեր հորդորներն էլ երբեւէ տեղ չեն հասել, միգուցե ժամանակն է փոխել կանոնակարգը:
-Հորդորները, իհարկե, տեղ չեն հասնում, դրա համար կարծում եմ, երբ մենք ապագայում ունենանք նոր կանոնակարգ, այդ ժամանակ նման խնդիրների հետ կապված կփորձենք կանոնակարգում հստակ դրույթներ սահմանել:
-Այսինքն՝ առավել խիստ մեթոդների՞ անցնել:
-Այո՛, թեկուզ զրկենք նիստերից. այլ պատժաչափեր կիրառենք: Հետո գիտեք, այս վերջին դրսեւորումները ինքս ուղիղ կապում եմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Տեսեք՝ ինչ է ստացվում. այն կուսակցությունները, որոնք չնչին՝ մեկ-երկու տոկոսի սահմաններում ձայներ են ստացել, բոլորի մոտ ինչ-որ բան է առաջացել: Մեկը վերցրեց իր վրա պատասխանատվություն եւ ասաց՝ ես վարչություն եմ ցրում, երկրորդը՝ թե մենք մեր աշխատանքների վեկտորն ենք փոխում, երրորդն էլ չդիմացավ ու այլեւայլ արտահայտություններով արտահայտեց իր դրսեւորումները:
-Հիմա կոնկրետ Ուրիխանյանի հետ կապված որո՞նք են լինելու Ձեր քայլերը:
-Որպես հանձնաժողովի նախագահ՝ կոնկրետ իմ քայլը, եթե կլինի, կոնկրետ դիմում, կխոսենք դիմումի մասին, չի լինի կոնկրետ դիմում՝ էթիկայի հանձնաժողովի կանոնակարգով, կնայենք՝ ինչ խնդիր է: Եվ երրորդ, եթե Տիգրան Ուրիխանյանը մանդատը վայր է դնում, ուրեմն այդ թեմային մենք չենք կարող անդրադառնալ: Բայց ես կարծում եմ՝ մենք առաջիկայում հրապարակավ հնարավորություն կունենանք դիմելու մեր Ազգային ժողովի պատգամավորներին, որ զերծ մնան նման արտահայտություններից:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
Ի՞ՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԴԱՌՆԱ

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո պարզվեց, որ ընդդիմադիր ուժերն ունեն բացառիկ հնարավորություն Վանաձորում կոալացիա կազմելով` հաղթել իշխանության թեկնածուին: Ընտրություններից հետո հենց այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը` ՀՎԿ-ին եւ ԲՀԿ-ին առաջարկելով սատարել իրենց կուսակցությանը: ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն էլ իրենց հերթին հանդես եկան հայտարարություններով: Սակայն, ի վերջո, թե ինչպիսի եզրահանգման են եկել այդ քաղաքական ուժերը, անհասկանալի է, որովհետեւ որեւէ հստակ ու վերջնական պայմանավորվածություն կարծես թե ձեռք չի բերվել: «Ժողովուրդ»-ը հարցի առնչությամբ զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարո՛ն Մարուքյան, ո՞ր փուլում են գտնվում ՀՎԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ բանակցությունները:
-Ոչ մի նորություն դեռ չկա, համբերեք, նոր բան լինի, նոր կխոսենք: Իրենք ինչ հայտարարել են, դա է, իմ հայտարարությունն էլ նույնն է: Ոչ մի ավել բան դեռ չի եղել:
-«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ձեզ է զանգահարել Վանաձորում ՀՎԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը եւ պնդել, որ իրենց միանաք, որպեսզի ինքը դառնա քաղաքապետ: Ինչպե՞ս է ավարտվել այդ զրույցը:
-Նման բան չի եղել, ո՞վ է Ձեզ ասել, որ զանգել է: Մենք չենք խոսել:
-Այս պարագայում ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը: Ի՞նչ եք նախատեսում անել:
-Հաջորդ քայլ չկա: Առաջին նիստի օրը Քրիստ Մարուքյանը կառաջադրվի, ինչպես ես հայտարարության ժամանակ ասել եմ, հույս ունենք, որ կքվեարկեն, ու կընտրվի:
-Իսկ մինչ այդ, նոր հանդիպումներ ՀՎԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ կլիե՞ն:
-Եթե ասեն՝ եկեք, հանդիպենք, կհանդիպենք:
-Այսինքն՝ Ձեր կողմից նախաձեռնություն չի՞ լինելու կրկին հանդիպելու:
-Մի հատ տեսնենք՝ մանդատները իրենք ում են տալիս, դեռ մանդատները բաշխված չեն, թող մանդատները բաշխեն, տեսնենք` ում են տալիս, ինչ են անում, նոր կհասկանանք, հիմա դեռ ոչ մի նոր տեղեկություն չկա: Միգուցե մի անգամ էլ հանդիպենք, չգիտեմ: Տեսնենք՝ ինչպես կստացվի:
-Իսկ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում ոչ մի նոր համաձայնություն չի՞ եղել:
-Ո՛չ, հայտարարության նույն տեքստն է քննարկվել, ես էլ ասել եմ այն, ինչ որ մամուլով հայտարարել եմ:
Հ.Գ. ՀՀ ԸՕ 78-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ԿԸՀ-ն քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ԸԸՀ-ի որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները եւ ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Իսկ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածը սահմանում է, որ Վանաձորի նորընտիր ավագանիների առաջին նիստը կգումարվի ավագանի ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԿԱ
Ինչպես հայտնի է` Սեւանի` արդեն նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախաշեմին իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել: Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին` քաղաքապետարանի հաշվեկշռում եղած խողովակների յուրացման գործով որպես վկա ցուցմունք տալու համար: «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել` կա՞ն հարուցված քրեական գործեր, որոնցում ներգրավված կլինի Ռուդիկ Ղուկասյանը: Ի պատասխան մեր հարցման` հայտնեցին, որ Ռուդիկ Ղուկասյանի նկատմամբ ՀՀ ՔԿ վարույթում քրեական գործեր չեն հարուցվել: Քննվող քրեական գործը Սեւանի քաղաքապետարանի առանձին աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքերի վերաբերյալ է, որում Ռ. Ղուկասյանը ներգրավված է որպես վկա:

 

 

ՊԵԿ-Ի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
«Ժողովուրդ»-ը ՊԵԿ-ից տեղեկացավ, որ իրենց գերատեսչության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղ հարկերից խուսափման դեպքեր են բացահայտվել: Նշված ընկերության դեմ 2 մլրդ 600 մլն դրամի ակտ է կազմվել: Նշված ընկերությունը զբաղվում է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությամբ: Ուստի «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Հյուսիս-հարավ ԾԻԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանի հետ` պարզելու համար՝ հնարավո՞ր է տեղի ունեցածից հետո նշված ընկերության հետ պայմանագիրը լուծարվի: Ի պատասխան՝ Սարգսյանն ասաց. «Ո՛չ, դա իրենց ֆինանսական գործունեությունն է, եթե իրականություն է, իրենք իրենց տույժ-տուգանքները երեւի թե կտան: Դա մեզ հետ փոխկապակցված գործողություն չէ: Դա իրենց ներքին ֆինանսական հոսքերն են»:

 

 

ԿԴԱՌՆԱ ՀՀԿ-ԱԿԱՆ
Երկու օր է՝ Աժ-ում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջիկայում կդառնա ՀՀԿ-անդամ, իսկ նոյեմբերի 26-ի համագումարում էլ կդառնա իշխող կուսակցության փոխնախագահ: Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից փորձեցինք պարզել, թե արդյոք Կարեն Կարապետյանը պատրաստվում է ՀՀԿ անդամ դառնալ, ի պատասխան՝ նա ասաց. «Կարեն Կարապետյանը իր որոշումների մասին կհայտարարի անձամբ»: Այլ կերպ ասած՝ լուրերը ո՛չ հերքում են եւ ո՛չ էլ հաստատում:




Լրահոս