ՖԵՅՔԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ` ՕՐՀԱՍԱԿԱՆ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գումար վաստակելը մասնագիտության է վերածվել: Կեղծ օգտատերերը վերջին շրջանում ավելի ակտիվ գործունեություն են ծավալում սոցիալական տիրույթում: Եվ այն, որ դրանց դեմ պայքարն օրհասական խնդիր է դարձել, առավել քան ակնհայտ է:

Այսպես՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մի խումբ անհատ լրագրողներ եւ լրագրողական կազմակերպություններ, հասարակական ու քաղաքական գործիչներ դիմել են իրավապահներին, որպեսզի նախընտրական շրջանում ապահովվի իրենց անվտանգությունը, եւ ֆեյսբուքյան կեղծ հաշիվները, որոնցից իրենց վերաբերյալ վարկաբեկող եւ զրպարտող գրառումներ են կատարվում, բացվեն` հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ խնդիրն արդեն պետական մակարդակով եւս քննարկվում է: Ըստ այդմ, հայրենի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են կեղծ օգտատերերին գաղտնազերծելու մեթոդները: Խնդիրը, սակայն, այն է, որ, այսպես կոչված, ֆեյքը իրական օգտատերից տարբերելը դժվար եւ ժամանակատար գործընթաց է:
Նվազ կարեւոր չէ նաեւ այն հարցը, որ զրպարտությունը եւ անձին արատավորող երեւույթները ապաքրեականացվել եւ տարվել են քաղաքացիական տիրույթ: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին` հինգերորդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի մեկնարկին, պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարց էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին՝ իր հետագա գործունեության ընթացքում ողջունելո՞ւ է «ֆեյք-պրակտիկայի» շարունակությունը: Պատգամավորը, մասնավորապես, պարզաբանել էր, որ տարբեր ծառայություններ, այդ թվում՝ ուժային կառույցները, ունեն գործունեության այնպիսի մի տեսակ, որը կոչվում է տեղեկատվական արտահոսք: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի հասարակական կյանքի սովորական դրսեւորումներից՝ կան նաեւ սոցիալական ցանցեր, լրատվամիջոցներ եւ այդ լրատվամիջոցներով փոխադարձ հարցեր լուծելու պրակտիկա, ինչպե՞ս եք Դուք վերաբերում ՀՀ պետական կյանքում, այսպես կոչված, տեղեկատվական արտահոսքերին եւ ստեղծված սոցիալական ցանցերում գործող կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի միջոցով այդ արտահոսքը տարածելուն ու հասարակական համապատասխան արձագանք ստեղծելուն»,- հավելել էր Գուրգեն Արսենյանը:
Ի պատասխան՝ արդեն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ դատախազությունն այստեղ ներգրավված կարող է լինել այն դեպքերում, երբ համապատասխան տեղեկություններ կտարածվեն հանցագործության մասով: Ա. Դավթյանի գնահատմամբ՝ այս երեւույթի դեմ պայքարելու ամենալուրջ գործիքակազմը դատախազությանը չի պատկանում: «Քանի որ քրեականացված համարվող այս արարքների մեջ ունենք սուտ մատնությունը, որը վերաբերում է նրան, երբ ինչ-որ մեկը մեղադրվում է անհիմն հանցագործության մեջ, այսպիսի դեպքերը դատախազության ուշադրությանը կարժանանան, եւ դատախազությունը կոնկրետ քրեական գործով քննության արդյունքում գնահատականներ կտա կոնկրետ անձանց արարքին»,- պարզաբանել էր Արթուր Դավթյանը: Իսկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազը խոստացել էր, որ խնդիրը կգտնվի իր ուշադրության ներքո, եւ ինքն անձամբ կուսումնասիրի այն:
Եվ մինչ հանրությունը սպասում է էական եւ շոշափելի նախաձեռնությունների, խնդրի լուծումն ավելի օրհասական է դառնում: Արդեն մի քանի օր է` հայ հասարակությունը քննարկման նոր եւ թարմ թեմա ունի. քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի եւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բանավեճերը տեղափոխվել են սոցիալական տիրույթ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստել Ստյոպա Սաֆարյանին ուղղված սպառնալիքների փաստերով: Ավելին՝ եթե Ստյոպա Սաֆարյանը նաեւ զրպարտության համար դիմի դատարան, միանշանակ, այն վարույթ կընդունվի: Սակայն պարզվում է՝ Սաֆարյանի դեմ «ֆեյք-արշավ է» սկսվել: Սաֆարյանն արդեն իսկ հայտարարել է, որ Տիգրան Ուրիխանյանը դիմել է կեղծ օգտատերերի օգնությանը, որոնք էլ զրպարտչական արտահայտություններ են տեղում իր հասցեին:
Ինչպես արդեն հիշատակեցինք` իրավապահների օգնությանն են դիմել մի շարք լրագրողներ` խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը «ֆեյք-գրոհներից»: Մեզ, մասնավորապես, հայտնի է դարձել, որ դիմողներից մեկը «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Հերմինե Մկրտչյանն է, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: Վերջինիս փոխանցմամբ` Գյումրիի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին իր գրառումներից մեկին կից մեկնաբանություններ են արվել, որոնցով իրեն զրպարտել եւ վիրավորել են: Լրագրողը վստահեցրեց, որ գրառումների հեղինակները կեղծ հաշիվներից են օգտվել, եւ ինքը դիմել է ՀՀ ոստիկանություն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` խնդրելով օգնել իրեն լուծել խնդիրը. «Ոստիկանությունից պատասխան չեմ ստացել, իսկ ՄԻՊ-ի գրասենյակից ինձ հայտնեցին, որ խնդրի շուրջ իրենք դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` ՀՀ գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում: Հ. Մկրտչյանը նշեց, որ հետեւողական է լինելու եւ անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի պարզի` ովքեր են զրպարտչական գրառումների հեղինակները:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դիտարկում էր արել, որ քաղաքացիական օրենսգրքով է կարգավորվում խնդիրը: Սաքունցը նկատում է, որ «ֆեյքի» նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել. «Թե օրենսդրական ինչպիսի փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի քաղաքացիները զերծ մնան նմանատիպ խնդիրներից, այդպես էլ պարզ չի դառնում: Ըստ մի շարք իրավաբանների՝ առաջին հերթին խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում համացանցի կարգավորվածությունը բավականին ցածր մակարդակի վրա է, եւ օրենսդրական որեւէ կարգավորում դեռեւս չկա»:
Իսկ մեզ մնում է ՀՀ իրավապահ համակարգին ուղղված առաջարկով հանդես գալ. խնդիրը լուծելու արդյունավետ տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ անհրաժեշտության դեպքում կեղծ հաշիվների IP հասցեները գաղտնազերծվեն, դրանք տրամադրվեն դիմումատուին, եւ վերջինս էլ իր նախաձեռնությամբ որոշի` դիմո՞ւմ է դատարան այդ անձի դեմ, թե կմոռանա «վիրտուալ թշնամուն»:
Նկատենք, որ միայն այս դեպքում հնարավոր կլինի պաշտոնական փաստաթղթերի առկայությամբ դիմել դատարան եւ պատասխանատվության կանչել զրպարտությամբ անձի համբավն արատավորողներին:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԾԵԾԵՑ ՈՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Մինչ երեկ ողջ օրվա ընթացքում «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները վստահեցնում էին, թե հոկտեմբերի 9-ի երեկոյան Վանաձորում ավագանու իրենց թեկնածու Արկադի Փելեշյանը ծեծի չի ենթարկել Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանին, վերջինս այդ ընթացքում մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ահազանգի հիման վրա քննություն է սկսվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ավելին՝ երեկ ArmLur.am լրատվականը տեսանյութ է հրապարակել, որում հստակ երեւում է, թե ինչպես է Արկադի Փելեշյանը` Ապան, մոտ տասնհինգ երիտասարդի հետ մտնում եկեղեցի, որտեղ Ռաֆայել Գրիգորյանը բնակվում է իր ընտանիքի հետ:
Ռաֆայել Գրիգորյանն էլ իր հերթին է հաստատել ծեծի փաստը եւ ArmLur.am լրատվականի հետ զրույցում կարծիք հայտնել, որ կատարվածի դրդապատճառը, հնարավոր է, Փելեշյանի քարոզչական օրացույցները եղած լինեն, որոնք ՏԻՄ ընտրությունների օրը Արկադի Փելեշյանը փոխանցել է իր թոռանը եւ ասել, որպեսզի բաժանի եկեղեցի մտնողներին: Ու քանի որ Ռաֆայել Գրիգորյանը թոռանն արգելել է եկեղեցու տարածքում նախընտրական քարոզով զբաղվել, Ական զայրացել եւ որոշել է դիմել ձեռքի ուժին: Ռ. Գրիգորյանի փոխանցմամբ` ինքը Փելեշյանից բացատրություն պահանջելու հնարավորություն չի ունեցել, քանի որ վերջինս միայն երեք գործողություն է կատարել` «հայհոյել է, սպառնալիքներ հնչեցրել եւ հարվածել»: Իսկ սպառնալիքները եղել են հետեւյալ բովանդակությամբ` «Ոստիկանություն դիմես, գլուխդ կկտրեմ»:
Արկադի Փելեշյանն իր «գործն» անելուց հետո, տեսնելով ներս մտնող Գրիգորյանի փեսային, իրեն ուղեկցողների հետ արագ դուրս է եկել եւ «անհետացել»: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Արակդի Փելեշյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն Փելեշյանին ստորագրությամբ ազատ արձակեց: Հիշեցնենք, որ Արկադին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայր, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` որոնման պահին Արկադին Երեւանում է եղել, ապա ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել է Վանաձոր:
«Ժողովուրդ»-ին իրավապահներին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ նաեւ, որ Ական երեկ մինչեւ երեկո հրաժարվել է որեւէ բան խոսել կատարվածի մասին: Ասել է թե` «գողական է գնացել»:
Ի դեպ, «Դատական տեղեկատվական համակարգից» «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արկադի Փելեշյանը 2008 թվականին դատապարտվել է ալկոհոլի ազդեցության տակ հասարակական կարգը խախտելու եւ ուրիշի գույքը վնասելու համար: Դատարանի վճռով` Փելեշյանը նշված արարքի համար տուգանվել է հարյուր հիսուն հազար դրամով:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտման եւ սպառնալիքի 4 դեպք, ընդ որում՝ դրանցից 2-ը զուգորդվել են ֆիզիկական բռնությամբ։ Այդ մասին ասված է լրագրողական 8 կազմակերպությունների հայտարարությունում: «Սեպտեմբերի 17-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի թիվ 18 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը հարձակվել է «Armtimes.com»-ի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանի վրա, հարվածել տեսախցիկին եւ հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի 19/2 տեղամասում սպառնացել են ազատ լրագրող Ելենա Զոհրաբյանին, խոչընդոտել նրա աշխատանքը։ Հոկտեմբերի 2-ին Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում ընտրողներին ուղղորդող մի կին հարձակվել է «Araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանի վրա, ձեռքից վերցրել նրա հեռախոսը եւ գետնին խփելով` ջարդել այն: Նույն օրը Գյումրիի թիվ 34/73 եւ Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասերում ժամը 20:00-ից հետո անհիմն արգելվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ընտրատեղամաս»։ Կազմակերպությունները նշում են. «Ակնհայտ է, որ իրավիճակը չի փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը այս տարվա հուլիսին Երեւանի Խորենացի փողոցում ու Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողներից ներողություն խնդրեց եւ հավաստիացրեց, որ նման դեպքեր չեն կրկնվի»։




Լրահոս