ՎԻՃԱԿԸ` ԸՍՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր պատկեր է բացահայտում, որից ակնհայտ է դառնում, թե ինչու նշանակումից անմիջապես հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է:

Այսպես՝ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալներում ներկայացվել է այս տարվա համախառը ներքին արդյունքի կառուցվածքը եւ, ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ այս տարվա երկրորդ եռամսյակում տնտեսության վիճակը սկսել է վատթարանալ: Իսկ այն հանգամանքը, որ ընդհանուր վեց ամիսների կտրվածքով տնտեսության աճ է արձանագրվել, պայմանավորված է եղել առաջին եռամսյակի ավելի լավ ցուցանիշներով, որոնք երկրորդ եռամսյակի թվերն ու ընդհանուր ցուցանիշը մի փոքր շտկել են:
Առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 342 միլիարդ 432 միլիոն դրամի ապրանք: Այս ցուցանիշը անցած տարվա 291 միլիարդ 27 միլիոն դրամից ավել է շուրջ 51 միլիարդ 405 միլիոն դրամով: Սակայն երկրորդ եռամսյակում արտահանման աճի տեմպերը կտրուկ կրճատվել են, ըստ այդմ, արտահանման ծավալները կազմել են 383 միլիարդ 604 միլիոն դրամ, որն անցած տարվա ցուցանիշից ավել է ընդամենը 4 միլիարդ 841 միլիոն դրամով: Սակայն ողջ խնդիրն այն է, որ անցած տարվա առաջին կիսամյակում դեպի Ռուսաստան արտահանման ծավալները գրեթե զրոյականի էին հասել: Հիշենք, որ անցած տարվա երկրորդ կեսից միայն Հայաստանի ձեռնարկությունները սկսեցին դեպի Ռուսաստան իրենց ապրանքներն արտահանել: Տեղի ունեցածը կարելի է հետեւյալ կերպ նկարագրել. զրո թվից հետո մեկ միավորի առկայությունը կարելի է իբրեւ հարյուր տոկոսանոց աճ ներկայացնել, իսկ երկուսից հետո մեկն արդեն դառնում է հիսուն տոկոսի անկում: Երրորդ եռամսյակի արտահանման տվյալները առանձնացված տեսքով կհրապարակվեն մի քանի ամսից, եւ արդեն հասկանալի կդառնա, թե այդ ժամանակահատվածում արտահանման ծավալներն արդյոք անցած տարվա համեմատ աճել են:
Պաշտոնական վիճակագրությունից տեղեկանում ենք, որ այս տարվա օգոստոսի ընթացքում Հայաստանում ուղղակի վաճառքի սկզբունքով մասնավորեցվել է 10 հեկտար 1 հազար 700 քառակուսի մետր մակերեսով պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք: Մասնավորապես, Երեւանի տարածքում 13 կտորով վաճառվել է 5 հազար 600 քառակուսի մետր մակերեսով տարածք: Մայրաքաղաքում վաճառված տարածքներից 9-ի նշանակությունը եղել է տնամերձի կառուցման նպատակով, իսկ 4-ը` հասարակական նշանակության շինության կառուցման համար: Մակերեսով ամենամեծ տարածքները վաճառվել են Գեղարքունիքի մարզում. այստեղ 7 կտորով ուղղակի վաճառքի սկզբունքով իրացվել է 9 հեկտար 4 հազար 400 քառակուսի մետր տարածք: Ի դեպ, վերը նշվածից բացի՝ օգոստոսին աճուրդով վաճառվել է 114 հեկտար 1 հազար 100 քառակուսի մետր պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող տարածք: Այս դեպքում արդեն ամենաշատ տարածքները վաճառվել են Վայոց ձորի մարզում` 23 հեկտար 9 հազար 300 ք/մ մակերեսով, Սյունիքի մարզում աճուրդով իրացվել են 19 հեկտար 8 հազար 600 ք/մ պետական եւ համայնքային հողեր: Երրորդ տեղում Արարատի մարզն է 17 հեկտար 3 հազար 700 ք/մ մակերեսով:
Պաշտոնական վիճակագրության հաջորդ ուշագրավ տվյալն անցած ութ ամիսներին արձանագրված իրավախախտումների ցուցանիշն է: Այսպես՝ նշված ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 12 հազար 294 հանցագործության դեպք: Անցած տարի այդ ցուցանիշը եղել է 11 հազար 212: Այսինքն՝ ստացվում է, որ այս տարվա ութ ամիսներին Հայաստանում հազարով ավել հանցագործությունների դեպքեր են արձանագրվել: Ի դեպ, հիմնականում աճել են միջին ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Մասնավորապես միջին ծանրության հանցագործությունները աճել են 957-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 37-ով: Նկատենք, որ առանձնապես ծանր հանցագործություն են համարվում այնպիսիք, որոնց համար նախատեսված է տասը տարվա եւ ավել ազատազրկում: Անցած տարի ութ ամսում նման հանցագործության 107 դեպք է արձանագրվել, իսկ այս տարի այդ թիվը դարձել է 144: Այս փաստը չի կարող մտահոգիչ չլինել, քանի որ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների աճը, ինչ-որ առումով, կարող է բացատրվել սոցիալական վիճակի վատթարացմամբ: Սակայն առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը վկայում է, որ Հայաստանի հասարակության մեջ տարեցտարի ավելի խորքային եւ վտանգավոր փոխակերպումներ են տեղի ունենում, ու եթե դրանց պատճառները չվերացվեն, ապա վիճակը գնալով ավելի է բարդանալու:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ 2 ԳՅՈՒՂԱՊԵՏ
Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզում կայացան ՏԻՄ ընտրություններ: Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքում գյուղապետի երկու թեկնածու կար՝ գործող գյուղապետ Սուրեն Քոչարյանը եւ նախկին գյուղապետ Վարդան Սարդարյանը: Ընտրությունների արդյունքում Վ. Սարդարյանը ստացավ 187 քվե, Ս. Քոչարյանը՝ 162: Վերջինս Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին բողոքարկեց ընտրությունների արդյունքները եւ քվեների վերահաշվարկ կատարվեց: Սակայն վերահաշվարկի արդյունքում թեկնածուներին տրված ձայների քանակը չփոփոխվեց: Վ. Սարդարյանն ասաց, որ ինքը սեպտեմբերի 23-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից համայնքի ղեկավարի մանդատ է ստացել, եւ սեպտեմբերի 29-ից պետք է ստանձներ համայնքի ղեկավարի պաշտոնը: Սակայն ընտրություններում պարտված Սուրեն Քոչարյանը մտադիր է մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 30-ը պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար: Վ. Սարդարյանը «Ժողովրդին» ասաց, որ Լուսաձորում համայնքի ղեկավարի նախորդ ընտրությունները կայացել են 2012թ. սեպտեմբերի 23-ին: Այդ ընտրություններում կրկին համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն էին՝ 2005 թվականից համայնքը ղեկավարող Սուրեն Քոչարյանը եւ Վարդան Սարդարյանը: Վերջինս ասում է, որ նախորդ ընտրություններից հետո 4 տարի ժամկետն անցել է, ուստի սեպտեմբերի 29-ից ինքը պետք է ստանձներ համայնքի ղեկավարի պաշտոնը: Վ. Սարդարյանի խոսքերով՝ Ս. Քոչարյանը հանձնում-ընդունում չկատարելով՝ ասում է, որ 2008թ. ՏԻՄ ընտրությունները կայացել են հոկտեմբերին, հետեւաբար ինքը պետք է համայնքապետի պաշտոնը նորից ստանձներ 2012թ. հոկտեմբերից եւ այդ պաշտոնում պետք է աշխատի 4 տարի՝ մինչեւ 2016թ. հոկտեմբեր: Վ. Սարդարյանն այլ համայնքների վատ փորձը աչքի առաջ ունենալով՝ մտավախություն ունի, որ հեռացող գյուղապետ Սուրեն Քոչարյանը մինչեւ հոկտեմբերի 30-ը Լուսաձորում նոր գործարքներ կիրականացնի: Վ. Սարդարյանը հայտնեց, որ միաժամանակ 2 գյուղապետի խնդիր կա նաեւ Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար համայնքում: Հարկ է, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ իրավասու պետական այլ մարմին վերջ դնի այս խառնաշփոթին:

 

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾՈՒԽ ՍՆԱՆԿ ԳՈՐԾԱՐԱՆԻՑ
Տարբեր ընկերությունների կողմից ներկայացված, գումարներ բռնագանձելու պահանջներով քաղաքացիական հայցերի հիման վրա Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016թ. մարտի 21-ի վճռով «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ն ճանաչվել է սնանկ: Խորհրդային տարիներին Իջեւանի բենտոնիտ կոմբինատում աշխատում էին հարյուրավոր մարդիկ, այն Իջեւանի շրջանի ամենահզոր ձեռնարկություններից էր: Հոկտեմբերի 4-ին կոմբինատի արտադրամասից ծուխ էր բարձրանում, արտադրվում էր բենտոնիտի փոշի: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք գործարանը կվերահառնի վատթար վիճակից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԳՈՒՄԱՐ՝ ԱԳՆ-ԻՆ
ՀՀ կառավարությունը առաջիկայում արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի ավելի քան 46 մլն դրամ: Նշված գումարով նախատեսվում է կազմակերպել սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը: Այն նվիրաբերության կարգով կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս որոշման մասին նախագիծը այսօր ՀՀ կառավարության նիստին կներկայացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

 

ՄՈՏ 6 ՄԼՆ ԴՐԱՄ՝ «ՍԻԲԻՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ոչ ռեզիդենտ հանդիսացող ««Սիբիր» ավիաընկերություն» ԲԲԸ-ը դիմել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ գումար փոխհատուցելու խնդրանքով: Բանն այն է, որ ընկերությունը պահանջում է փոխհատուցել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին, ԱՊՀ տարածքում ընկերության կողմից զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցելու հետեւանքով 2016 թվականի 2-րդ եռամսյակում չստացված եկամուտները: Ինչի արդյունքում նախատեսվում է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով մոտ 6 մլն դրամ հատկացնել:

 

 

ՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՅՈՒՍԻՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը ամրացված 126 անվանումով, թվով 814 հատ գույք կամրացվի եւ կնվիրվի այլ գերատեսչությունների: Նշենք, որ նշված գույքը ավելի քան 47 մլն եւ ավելի քան 5.5 մլն դրամ մնացորդային արժեք ունի: Նշվածից 73 անվանումով թվով 615 հատ գույք մոտ 4 մլն 300 հազար դրամ մնացորդային արժեքով կամրացվի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը կամրացվի 14 անվանումով թվով 34 հատ գույք՝ ավելի քան 10 մլն մնացորդային արժեքով: Նշենք, որ 30 անվանումով թվով 117 հատ գույք՝ մոտ 7 մլն 200 հազար դրամ սկզբնական արժեքով սեփականության իրավունքով կհանձնվի ԿԳՆ-ի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններին: Իսկ, ահա, 9 անվանումով թվով 50 հատ գույք՝ 941 հազար դրամ արժեքով ԿԳՆ-ն կնվիրի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ՀԿ-ին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ նշված գերատեսչութուններին եւ կազմակերպություններին ԿԳՆ-ի կողմից հիմնականում կամրացվի եւ կնվիրվի աղբամաններ, գրապահարաններ, տեսամագնիտաֆոն, չհրկիզվող պահարան, հեռուստացույց, օդորակիչներ եւ այլն:

Ս. Հ.




Լրահոս