ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղի բնակիչներն արդեն մի քանի տարի է` խմելու եւ ոռոգման ջրի խնդիր ունեն: Տեւական ժամանակ է, ինչ այս գյուղի 18 ընտանիքները խմելու ջուրը գնում են, իսկ ոռոգման ջրի համար ամսական հսկայական գումարներ են վճարում:
Թալինի տարածաշրջանի Թլիկ գյուղը գտնվում է հայ-թուրքական սահմանամերձ շրջանում: Այն մարզկենտրոնից 72 կմ հեռավորության վրա է: Թլիկի բնակիչները հիմնականում զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Ապրելով Ախուրյանի ձախ ափին՝ թլիկցիները տարիներ շարունակ չեն կարողանում լուծել իրենց ջրի խնդիրը, ինչի արդյունքում եզդիաբնակ գյուղից ընտանիքները հեռանում են: Նշենք, որ Թլիկը ունի ոչ միայն խմելու եւ ոռոգման ջրագծերի խնդիր, այլեւ գյուղամիջյան ճանապարհների, քանի որ դրանք քարուքանդ վիճակում են: Թլիկի բնակիչները կարողանում են ապրել բացառապես իրենց վաճառած կաթից, պանրից եւ մածունից ստացված գումարով: Եկամտի որեւէ այլ աղբյուր նրանք չունեն:
Թլիկի գյուղապետ Սլավիկ Սաղոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ խմելու ջրի խնդիրը սկսվել է դեռեւս 1993-94 թվականներից, երբ Հակո գյուղից դեպի Թլիկ ձգվող ջրագիծը քանդվել է, իսկ խողովակները՝ անհայտ մարդկանց կողմից ապամոնտաժվել: Հիմա բնակիչներն իրենց խմելու ջուրը ստիպված գնում են: Եւ 40 լիտրի դիմաց նրանք վճարում են 350 դրամ: «Ամսվա մեջ 3 անգամ մեծ ցիստեռնով ջուր են բերում ու վաճառում: Մարդիկ էլ իրենց որքան անհրաժեշտ է, գնում են: Մարդ կա՝ 100 լիտր է գնում, մարդ էլ կա՝ 40 լիտր: Դա միայն խմելու ջրի համար է: Իսկ ոռոգման համար այլ աղբյուրից ենք օգտվում եւ ավելի շատ գումար ենք վճարում»,- ներկայացրեց գյուղապետ Սաղոյանը:
Նա նաեւ նշեց, որ ջրի բացակայությունը այլ՝ կենցաղային խնդիրներ է առաջացնում. մարդիկ չգիտեն, թե ինչ ջրով լողանան կամ իրենց հագուստը լվանան: «Գոնե որեւէ մեկը օգնի, ֆինանսավորի՝ խողովակներ տեղադրեն, որպեսզի ջուր ունենանք: Հնարավոր է նաեւ մեկ այլ տարբերակ. ֆինանսավորեն՝ հորատում անելու համար, որովհետեւ արտեզյան ջրի աղբյուր կա գյուղում, ուղղակի գումար չկա, որպեսզի դա փորենք եւ ջուր ունենանք: Մոտ 4 տարի առաջ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց գյուղ եւ նախկին գյուղապետին հանձնարարեց զբաղվել խնդրով՝ հորատում անել՝ արտեզյան ջուրը հանելու համար: Բայց գյուղապետը այդ խնդրի լուծումն ականջի հետեւ գցեց եւ դրա փոխարեն այլ ծրագիր բերեց ու դրանով դպրոցի մի մասը վերանորոգեց»,- «Ժողովուրդ»-ին պատմեց Թլիկի գյուղապետ Սաղոյանը: Նա նաեւ հայտնեց, որ այս թեմայի շուրջ ինքը դեռեւս չի զրուցել մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ:
Ներկայումս ոռոգման ջուր ունենալու համար Թլիկի բնակիչները հավաքվել են եւ միացյալ միջոցներով գյուղի տարածքում ջրի պոմպ տեղադրել: Այս տարբերակով հանված ջուրը, սակայն, թլիկցիները կարողանում են միայն իրենց եղջերավոր անասուններին տալ, իսկ հողատարածքները ոռոգելու համար այն չի բավականացնում, ավելի ճիշտ՝ չափազանց թանկ հաճույք է դառնում: Ամսվա մեջ 7 անգամ են պոմպը աշխատեցնում, ինչի համար յուրաքանչյուր ամսվա վերջին վճարում են 60-70 հազար դրամ գումար: «Ամսվա մեջ 7 անգամ պոմպով հողի տակից ջուր ենք քաշում, որ անասուններին ջրենք: Գյուղացիներով գումար ենք հավաքում, ընդհանուր վճարում ենք այդ 60-70 հազար դրամը: Դեսից-դենից հավաքում ենք ու վճարում: Իսկ մեր տնամերձ հողատարածքները ընդհանրապես չենք կարողանում ոռոգել: Անձրեւի հույսին ենք»,- լրացրեց գյուղապետը:
Ի դեպ, նշենք, որ Թլիկի հարեւան Արտենի, Գետափ գյուղերի բնակիչները նույնպես խմելու ջրի խնդրի առաջ են կանգնած: Արտենիում խմելու ջուրը մարդիկ ստիպված գնում են: Իսկ Գետափի բնակիչները հիմնականում արտեզյան ջրով են իրենց կենցաղային կարիքները հոգում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
368 ԲՆԱԿԻՉ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Վանաձորում 88թ. երկրաշարժի հետեւանքով մինչ օրս բազմաթիվ անօթեւաններ կան, որոնց մի մասն ապրում է մետաղե վագոն-տնակներում, մի մասն էլ՝ հանրակացարաններում, որտեղ խնդիրներն անհաշվելի են:
Շենքային անմխիթար պայմաններ՝ կիսաքանդ պատեր, կաթող առաստաղներ, հաճախակի խցանվող կոյուղատար: Տարբեր վարքի տեր տասնյակ ընտանիքներ ապրում են կողք կողքի տարիներ շարունակ: Վանաձորում գործող երկու հանրակացարանների վիճակի մասին զրուցեցինք քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանի հետ. «Ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու խնդիրները կարգավորելու նպատակով մենք 2002թ-ին վարձակալեցինք Ուսանողական 14 հասցեում գտնվող շենքը ու այն դարձրեցինք հանրակացարան, որտեղ ներկայումս բնակվում է շուրջ 74 ընտանիք»:
Քաղաքապետարանի պաշտոնյայի ներկայացմամբ՝ նշված հանրակացարանը շուրջ 6 ամիս անց ամբողջությամբ բնակեցվել է, մինչդեռ անօթեւանների թիվը Վանաձորում նվազելու փոխարեն ավելացել է, ինչի պատճառով Վանաձորի քաղաքապետարանը դիմել է կառավարություն՝ Երեւանյան 90 հասցեում գտնվող շենքը եւս հանրակացարան դարձնելու նպատակով:
Կառավարության հետ համատեղ 25 մլն դրամով նախկին դպրոցի մասնաշենքը վերակառուցվել ու վերածվել է հանրակացարանի: Այստեղ ներկայումս բնակվում է 55 ընտանիք: Ի տարբերություն ուսանողական հանրակացարանի՝ Երեւանյան 90 հասցեի հանրակացարանը առավել քան անբարեկարգ է: Նախորդ տարի քաղաքապետարանի կողմից որոշակի բարեկարգման աշխատանքներ իրականացվել են, սակայն պայմանները, որտեղ ապրում են անօթեւան ընտանիքները, մեղմ ասած, նորմալ չեն, ինչի մեղավորները, ըստ Պառավյանի, նաեւ հանրակացարանում բնակվողներն են, ովքեր որեւէ պահպանման աշխատանք չեն կատարում: Պառավյանը որպես համեմատության օրինակ նշում է ուսանողական հանրակացարանը, որը, ըստ նրա, առավել քան լավ վիճակում է ի շնորհիվ բնակիչների. «Երեւանյան 90 հանրակացարանում նախորդ տարի մեծ աշխատանքներ իրականացվեցին՝ շուրջ 3 մլն դրամի չափով, բայց, ցավոք սրտի, նշված հանրակացարանի բնակիչները լավ չեն պահպանում շենքն ու իրենց ընդանուր օգտագործման տարածքները»,-ասում է նա:
Երկրաշարժից հետո տնակային ավաններում բնակություն հաստատած, այնուհետ տարիներ շարունակ հանրակացարանում ապաստանած ընտանիքների մի մասը նշում է, թե հոգու խորքում սպասում են, որ մի օր էլ իրենք ու իրենց երեխաները կկարողանան նորմալ պայմաններում ապրել: Միեւնույն ժամանակ անվերջ բողոքներ գրելու հետ մեկտեղ շատերն անգամ հանրակացարանի սենյակի համար են ուրախ, քանի որ ըստ նրանց՝ գոնե տանիք ունեն իրենց գլխին ու վարձ չեն տալիս: Թե վերջապես հանրակացարանների բնակիչները երբ կկարողանան ամբողջությամբ ապահովվել բնակարաններով, որեւէ մեկը չգիտի: Հավելենք, որ հանրակացարաններում ապրող ընտանիքներից շատերը երբեւէ բնակարան չեն ունեցել, մի մասն էլ ունեցել է, սակայն ինչ-ինչ պատճառներով վաճառել:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր
ԿԵՂԾ ԲԺԻՇԿՆԵՐԸ
Մոտ մեկ ամիս առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Գուգարք գյուղում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու քաղաքացի՝ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի բնակիչներ, ազգաբնակչությանը ներկայանալով որպես բժիշկներ, Գուգարք գյուղում բժշկական ծառայություններ են իրականացրել, մինչդեռ այդ քաղաքացիները իրականում ո՛չ բժիշկ են եղել, ո՛չ էլ անգամ բուժակի նվազագույն պատրաստվածություն ունեցել:
Կատարվածի հետ կապված Լոռու մարզային քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված՝ խարդախության հատկանիշներով: Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունները՝ հայտնելով հետեւյալը. «Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղի եւ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչները, չունենալով բժշկի մասնագիտություն, Լոռու մարզի Գուգարք գյուղում, բազմաթիվ անձանց ներկայանալով որպես բժիշկներ, նախապես հերթագրել, այնուհետեւ կազմակերպել են նրանց առողջության համակարգչային հետազոտում եւ նշված անձանցից միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել զգալի չափերի գումարներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քննությամբ պարզվել է, որ նշված հետազոտությունը կատարվել է «Rofes» կոչվող սարքի միջոցով, նման եղանակով հետազոտման են ենթարկվել նաեւ ՀՀ այլ տարածքների բազմաթիվ բնակիչներ: Բացի այդ՝ պարզվել է, որ հետազոտությունից հետո հետազոտվողներին հայտնվել է հայտնաբերված հիվանդությունների (հստակ ախտորոշման) մասին, եւ դրանց բուժման նպատակով կատարվել են դեղորայքային նշանակումներ: Կատարվում է քննություն, որի արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասված է կոմիտեից մեզ տրամադրված հաղորդագրության մեջ:
Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իբրեւ բժիշկներ ներկայացած քաղաքացիները գյուղապետից տարածք են խնդրել, որը տրամադրվել է, սակայն կարճ ժամանակ անց համայնքի ղեկավարը ոստիկանությունից տեղեկացել է, որ իրականում գործ ունեն խարդախների հետ. «Մեկ ամիս առաջ էր, եկան, տարածք խնդրեցին, որ իբր քաղաքացիներին հետազոտեն, մենք էլ աջակցեցինք, հետո պարզվեց, որ տենց մարդիկ են,-ասաց նա ու հավելեց,-«բժիշկները» հետազոտել են ոչ միայն Գուգարքի բնակչությանը, այլ նաեւ Վանաձորի եւ հարակից համայնքների ազգաբնակչությանը»:
Քննչական կոմիտեից հրաժարվեցին առավել մանրամասն տեղեկություն տրամադրել՝ քննությանը չվնասելու նկատառումով: Միայն պարզեցինք, որ ներկայումս հստակեցվում է տուժած քաղաքացիների շրջանակն ու թվաքանակը, նշանակված են մի շարք փորձաքննություններ:
Իսկ Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք տեղեկություն չունեն կատարվածի վերաբերյալ, եւ իրենց որեւէ մեկը նշված հարցով մինչ օրս չի դիմել:
«Ժողովուրդ»-ին չհաջողվեց կապ հաստատել իբրեւ բժիշկներ ներկայացած քաղաքացիների հետ: Առաջիկայում մենք կփորձենք ներկայացնել նաեւ տուժած անձանց տեսակետն ու այլ մանրամասներ:
Հ.Գ. Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս պահի դրությամբ որեւէ մեկին դեռեւս մեղադրանք չի ներկայացվել:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր