Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Վանաձորում անակնկալ ոչինչ տեղի չունեցավ. ՀՀԿ-ին հաջողվեց քաղաքապետի իր թեկնածու Մամիկոն Ասլանյանի համար ապահովել նորընտիր ավագանու 19 անդամի քվե: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկեց ավագանու ընդամենը 14 անդամ: Սա այն դեպքում, երբ շաբաթ օրը ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) եւ «Լուսավոր Հայաստանը», որոնք միասին վերցրած ունեին 18 մանդատ, հուշագիր էին ստորագրել Վանաձորի ավագանու ընտրություններում համատեղ հանդես գալու վերաբերյալ: Իսկ իշխանական կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, համատեղ 15 ավագանի ուներ:
Բայց պարզվեց, որ ոչ իշխանական ուժերի մեջ «առնետներ» կային, քանի որ 18 ավագանուց 4-ը ՀՀԿ-ին ընտրեց թաքուն: Էդմոն Մարուքյանն ասաց, որ առաջիկա բոլոր քվեարկությունները բաց են լինելու, եւ բոլորը կբացահայտվեն: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք նախապես պայմանավորված հատուկ նշումով են քվեարկել եւ կարող են ապացուցել, որ Քրիստ Մարուքյանին են ձայն տվել: Այնուհետեւ «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե առաջիկայում կապացուցի, որ իր մեջ չեն «առնետները»: Թե ինչպես, պարզ չէ:
Բայց այսքանից հետո ՀՎԿ ներկայացուցիչներ Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հավաքվել էին ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբոր ռեստորանում. ՀՀԿ-ական Բաղդասարյանների հետ ուրախ, զվարթ ճաշում էին:
Մինչդեռ Վանաձորում ոչ իշխանական ուժերը հանգիստ կարող են սկզբունքայնություն դրսեւորել, կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնել եւ օրումեջ անվստահություն հայտնել նորընտիր քաղաքապետին. ի վերջո, ոչ իշխանականների մանդատներն ավելի շատ են: Ու քանի դեռ նրանք այդ խնդիրը չեն լուծել, ստացվելու է, որ նշված կուսակցություններն ընդամենը դերասանություն էին անում` «ընդդիմադիր» կերպարով հանդես գալու համար:
ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, 3-րդ հանրապետության օրենսդիր մարմնում 83 օրենքներ հեղինակած Վիկտոր Դալլաքյանը 4 տարվա լռությունից հետո այսօր Մամուլի ազգային ակումբում ժամը 12:00-ին ասուլիս է հրավիրել, որի ընթացքում կհայտարարի քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս այս տարվա հուլիսի 7-ին գրել էր, որ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում պատրաստվում է կուսակցություն ստեղծել, բայց դեռ չի շտապում բարձրաձայնել այդ մասին: Նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակը տեղակայված է լինելու Հանրապետության 39 հասցեում՝ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի գրասենյակների հարեւանությամբ: Ավելի ուշ մամուլը գրեց, որ Վիկտոր Դալլաքյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ է իրականացնելու քաղաքական գործունեությունը, այն էլ՝ ընդդիմադիր դաշտում: Ի դեպ, ըստ լուրերի` Դալլաքյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ»:
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկված անձանց մի մասին նա իր գրպանից է վճարելու: Այս հանգամանքը նա հաստատել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: Նախարարից հետաքրքրվեցինք նաեւ` ճի՞շտ է, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունում սկսել են ռուսերենով խոսել, որպեսզի Ձեզ դուր գան, Ալթունյանը խոստովանեց, որ ինքը հայերենին վարժ չի տիրապետում եւ նոր է փորձում զարգացնել իր հայերենը. «Ասեմ, որ զգում եմ նման բան եւ ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ՝ չնայած ԵՏՄ-ին…»: Փաստորեն Հայաստանի կառավարության անդամը մեր պետական լեզվին նորմալ չի տիրապետում: Ի դեպ, լուրեր կան, որ ՀՀ կառավարության անդամներին ընտրելիս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական նախապայմանը եղել է թեկնածուների` ռուսերենին գերազանց տիրապետելը:
Հայաստանում գործում են 9 ապահովագրական ընկերություններ, որոնց գործունեության հետ կապված բողոքները հիմնականում վերաբերում են «ԱՊՊԱ»-ի հետ կապված խնդիրներին: Սակայն «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ քաղաքացուց, որը պատմեց ապահովագրական ընկերության կողմից բոլորովին այլ տեսակի չարաշահման մասին: Մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ ինքը «Արմենիա ինշուրանս» ընկերությունում առողջության ապահովագրություն է ձեռք բերել՝ արտերկիր մեկնելու համար: Սակայն, երբ արտերկրում գտնվելիս նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել, այդպես էլ չի կարողացել իր ապահովագրական ծառայությունից օգտվել: Ավելին` Հայաստան վերադառնալուց եւ փոխհատուցում ստանալ փորձելուց հետո պարզվել է, որ իր տվյալները նշված ապահովագրական ընկերության բազայում նշված չեն: Այս դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է «Արմենիա ինշուրանս» ընկերությունը մարդուն ապահովագրական գրքույկ տվել, եւ այդ փաստաթուղթը որքանո՞վ է իրական: «Արմենիա ինշուրանս»-ից պարզաբանում ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Պարզվեց՝ տնօրինությունը նման հարցերով չի զբաղվում:
ԱՆՄՇԱԿՈՒՅԹ
Հատկապես սահմանադրական փոփոխությունների ընթացում իշխանությունները մշտապես խոսում էին Հայաստանում նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու մասին: Տակավին, օրերս էլ Սերժ Սարգսյանը կառավարությունում ունեցած իր ելույթում ասաց, թե մարդիկ ամբողջովին չեն պատկերացնում՝ ինչ ծավալի փոփոխություններ են լինելու մեր իրականությունում՝ նոր Սահմանադրության պայմաններում: Մարդիկ, իհարկե, չեն պատկերացնում, քանի որ հենց երեկվա Վանաձորի եւ Գյումրիի ավագանիների քվեարկությունների արդյունքում վերստին համոզվեցին, որ եթե փոփոխություններ լինեն էլ, ապա դրանք կապ չեն ունենալու սահմանադրության հետ:
Սակայն քաղաքական նոր մտածողության առավել խորքային դրսեւորումներից զատ, ինչին գնալու քաղաքական կամքի լիակատար բացակայությունն այլեւս որեւէ կասկածի տեղիք չի թողնում, ուշագրավ է, որ այս իշխանությունը չի ցանկանում անգամ առավել մակերեսային, տեսանելի հարթությունում նոր քաղաքական մշակույթի բաղադրիչներ ներմուծել:
Կիրակի երեկոյան, օրինակ, ԱՄՆ-ում կայացավ նախագահության թեկնածուներ Հ. Քլինթոնի եւ Դ. Թրամփի երկրորդ հեռուստատեսային բանավեճը: Ինչպես գիտենք, նախագահական դեբատները սովորաբար լրջագույն նշանակություն են ունենում ընտրությունների արդյունքների վրա: Մեզանում, սակայն, հրապարակային քաղաքականության այդ կարեւորագույն բաղադրիչը, իբրեւ այդպիսին, գոություն չունի: Ընդ որում, խոսքը միայն նախագահական դեբատների մասին չէ, որոնք այդպես էլ ՀՀ 25-ամյա պատմության ընթացքում չկայացան, բացառությամբ մեկ դեպքի՝ 2003թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Ռ. Քոչարյան-Ս. Դեմիրճյան հեռուստաբանավեճի անհաջող փորձի: Դրանից զատ եւս մեկ հիշարժան բանավեճ եղավ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ այն ժամանակ «թունդ ընդդիմադիր» Արտաշես Գեղամյանի միջեւ, որից ի վեր այլեւս հայ հանրությունն առհավետ մոռացավ երկրի առաջին, երկրորդ եւ, անգամ, հինգերորդ դեմքերով հանրային դեբատների մասին:
Եվ ուշագրավն այն է, որ այսօր ոչ միայն իշխող ՀՀԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն են լրագրողների հրավերներին ի պատասխան ասում՝ մենք բանավեճերին չենք մասնակցում, այլեւ իրենց ընդդիմություն հայտարարած ուժերի ղեկավարները՝ ԲՀԿ, ՕԵԿ (ՀՎԿ), ՀԱԿ, ՔՊ, ԼՀ, «Համախմբում» եւ այլն: Այս մոտեցումն այլ կերպ, քան վախկոտություն եւ արհամարհանք հանրային կարծիքի հանդեպ՝ դժվար է բնութագրել: Քանզի եթե քաղաքական գործիչը վստահ է իր սկզբունքների, գաղափարների եւ կարողությունների վրա, նա չպետք է որեւէ խնդիր ունենա այդ ամենը ուղիղ եթերում դրսեւորելու՝ իր քաղաքական ընդդիմախոսի հետ դեմ առ դեմ: Մեզանում, սակայն, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները նախընտրում են առանձին-առանձին «աքլորանալ», ապա հանրության աչքից թաքուն՝ գնալ՝ միասին ուտել-խմելու: Ահա այսպիսին է ՀՀ-ում քաղաքական մշակույթը: